Այս անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը
Sat, 16 May 2026 20:15:34 +0400

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է։
– Նիկոլ Փաշինյանը երեկ՝ քարոզարշավի ժամանակ լեզվակռվի մեջ մտավ Գեղարքունիքի մարզում 15 ողջ-ողջ այրված զինծառայողներից մեկի մոր հետ։ Որդեկորույս մայրը պատասխան էր պահանջում Փաշինյանից, թե ինչո՞ւ այրվեցին տղաները։ Կնոջ պնդմամբ՝ զինվորներին դիտավորյալ այրել են։ Վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները փոխարենը որդի կորցրած մոր դրության մեջ մտնելու և նրան կարեկցելու, սկսեցին ծափահարել ու լեզվակռիվ տալ կնոջ հետ։ Նախընտրական այս փուլում նման միջադեպերը ի՞նչ ազդեցություն են թողնում քաղաքական պրոցեսների վրա։
– Ես կարծում եմ, որ նման իրադարձությունները, նման անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Բոլոր նրանք, ովքեր չեն կողմոնորշվել մինչ այս պահը, թե որ ուժին տան իրենց քվեն, հաստատապես այս անբարոյական պահվածքը հաշվի առնելով իրենց քվեն չեն տալու Փաշինյանին։ Մետրոյում արցախցի կնոջ հետ տեղի ունեցածն էլ իր ազդեցությունը թողեց։ Մարդիկ շատ ուշադիր են նման միջադեպերի նկատմամբ։ Մինչև հունիսի 7-ը հանրության չկողմնորոշված հատվածը վերջնականապես հասկանալու է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է իրենից ներկայացնում։ Մեր ժողովուրդը իմ համոզմամբ ճիշտ ընտրություն է կատարելու։
– Ընտրություններին մնացին հաշված օրեր։ Ընդհանուր առմամբ ի՞նչ գնահատական կտաք նախընտրական քարոզարշավին, ընդդիմադիր լիդերներին ուղղված Փաշինյանի սպառնալիքներին և այլն։
– Ոչ մի զարմանալի բան չկա, այս մարդը 2018 թվականից նույն բանն է կրկնում։ Նա իշխանության է եկել հայ ժողովրդին պառակտելու, սև ու սպիտակի բաժանելու համար։ Ութ տարի նա միայն այս հռետորաբանությամբ է խոսել ներքաղաքական օրակարգում, սակայն ատաքին աշխարհում, մեր պոտենցիալ հակառակորդներին միայն ու միայն քծնել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր