Ուրբաթ , 26 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ

Fri, 26 Jun 2026 08:45:45 +0400


«Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե՛ ԵՄ-ում, թե՛ Թուրքիայում, թե՛ Ասիայում»,- կառավարության նիստի ժամանակ երեկ նման անսպասելի հայտարարություն է արել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայկական գյուղատնտեսական ապրանքների հանդեպ, մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ ծաղիկների նոր շուկաների փնտրտուքն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, օրինակ՝ Եվրոպական Միության շուկայում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում, ինչպես նաեւ՝ անմիջական հարեւան երկրներից Թուրքիայում: Փորձնական եւ գուցե նաեւ հետագայի պոտենցիալով արտահանում արվում է, չեմ կարող թաքցնել, եւ իմաստ էլ չունի, այո, լոգիստիկ խնդիրներ առաջանում են, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել բիզնեսներին։ Ես էլ եմ կարծում, որ այս մարտահրավերով հանդերձ, մեզ համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով, տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում եւ պլանավորում էինք, դա հայկական արտադրանքի բազմազանեցում է»,- նշել է Միրզոյանն ու հավելել՝ վերջին մարտահրավերները Հայաստանում լուրջ ճգնաժամի չեն վերածվել, եւ թվերը դրա մասին են վկայում: Իհարկե, ճգնաժամի վերածվել են, թե չեն վերածվել՝ դա միայն գյուղմթերք արտադրողներն ու արտահանողները կասեն: Մենք անդրադառնանք մեր գյուղմթերքի հանդեպ այլ երկրների «մեծ հետաքրքրությանը»:
Ինչպե՞ս կարող է գյուղմթերքի խոշոր արտահանող Թուրքիայում մեծ հետաքրքրություն լինել հայկական գյուղմթերքի նկատմամբ՝ հարցրինք տնտեսագետ Գագիկ Մակարյանին:

Գուցե Միրզոյանի ասածի տակ այլ բան կա, օրինակ` Թուրքիայում քողարկված նպատակներ կան, դիցուք՝ հայկական գյուղատնտեսությունը խժռելու իմաստով։ Տնտեսագետը չբացառեց, որ Թուրքիայում կարող է հետաքրքրություն առաջանալ մեր «արեւաբույր» մրգերի ու բանջարեղենի նկատմամբ, բայց չթաքցրեց, որ այդ հետաքրքրությունն իսկապես ռիսկեր է պարունակում։ «Մեր մրգերն ավելի համեղ են ու արեւաբույր եւ պարարտանյութերի տեսանկյունից էլ ավելի չափավոր են, օրինակ՝ ծիրանը կամ ելակը: Նրանց ծիրանները համեղ չեն, մեր ծաղիկներն էլ կարող են հետաքրքրել, որովհետեւ հայկական չեն` եվրոպական են։ Բայց խնդիրն ուրիշ է, բոլոր պաշտոնյաները փորձում են համոզել, որ ճգնաժամ չկա ներկա իրավիճակով՝ արտահանումների սահմանափակումներով պայմանավորված, բայց այդպես չէ»,- ասաց Մակարյանը՝ նշելով, որ, նախ, ամառը նոր է սկսվել, եւ միրգ-բանջարեղենի իրացման ծավալներն օրեցօր ավելանալու են, հետեւաբար՝ դեռ վաղ է ուրախանալը, որ ճգնաժամ չկա․ «Հիմա արդեն տուժել են փոքր ֆերմաները, որոնք մինչեւ 5-10 տոննա ծիրան կամ լոլիկ են ստանում, որովհետեւ իրենք խոշոր ֆերմաներ չեն, չունեն սերվերներ, լոգիստիկա, որ կարող են մեքենաները սառնարաններով որտեղ ուզեն` ուղարկեն։ Նրանք հիմնականում վաճառում էին, եւ բերքը Ռուսաստան էր գնում, հազարավոր նման փոքր ֆերմաներ տուժել են, քանի որ նաեւ պետությունից սուբսիդիաներ չեն ստանում։ Կարծում եմ, որ ճգնաժամը հասունանում է, քանի որ բերքի քանակը նոր պետք է ավելանա»։

Խոսելով հայկական գյուղատնտեսությունը խժռելու վտանգների մասին՝ Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ինքը բարձրաձայնել է Թուրքիայից սպասվող վտանգների մասին. «Դա միայն այն չէ, որ Թուրքիայից ապրանքներ են բերում այստեղ, այլ այն, որ Թուրքիան սկսի մխրճվել մեր տնտեսության մեջ․ դրանք շատ տարբեր մոդելներ են։ Մեր պաշտոնյաները մինչեւ վերջերս խոսում էին, թե առեւտուրն առանձնապես մեծ վտանգներ չի ներկայացնում՝ որքան ենք բերում, ինչքան կավելանա, բայց Թուրքիայի էքսպանսիան տնտեսական առումով է վտանգավոր լինելու։ Հիմա եթե իրավիճակները սրվեն, եւ ֆերմերները տեսնեն, որ տակ տվեցին, ու հեռանկար չունեն իրենց ինտենսիվ այգիները կամ ջերմոցները, իրենք կարող են դա վաճառել։ Իսկ ո՞վ ասաց, որ թուրքական որեւէ մեկը չի ցանկանա ձեռք բերել: Մանավանդ որ Թուրքիան շատ վարպետացած է Եվրամիության արտահանումների մեջ, Թուրքիան դեռ 90 թվականներից եվրոպական մթերքների 40 տոկոսից ավելն էր ապահովում, հիմա՝ գրեթե կեսը։ Ուստի նա կարող է վերցնել մեր տնտեսությունը, քանակներն ավելացնել, բայց ամենակարեւորը՝ էքսպանսիա անի, ջերմոցներ կառնի, այգիներ, մի տեղում փայատեր կդառնա, հետո հնարավոր է անշարժ գույքի շուկա մտնի եւ այլն: Այդ բնակարանները վաճառի իր ուզած ազգերին, մարդկանց։ Եթե մտածում էինք երկաթգիծ, ճանապարհներ բացել, այդ տարբերակները ե՛ւ լավ, ե՛ւ ռիսկային կողմեր ունեն, որովհետեւ, ինչպես նշեցի, թուրքական էքսպանսիան կարող է մեծանալ եւ տնտեսապես գրավելով, ներդրումներ կատարելով՝ ձեռք բերի մեծ գույք եւ տնտեսության մեջ դառնա որոշիչ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հակաուտոպիայի հայկական տարբերակը

Հակաուտոպիայի հայկական տարբերակը Thu, 25 Jun 2026 18:45:05 +0400 Մի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով