Փաշինյանին ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրն է հետաքրքրում, ո՛չ էլ ՀՀ պետականությունը․ ՌԴ Պետդումայի խոսնակ
Tue, 02 Jun 2026 14:57:44 +0400

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նա օգտագործում է երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ Եվրամիությանը միանալու իր կուրսն առաջ մղելու համար։
«Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու համար։ Նա փորձում է լուծել իր բոլոր խնդիրները ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին», – գրել է Վոլոդինը։
Նրա հայտարարության պատճառը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Փաշինյանի այն պնդումն է, թե ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի, վարդի համար», որը սահմանափակումների պատճառով չի մատակարարվի Ռուսաստան։
Պետդումայի խոսնակը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները չեն տեղեկացնում հանրությանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում «բնակիչների համար գազի գները կբարձրանան գրեթե չորս անգամ», Ռուսաստանից անդրսահմանային դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, և հայկական արտադրանքի, այդ թվում՝ բանջարեղենի, մրգերի, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կարող են դադարեցվել։
«Նույն բանը տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ Երբ որոշում կայացվեց ԵՄ-ին ինտեգրվելու մասին, նրանք մեկ բան ասացին։ Իրականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, արգելված էր եվրոպական շուկաներում», – հայտարարել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակի խոսքով՝ «նույնը սպասում է նաև Հայաստանին»։
«Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին միացնելու վերաբերյալ և կատարում է այն։ Միևնույն ժամանակ, նա փորձում է միանալու բոլոր ծախսերը տեղափոխել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա», – նշեց նա։
Ըստ Պետդումայի խոսնակի, «ակնհայտ է, որ նրան չի հետաքրքրում ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը, ո՛չ էլ Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում նա կարծում է, որ այսպես կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը բարձր կլինի…»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր