«Հրապարակ». 73 ադրբեջանցի ցուցմունք է տվել «սխալ» Դավիթ Գալստյանի դեմ
Thu, 21 May 2026 13:15:22 +0400

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից հանդես էր եկել ուղերձով, որտեղ, խոսելով շինծու դատավարությունների մասին, հայտնել էր նաեւ, որ հարցաքննության ժամանակ ցույց են տվել ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը եւ ասել, որ հայտնի մաֆիոզ է, զենք է վաճառում։ Բաբայանի խոսքով՝ 73 վկա վկայություն է տվել նրա դեմ․ «Հետո ես ասացի, որ Դավիթ Գալստյանը որեւէ կապ չունի զենքերի հետ, խառնվեցին իրար, գնացին, պարզվեց, որ խոսքը Պատրոն Դավիթի մասին է։ Ես ասել եմ, որ դա ուրիշ Դավիթ Գալստյան է, գնացին, մի երկու ժամ հետո եկան ասեցին` փոխել ենք, կասեք` փրկել ենք Գալստյան Դավիթի կյանքը»։ Սա խոսում է այդ քրեական վարույթի խայտառակ ընթացքի եւ կեղծիքների մասին, որոնք առկա են քրգործում, որով Արցախի ղեկավարությանը ցմահ ազատազրկումներ են տվել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնեց, որ ծանոթ է Դավիթ Բաբայանի ուղերձին․ «Մեր հայրենակիցները, ովքեր Ադրբեջանում պատանդ են, այնտեղից պայքարում են եւ փորձում են անգամ օգտակար լինել մեզ՝ բոլորիս։ Բայց Դավիթ Բաբայանի ուղերձն այն մասին է, որ շինծու գործեր են կարում բոլոր հայերի վրա՝ Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանի օրվա իշխանությունը որեւէ գործնական քայլի չի դիմում՝ այդ շինծու դատավարության դեմն առնելու համար։ Եվ, ինչպես տեսնում եք, Հայաստանի օրվա իշխանությունը նույն ձեռագրով շարունակում է շինծու գործեր կարել մարդկանց վրա, ինչպես 18 արդարների, այնպես էլ ուրիշների մասով։ Ցավալին այն է, որ մենք այսօր Հայաստանում չենք կարող օրենքով մեզ ապահով զգալ, քանի որ օրենքը գործում է մեկ մարդու կամքին համահունչ, այլ ոչ թե սահմանադրությանը կամ օրենսգրքին»։
Գալստյանը չբացառեց, որ իր դեմ այդ կեղծ՝ 73 ցուցմունքի պարագայում հետագայում կարող է ինքը երկրից դուրս կամ, ինչու չէ` նաեւ Հայաստանի ներսում թիրախավորվել. «Իհարկե, կա այդ մտավախությունը, բայց այսօր քանի որ օրվա իշխանությունները զբաղված են իրենց իշխանական աթոռները պահելով, ՀՀ քաղաքացիները, այդ թվում մենք՝ բռնի տեղահանվածներս, պաշտպանություն չենք տեսնում օրվա իշխանության կողմից։ Այդ հարցին առայսօր որեւէ կերպ պետական պատկան մարմիններից չեն արձագանքել, եւ չի բացառվում, որ ՀՀ սահմանից դուրս խնդիրներ ունենամ»։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այս հարցով դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, Գալստյանն արձագանքեց․ «Ցավոք, ես այսօր չեմ կարող ՀՀ տարածքը լքել, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից իմ ՍԷԿՏ-ը փակ է, երբ որ Հայաստանում վերջ կդրվի իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներին, իհարկե, այդ ժամանակ արդեն իսկ ես կփորձեմ հասկանալ` եթե իշխանությունը որեւէ քայլ չի անելու, ես անձնապես՝ իմ հնարավորություններով կփորձեմ ճշտել, թե ինչ կարող եմ անել։ Հատկապես իմ դեպքում այլ մարդու նկար են դնում եւ այնպիսի գործերի մասին են խոսում, որն իրականության հետ կապ չունի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր