Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Մայիսի 28-ի շքերթը կեղծ պապիկի պես մակե՞տ է լինելու․․․

Մայիսի 28-ի շքերթը կեղծ պապիկի պես մակե՞տ է լինելու․․․

Thu, 14 May 2026 13:15:29 +0400


Քանի օր է՝ չեմ կարողանում մոռանալ մի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մի քաղաքացու։ Քաղաքացին չի վերցնում բուկլետը, տված քարտեզն էլ ուզում է նետել աղբարկղը։ Փաշինյանն ասում է՝ եթե պետք չէ, տվեք։ Բայց հարցը դա չէ։ Ամեն պահ նման դրվագներ են լինում, և դրանք արդեն ոչ մեկին չեն զարմացնում։
Բոլորովին այլ բանի մասին եմ խոսելու։

Քաղաքացին, որը ներկայացավ Եղիազարյան ազգանունով, իրականում ձևակերպում էր այն, ինչ այսօր մտածում է հասարակության մեծ մասը։ Ոչ ոք այլևս Նիկոլ Փաշինյանին չի հավատում։ Նույնիսկ նրանք, որոնք պինդ բռնած են նրան ու նրա հետ շրջիկ կրկես են խաղում, ներսում էլի չեն հավատում։ Պարզապես այլ ելք չունեն։

Երբ քաղաքացին Փաշինյանին հարցնում է՝ «Ի՞նչ եք արել», նա սկսում է պատմել, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ժողովուրդը կտեսնի նոր բանակ, նոր ռազմատեխնիկա։ Ասում է՝ այնքան երկար շարասյուն է լինելու, որ դուք կարող եք նույնիսկ հրապարակ չհասնել, ձեր կանգնած տեղից նայել։ Ասում է նաև՝ հանձնարարել եմ չհեռացնել տեխնիկան, որ դուք և ձեր նման հարգելի քաղաքացիները գաք, տեսնեք, բայց ձեռք չտաք։ Ձեռք չտաք։
Ու հենց այստեղ է ամենացավոտ պահը։
Քաղաքացին, մի պահ շփոթված, հարցնում է՝ «Մակե՞տ է»։

Սա սովորական կասկած չէր։ Սա մեկ մարդու հարց չէ։ Սա այն անվստահությունն է, որը տարիներով կուտակվել է մարդկանց մեջ ու հիմա արդեն ինքնաբերաբար դուրս է գալիս նույնիսկ ամենասովորական խոսակցության ժամանակ։

Միայն մի օրինակ բերեմ։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկին» ներկայացրեց ժողովրդին ու լացացրեց մի ամբողջ երկիր։ Հետո պարզվեց՝ այդ մարդը հերոս Աբաջյանի պապիկը չէ, այլ ոստիկանության նախկին աշխատակից։ Տարիներ շարունակ այս իշխանությունը մարդկանց կերակրել է կեղծ հույզերով, բեմադրված տեսարաններով, հաշվարկված արցունքներով։
Ու հիմա եկել հասել ենք մի կետի, երբ այլևս ոչ ոք չի հավատում։
Ոչ Նիկոլի լացին,
ոչ նրա ծիծաղին,
ոչ նրա երդումներին,
ոչ նրա «նոր Հայաստանին»,
ոչ նրա «նոր բանակին»։
Եվ հենց դրա համար էլ քաղաքացին բնազդաբար հարցնում է՝ «մակե՞տ է»։
-Վա՜յ դուք այդքան անհարգալից եք մտածում մեր մասին, իբր թե զարմանում է Փաշինյանը։ Եվ սա ասում է մեկը, ով հերոսի պապիկի կեղծ մակետն էր ներկայացրել։ Եվ քաղաքացու անվստահությունը այդ օրվանից է բխում՝ Մայիսի 28-ի շքերթը կեղծ պապիկի պես մակե՞տ է լինելու․․․

Երբ իշխանությունը երկար տարիներ իրականությունը փոխարինում է ցուցադրությամբ, կեղծ պատկերներով, մի օր ժողովուրդը սկսում է կասկածել անգամ իրականին։

Պարծենում ես նոր ստեղծած բանակով, նոր տեխնիկայով, շքերթով, բայց այդ ընթացքում Հայաստանի սուվերեն տարածքները շաքարավազի պես հալվում են հակառակորդի բաժակի մեջ։ Ու մարդկանց համար արդեն կարևոր չէ, թե ինչ ես ցուցադրելու հրապարակում։ Նրանք առաջին հերթին ուզում են հավատալ, որ այս պետությունը դեռ պաշտպանված է, դեռ արժանապատիվ է, դեռ չի վերածվել միայն գեղեցիկ դեկորացիայի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նույն խոսույթն է, նույն պահվածքը, ինչ Արցախի դեպքում էր, հիմա՝ արդեն Սյունիքի շուրջ

«Հրապարակ». Նույն խոսույթն է, նույն պահվածքը, ինչ Արցախի դեպքում էր, հիմա՝ արդեն Սյունիքի շուրջ Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով