Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

Sun, 18 Oct 2026 23:52:45 +0400


«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր խաղաղության մոդելի խմբագրումներով:

2026թ. հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը մինչև 2031 թվականն իր կարևորագույն նպատակն է։

Թերևս, արժե անդրադառնալ Փաշինյանի մի քանի նախկին հայտարարությունների՝ ցույց տալու համար դրանց և նրա այսօրվա պնդումների կոնտրաստը:

2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված, միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը հանրությանը ներկայացնում էր «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքը՝ իր հաղթանակը կապելով խաղաղության անշրջելիության հետ։ Այժմ նույն իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկում է մինչև 2031 թվականը լուծվելիք խնդիր։

Իրականում կոնտրաստ է առաջանում իշխանության նախընտրական և հետընտրական հռետորաբանության միջև ու նաև լեգիտիմ և տրամաբանական հարցադրում՝ եթե խաղաղությունն արդեն անշրջելի է, ապա ինչո՞ւ պետք է դրա իրավական ամրագրումը ձգվի ևս հինգ տարի։

Ես գիտեմ, որ անմիջապես հնչելու է իշխանության հակափաստարկը՝ խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ համաձայնագրի ստորագրումն ընդամենը իրավական ընթացակարգ է։

Միանգամից պատասխանեմ՝ փաստացի խաղաղությունը և երաշխավորված խաղաղությունը նույնը չեն: Այո՛, ռազմական գործողությունների բացակայությունը դրական իրողություն է։ Սակայն դա ինքնին չի նշանակում, որ բացառվել է ուժի կիրառման վտանգը կամ ձևավորվել է փոխադարձ պարտավորություններով ամրագրված կայուն խաղաղություն։

Մյուս կարևոր հանգամանքը՝ Փաշինյանը ժամանակացույց է սահմանում մի գործընթացի համար, որի հանգուցալուծումը միայն իրենից կախված չէ:

Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։

Հետևաբար, Փաշինյանը չի կարող միակողմանիորեն երաշխավորել համաձայնագրի ստորագրման ժամկետը։

Նա անգամ չի կարող երաշխավորել, որ կարող է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել՝ Բաքվի պահանջով. վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը նրան նոր Սահմանադրություն ընդունելու մանդատ չի տվել:

Բայց Փաշինյանի քաղաքական նպատակի իրականացման տեսանկյունից ավելի խնդրահարույց է Բաքվի դիրքորոշումը:

Եթե Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը շարունակաբար պայմանավորվում է Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական փոփոխություններով, ապա Բաքուն պահպանում է նաև նոր նախապայմաններ առաջադրելու լծակը՝ նույնիսկ եթե ներկայիս սահմանադրական պահանջը բավարարվի։ Սա ավելի հստակ է դարձնում «շարունակական զիջումների» ռիսկը։

Խնդիրն ունի նաև փոխադարձության բաղադրիչ:

Հայաստանը մտադիր է շատ արագ վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը ու ձեռնամուխ լինել այս ծրագրի իրականացմանը՝ թեև անհասկանալի է, թե ինչպես է այս նախագիծն իրականություն դառնալու ԱՄՆ-Իրան փաստացի պատերազմի և Թեհրանի ու նաև Մոսկվայի հնարավոր հակազդեցության պայմաններում:

Այնուամենայնիվ, եթե տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի իրականացման գործընթացներն առաջ են շարժվում, մինչդեռ խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է անորոշ, առաջանում է փոխադարձության հարց։ Ստացվում է՝ Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ, բայց չի ստանում համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային երաշխիքներ:

Փաշինյանի կողմից 2031թվականի հիշատակումն ունի նաև ներքաղաքական համատեքստ և այս խնդիրը իշխանության նպատակներին ծառայեցնելու միտում:

Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել մի ժամկետ, որն ուղղակիորեն համընկնում է հաջորդ ընտրական ցիլկի հետ և արդյո՞ք խաղաղության թեման նա չի շահարկում՝ իշխանության պահպանման չարամիտ նպատակով: Խաղաղության օրակարգը շարունակում է օգտագործվել իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար, որովհետև քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն այլ կռվան չունի:

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մինչև 2031 թվականը ձգվող խաղաղության հերթական խոստում, այլ իրական և երաշխավորված խաղաղություն, որի անշրջելիությունը պայմանավորված չի լինի ո՛չ Փաշինյանի իշխանության հարատևմամբ, ո՛չ էլ Ալիևի «բարի կամքով»»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Sun, 18 Oct 2026 15:17:29 +0400 Հայ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով