Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Ավետիս Առաքելյանը արձակուրդում է և հնարավոր է` չվերադառնա. ինչ է սպասվում Գյումրիին

Ավետիս Առաքելյանը արձակուրդում է և հնարավոր է` չվերադառնա. ինչ է սպասվում Գյումրիին

Tue, 12 May 2026 14:15:52 +0400


Գյումրու փոխքաղաքապետ, ներկայում քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, արդեն մի քանի օր է գտնվում է արձակուրդում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Առաքելյանը արձակուրդը վերցրել է հենց նախընտրական քարոզարշավին ամբողջությամբ ներգրավվելու նպատակով։
Վերջին օրերին նա թիմակիցների հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շրջելով մարզերով, հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ և մասնակցելով տարբեր քաղաքական նախաձեռնությունների։

Առաքելյանի բացակայության ընթացքում նրան փոխարինում է Գյումրու երկրորդ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, որը ոչ միայն Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն ու տարեկիցն է, այլև նախկինում ևս զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը՝ դեռ Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս ընթացքում քաղաքի կառավարումը չի տուժում։ Ավելին՝ մեր ներքին աղբյուրների փոխանցմամբ, Մանուկյանը բավականին խստապահանջ ղեկավար է, ավելի պահանջկոտ է բաժնի ղեկավարների նկատմամբ և քաղաքային խնդիրներին մոտենում է առավել հետևողականությամբ։ Սակայն առավել հետաքրքրական և միաժամանակ խճճված զարգացումները կարող են սկսվել արդեն հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն տարբերակը, ըստ որի՝ Ավետիս Առաքելյանն այլևս չի վերադառնա քաղաքապետարան։ Բանն այն է, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, ինչը բավական մեծ հնարավորություն է տալիս պատգամավորական մանդատ ստանալու համար։

Մեր տեղեկություններով՝ գրեթե որոշված է, որ մանդատ ստանալու դեպքում Առաքելյանը դրանից հրաժարվելու մտադրություն չունի։
Այս դեպքում արդեն հարց է առաջանում՝ արդյոք քաղաքի կառավարումը շարունակելու է իրականացնել Գագիկ Մանուկյանը, թե Գյումրիում հնարավոր են նոր քաղաքական վերադասավորումներ։ Շատ բան կախված է լինելու նաև ընտրություններից հետո ձևավորվելիք ընդհանուր քաղաքական իրավիճակից։Եթե ընդդիմության համար քաղաքական գործընթացները բարեհաջող ավարտ ունենան և հնարավոր դառնա իշխանափոխությունը, ապա Գյումրիում շատերը վստահ են, որ ներկայում կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կրկին կվերադառնա իր պաշտոնին և առնվազն առաջիկա տարիներին կշարունակի ղեկավարել քաղաքը։
Քաղաքական դաշտում արդեն շրջանառվում են մի քանի հնարավոր սցենարներ։ Դրանցից մեկի համաձայն՝ եթե Վարդան Ղուկասյանը չվերադառնա քաղաքային իշխանություն, ապա «Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կփորձեն անել հնարավոր ամեն ինչ՝ ի վերջո Գյումրիի կառավարումը վերահսկողության տակ վերցնելու համար։

Մյուս սցենարը վերաբերում է հենց ընդդիմադիր դաշտի ներսում հնարավոր զարգացումներին։ Գաղտնիք չէ, որ Մարտուն Գրիգորյանը քաղաքային իշխանությունը բավական բարդ ու լարված պայմաններում փոխանցեց Վարդան Ղուկասյանին։ Իսկ վերջինիս կալանավորումից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ խոսակցություններ շրջանառվեցին, թե Գրիգորյանը առաջարկել է քաղաքի կառավարումը փոխանցել իրենց թիմին։

Ուստի չի բացառվում, որ առաջիկայում հենց ընդդիմադիր ուժերի ներսում ևս սկսվի ազդեցության և կառավարման համար պայքար։
Թե ի վերջո ինչ զարգացումներ կլինեն Գյումրիում ընտրություններից հետո, առայժմ դժվար է կանխատեսել։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի ոտ շուտ ճամփեինք, Արցախը չէր տա

Մի ոտ շուտ ճամփեինք, Արցախը չէր տա Mon, 11 May 2026 14:40:08 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով