ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ի առաջարկը կարող է 100 տարով փակել Հայաստանի կարիքները․ Կալուգին
Tue, 12 May 2026 13:23:33 +0400

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է փակել հանրապետության կարիքները հաջորդ մեկ դարի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե հայկական ղեկավարությունը ցանկանար, կփակեր երկրի էներգետիկ կարիքները հաջորդ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար։ Միևնույն ժամանակ, այն էլեկտրաէներգիայի էժան սակագներ կապահովեր վերջնական սպառողի համար, ինչը, բացի մնացած ամեն ինչից, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,-ասել է նա։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանը համաշխարհային ատոմային տեխնոլոգիաների ոլորտում առաջատարն է և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար կարևոր այնպիսի ոլորտում, ինչպիսին էներգետիկան է։
Կալուգինի պնդմամբ, Ռուսաստանին և Հայաստանին միավորում են անվտանգության ոլորտում պարտավորությունները, մինչդեռ Եվրամիությունը Երևանին որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում այս ոլորտում։
Հիշեցնենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։
Իսկ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր