Յուրայինների համար՝ ամեն ինչ, թշնամիների համար՝ օրենք
Sat, 06 Jun 2026 17:15:04 +0400

«Յուրայինների համար՝ ամեն ինչ, թշնամիների համար՝ օրենք» արտահայտությունը վերագրվում է Իտալիայի բռնապետ, ֆաշիստական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Բենիտո Մուսոլինիին: Ով հայտնի է նաև որպես «դուչե», այսինքն՝ առաջնորդ (իտալերեն): Զարմանալի է, բայց իտալացի «դուչեի» այս արտահայտությունը կյանքի նորմ դարձավ նաև Հայաստանում և հատկապես «գունավոր հեղափոխությունից» հետո: Այնինչ, որպես ստաժավոր ընդդիմադիր, ենթադրում էի, թե 2018-ի գարնանը Սերժ ենք մերժում հենց այդ մտածողությունից ազատվելու նպատակով: Պարզվեց, սակայն, շատ ճիշտ էր ոստիկանության գնդապետ Թամամյանը, ով Ավետիքենց ասել էր, որ ոստիկանության առաջնային խնդիրն իշխանությանը ծառայելն է: «Դուք կդառնաք իշխանություն, մենք կծառայենք ձեզ»,- ավելացրել էր ինքը: Դրա մասին տասականներին ինձ հայտնել է հենց Ավետիք Իշխանյանը: Ով ավելի քան մեկ տարի առաջ լքեց այս աշխարհը:
Փաստորեն, Հայաստանը վերածվեց «ժողովրդավարության բաստիոնի», սակայն կարգ ու կանոն պահպանելու փոխարեն ոստիկանությունը շարունակեց ծառայել իշխանությանը: Բայց այս անգամ «ժողովրդավարական» կոչված իշխանությանը: Ինչն առավել բացահայտ է երևում հենց նախընտրական այս օրերին: Ոստիկանություն ասելով պետք է հասկանալ ընդհանրապես ողջ իրավապահ համակարգը: Ասենք, քննչական կամ հակակոռուպցիոն կոմիտեն, որոնց աշխատակիցները շարունակ ընտրակաշառքներ տրամադրելու փորձեր են «հայտնաբերում» ընդդիմադիր քաղաքական ուժերի և հատկապես առաջատար ուժի ներկայացուցիչների շրջանում: Բայց ոչ մի անգամ նման երևույթ «չնկատեցին» գործող իշպխանության պարագայում, թեև այդ մասին բարձրաձայնել էին օբյեկտիվ և չեզոք լրատվականները: Ինչ է սա, եթե ոչ իտալացի «դուչեի» բարձրաձայնած կարգախոս-պատվիրանի իրագործումը:
«Թշնամիների համար՝ օրենք» տարամաբանությունն առկա է ոչ միայն իրավապահների գործունեության մեջ, այլև սոցիալական ցանցերում: Կեսօրին Ֆեյսբուք մտնելս ու անմիջապես մի օգտատիրոջ նյութը դիտարկելը մեկ եղավ: Ով, բնականաբար, գովազդում էր իշխող քաղաքական ուժի համարը: Ու դա կրկնելով մի քանի անգամ ու մի քանի ձևով՝ ցույց տալով, իբրև թե խոսքն այլ երևույթների մասին է: Եթե նման բան աներ որևէ ընդդիմադիր, ապա անմիջապես կբացահայտվեր ու կստանար վարչական տուգանքի վերաբերյալ ծանուցագիրը: Բայց քանի որ այդ անձը գործող իշխանության քարոզիչն էր, նրան ոչինչ էլ չի պատահի: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ կասկածելի հեռախոսային խոսակցություններ են շրջանառվում քննչականների կողմից ու դրանց հիման վրա մարդիկ են ձերբակալվում, իսկ հետո կալանավորվում, իսկ ակնհայտ հակաօրինական գործողություն կատարած իշխանավորները դուրս են մնում իրավապահների ուշադրությունից: Որպես դրա վկայություն հիշենք ապօրինի գործողություն կատարելու վերաբերյալ հեռախոսային հրահանգ-հաղորդագրության հրապարակումը քաղաքական ուժերից մեկի ղեկավարի կողմից:
Ի դեպ, կարծում եմ, որ իմ նկատած ֆեյսբուքյան գրառումը միակը չէ: Չնայած չեմ էլ փորձել ավելին փնտրել լրահոսում, քանի որ 2021-ից այս կողմ իմ ֆեյսբուքյան ընկերական նախկին ցանկից մնացել են շատ քչերը: Որովհետև մինչև 2018-ի իշխանափոխությունը այդ ցանկի երևի երեք քառորդը կամ ավելին այն երիտասարդներն ու տարեցներն էին, որ հետո համալրեցին իշխանության այս կամ այն կառույցը: Ի դեպ, նախկինում ևս գոյություն ուներ «լռության օր» հասկացությունը, բայց այն համատարած խախտվում էր: Ու դա, բնականաբար, արվում էր ընդդիմության կողմից, սակայն չեմ նկատել, թե պետբյուջեն գոնե ինչ-որ չափով լցվեր այդ բնույթի գործողությունից գեներացված տուգանքներից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր