Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ 3 գործողություն են արել

«Հրապարակ»․ Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ 3 գործողություն են արել

Tue, 26 May 2026 09:15:47 +0400


Մայիսի 23-ին «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սիրահոժար տվեց թույլտվությունը` հո իզուր չէ՞ Նիկոլ Փաշինյանն իր նախկին լրագրող, նախկին օգնական Վահագն Հովակիմյանին նման բարձր պաշտոն տվել` ԿԸՀ նախագահ: Որից հետո իրավապահները գիշերը Անդրանիկ Թեւանյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին մեկուսարան: Այս պահին նա ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում է:

Թե ինչ էր քննարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 9 ժամ տեւած նիստի ժամանակ, որից հետո հայտարարեցին, թե բավարարել են դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից, պարզ չէ։ Իսկ դատախազությունը հայտարարեց, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլեւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը: Թեւանյանը, հիշեցնենք, մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով։ Նա մեղքը չի ընդունում, հետապնդումը համարում է քաղաքական` միտված ԲՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին խոչընդոտելուն։

Քննչականը հայտարարում է, որ Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, եւ երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, որը, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թեւանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թ. ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստից հետո պատգամավորները հայտարարել էին, որ ոչ մի գաղտնի բան չի խոսվել նիստի ժամանակ: Ձերբակալվելուց առաջ Թեւանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, ասել, որ այդ ժամանակ պատգամավոր չի եղել եւ նման կազմակերպության մասին էլ լսած չկա: Բայց իրավապահները չեն բացահայտում, թե 2024-ին Թեւանյանն ում միջոցով ու կոնկրետ ինչ տեղեկություններ է ստացել եւ փոխանցել ռուսական կազմակերպությանը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:

Թեւանյանի պաշտպան Արամ Օրբելյանին հարցրինք, թե իր պաշտպանյալը քրգործով միա՞կ մեղադրյալն է, կարո՞ղ է մեղադրյալների շրջանակն ընդլայնվել․ իշխանական քարոզիչներից մեկը երեկ գրել էր, որ նիստից տեղեկատվություն հանողն ավելի վտանգավոր հանցագործ է, քան կալանավորվածը: Օրբելյանն ասաց. «Ինձ հայտնի չէ, որ ուրիշ մարդ լինի, բայց չեմ կարող մենաբանել, ընդամենը եղել է 3 գործողություն՝ ձերբակալություն, մեղադրանքի առաջադրում եւ կալանքի միջնորդություն, բացահայտելու հնարավորություն չունեմ, պետական եւ նախաքննական գաղտնիքի լույսի ներքո խիստ կարգավորումների դաշտում ենք»։

– Իսկ ՔԿ-ն նշո՞ւմ է, թե կոնկրետ ինչ տեղեկություններ է փոխանցել։

– Որպեսզի սկսեմ բացատրել, պետք է գործի դետալներ ասեմ Ձեզ, Ձեզ մոտ էլի հարցեր են առաջանալու, ոնց որ այդ հարցերին էլ պետք է պատասխանեմ, դրանց պատասխանեմ, ստացվելու է, որ գործը պատմեցի։ Մի բան կարող եմ ասել, որ ե՛ւ ՔԿ-ում, ե՛ւ կալանքի հարցի քննարկման ժամանակ առնվազն այն նյութերի ծավալը, որը տրվել է, շատ հստակ ասել ենք՝ գործ չկա ստեղ: Իրենք նույնիսկ իրենց մեջ չեն կարողանում հասկանալ՝ ինչում են մեղադրում, պետական գաղտնի՞ք է, թե՞ չէ, փոխանցե՞լ է, չի՞ փոխանցել։ Ավել բան չեմ կարող ասել՝ նաեւ պաշտպանական մարտավարությունից ելնելով, լրջագույն խնդիրներ եմ տեսնում՝ այդ գործի հետ կապված։ Ամենալրջագույնը ժամանակագրությունն է, հիմա էլի չեմ կարող շատ պարզաբանել, բայց առաջիկայում դրան անդրադարձ կկատարենք, ժամանակագրություն ասելով նկատի ունեմ ընտրություններից 2 շաբաթ առաջ, ըստ էության, ինքը կուսակցության 2-րդ համարն է, դրանով խոչընդոտվում է ֆիզիկապես ընտրարշավին մասնակցությունը, կասկածի տակ է դրվում ընտրությունների արդար ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Mon, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով