Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը
Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400

Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում է լրտեսական, մի հարցում իշխանության եւ ընդդիմության միջեւ կոնսենսուս կա: Խոսքը Հայաստանի եվրաինտեգրման մասին է: Եվրաինտեգրման վերջնական հանգրվանը Հայաստանի ԵՄ անդամակցությունն է:
Նոյեմբերի 3-ին Փաշինյանը Բրյուսելում էր եւ եվրոպական լսարանի առաջ հարցազրույց էր տալիս՝ խոսում էր Հայաստանի ԵՄ անդամակցության ցանկության եւ պատրաստակամության մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ կներկայացնի, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որքանով է դա իրատեսական, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել։ 2028 թվականը նույնպես կարող է իրատեսական լինել»։ Ստացվում է, որ ընդամենը երկու ամիս հետո Հայաստանը կարող է նման հայտ ներկայացնել: Ընդ որում, Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հասկանում է՝ Հայաստանի միաժամանակյա անդամակցումը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի են, եւ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել: Այստեղ կարեւորը «ստիպված» բառն է, նշանակում է՝ եթե ստիպված չլիներ, Փաշինյանը պատրաստ էր միաժամանակ երկու միությունում էլ լինել: Նույն պահին պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանն ուզում դառնալ ԵՄ անդամ, Փաշինյանը շատ հուզական պատասխան տվեց. «Եթե դու ժողովրդավարական երկիր ես, ցանկանում ես լինել ժողովրդավարական ակումբում, որովհետեւ կան շատ բաներ քննարկելու, իմանալու, որոշելու եւ կիսվելու»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչ բարոյական իրավունքով է երկրում հարյուրավոր քաղհալածյալներ եւ տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող երկրի ղեկավարը խոսում ժողովրդավարությունից ու ժողովրդավար լինելուց, եւ հարցազրուցավարը չի ընդհատում, չի առարկում դրան, կա ավելի տրամաբանական հարց՝ ինչո՞ւ ժողովրդավարությունն այդքան գնահատող Փաշինյանը մինչեւ հիմա դուրս չի եկել բռնապետների հավաքածու ԵԱՏՄ-ից, ինչո՞ւ է խոսում ստիպված եւ ոչ թե կամավոր ընտրության մասին: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը չի հասցնի ստիպված ընտրություն կատարել, եւ նրան ստիպողաբար կհեռացնեն բռնապետների ակումբ ԵԱՏՄ-ից՝ չհանդուրժելով նրա այդքան ժողովրդավար լինելը:
Իսկ հիմա՝ իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսի մասին։ Նույն օրը, երբ Փաշինյանը ելույթ էր ունենում Բրյուսելում, ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանը» ներկայացնող ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանն ընդունում է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին եւ, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, ողջունելով դեսպանին՝ ասում է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, հայկական կողմն արժեւորում է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները, եւ շնորհակալությամբ ընդգծում Բուլղարիայի ակտիվ աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում։
Արամ Վարդեւանյանին կամ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ իր ամբողջության մեջ, Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես Կրեմլից ուղարկված լրտեսներ, ռուսական գործակալական ցանց` ԱԴԾ գործակալներ, ովքեր իբր ծառայում են Մոսկվայի նպատակների իրագործմանը` ընդդեմ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության: Բայց եթե դա իսկապես այդպես լիներ, Արամ Վարդեւանյանը եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները պետք է ոչ թե խոսեին եվրաինտեգրման կարեւորության մասին եւ ԵՄ անդամ երկրի դեսպանին շնորհակալություն հայտնեին այդ գործում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցում, այլ ընդհակառակը՝ պետք է խոսեին ԵՄ-ին անդամակցության հեռանկարի դեմ եւ ընդգծեին ԵԱՏՄ-ում մնալու առավելությունները: Գրեթե նույնը կարելի է ասել խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության`«Հայաստան» դաշինքի մասին, որի անդամները եւս հանդես չեն գալիս իշխանության եվրաինտեգրման մղումների դեմ:
Միակ քաղաքական ուժը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հստակ եւ աներկբա հանդես էր գալիս Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու գաղափարի դեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հանդիպումների ժամանակ հայտարարում էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը հանգեցնելու է տնտեսական խնդիրների եւ ճգնաժամի: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Ծառուկյանը, ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ այժմ կալանավորված են, մեղադրվում են կեղծ ու քաղաքական հոդվածներով: Անդրանիկ Թեւանյանը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու, այսպես կոչված՝ «Գաղտնի պլանի» հոդվածով, որը Հայաստանում իշխանափոխության օրինական ծրագիր էր, ոչ ավելին:
Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է ռուսական լրտեսական ցանցի մաս լինելու մեջ՝ այն հույսով, որ դա կարող է իրեն օգնել՝ ստանալու Արեւմուտքի աջակցությունը՝ ընդդիմության դեմ բռնաճնշումներն արդարացնելու հարցում: Իրականում, ԵՄ-ն ինքն է վերածվում մի բռնապետության, որտեղ հազարավոր մարդկանց են կալանավորում՝ բողոքի ցույցերին մասնակցելու եւ փողոցային անկարգություններ հրահրելու համար: Եվրոպական ժողովրդավարությունը հիմնված էր եվրոպական բարեկեցության վրա, մարդիկ լավ էին ապրում եւ բողոքելու առիթ չունեին, հիմա, երբ բարեկեցությունը պակասում է, ավելանում է նաեւ բողոքը՝ վատ կյանքից եւ հարստության անարդար բաշխումից, ինչը զսպելու միակ ձեւը բռնությունն է: Այնպես որ, Փաշինյանը կարող է հանգիստ լինել. ինքը գնում է այնտեղ, ուր արդեն բռնությունն իշխանություն պահելու միակ գործիքն է դարձել, եւ իրեն ընդունելու են որպես հարազատի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր