Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Բագրատ Խանդավառ սրբազան տեռորիստը

Բագրատ Խանդավառ սրբազան տեռորիստը

Fri, 26 Jun 2026 20:15:43 +0400


Երեւի շատերը չհասկացան «Բագրատ Խանդավառ» դիմելաձեւի ծագումը, որով այսօր հալածվող հոգեւորական Բագրատ սրբազանին ողջունեց նրա հոգեւոր եղբայրը՝ հալածվող Միքայել սրբազանը։ Լսել եմ, որ Միքայել սրբազանը վաղուց է այդպես կնքել նրա անունը, որովհետեւ նա տասնամյակներ շարունակ միացել է անարդարության դեմ տարբեր նախաձեռնությունների, միշտ նույն խանդավառությամբ, վստահությամբ եւ հույսով՝ կանգնել պայքարող երիտասարդների կողքին։ Այնտեղ էր նաեւ «Էլեկտրիկ Երեւան» շարժման ժամանակ։ Միքայել սրբազանը, որը նույնպես բոլոր իշխանությունների օրոք սուր քննադատական խոսք է ունեցել, նրան այդ ակտիվ ու հուսավառ բնավորության համար «Խանդավառ» էր անվանել։

Բագրատ Խանդավառ սրբազանը գնում էր ոչ միայն պայքարին միանալու՝ հանուն արդարության, այլ նաեւ ուզում էր լինել երիտասարդ ընդդիմադիր բողոքավորների կողքին՝ ֆիզիկապես ապահովելու եւ պաշտպանելու նրանց։ Եվ «Խանդավառ» ածականը հենց հիշեցրեց, թե պայքարի ինչ ճանապարհ է անցել Բագրատ սրբազանը։ Սակայն այսօր, մեր օրերում, երբ իբրեւ թե ժողովրդավարության գագաթնակետին ենք, նրան կալանավորեցին, կեղծ մեղադրանքներ առաջադրեցին եւ, «Խանդավառ»-ից բացի, արդեն «տեռորիստ» կարգեցին։ Փաստորեն, նախկին «բռնապետական» Հայաստանում պայքարելն ավելի հնարավոր էր, ավելի ապահով էր եւ անվտանգ, կարելի էր լինել հոգեւորական եւ կանգնել պայքարի առաջին շարքում ու, այդքանով հանդերձ, լինել միայն «Խանդավառ», այլ ոչ՝ «ահաբեկիչ»։
Հիմա արդեն ոչ ոք չի կարող կասկածել, որ այդ մեղադրանքը կեղծ էր, անհիմն ու հորինված։ Ինչպե՞ս կարող են ահաբեկչություն նախապատրաստող մարդու խափանման միջոցը փոխել եւ թույլ տալ, որ նա շրջի քաղաքում, գնա եկեղեցի ու ողջագուրվի իր ոչ պակաս «վտանգավոր» ընկերոջ հետ։

Դուք ո՞ւմ տեսաք երեկ ազատության մեջ՝ ողջագուրվելիս․ գուցե երկու պատկառելի եւ հարգարժան հոգեւորականների, գուցե երկու կարոտած ընկերների, գուցե երկու վտանգավոր ահաբեկիչների, իսկ գուցե երկու հալածյալ հայերի, որոնք պայքարում են հանուն ինքնության, հավատի ու արժանապատիվ գոյության։ Ի՞նչ տեսան ձեր մարդկային աչքերը, եւ ի՞նչ գնահատեցին ձեր քաղաքականացված հայացքները՝ այս պահին կարող է տարբեր կերպ ընկալվել, բայց մի բան պարզ է․ ոչ մի մեղադրանք նրանց նկատմամբ չի հաստատվել, եւ ոչ ոք ներողություն չի խնդրել ու, վստահաբար, մոտ ապագայում էլ չի խնդրի այդ մարդկանց երկարատեւ անազատության համար։

Իսկ նրանք անազատության մեջ հալածվում էին միայն ֆիզիկապես։ Նիհարել են, ծերացել, բայց հավատը նրանց հոգին ազատ է պահել, եւ դրա համար էլ նույն խանդավառ ու հանգիստ հոգեւոր հայրերն են, ինչպիսին եղել են միշտ։ Ազատ մարդուն ազատել կամ կալանավորել հնարավոր չէ․ դրանք պայմանական վիճակներ են, որոնց միջով նրանք անցնում են՝ ավելի ազատ դառնալով։

Հոգին, սակայն, կարող է տառապել, որովհետեւ իրենց հոտից ոմանք անտարբեր են ստեղծված այս աբսուրդային իրավիճակի նկատմամբ։ Հոգին կարող է տառապել ե՛ւ բանտախցում, ե՛ւ ազատության մեջ, եւ ամեն տեղից Աստված կլսի այն հոգոցը, որը գալիս է ծանր մտքերից, տխուր խոհերից հետո։ Աստված կլսի, ուրեմն նրանք իրականում փակված չեն եղել, մենակ ու մեկուսացված չեն մնացել, եւ ազատվելն էլ նրանց հոգում ու խոհերում ոչինչ չի փոխել։
Այդուհանդերձ, ես կուզենայի բոլորի փոխարեն՝ այդ մեղադրանքները հորինողների, գործեր կարողների, այդ սարսափելի պատվերները տվողների ու իրականացնողների, նաեւ անտարբերների ու հոգով բարոյալքվածների՝ բոլոր մյուսների փոխարեն նրանցից ներողություն խնդրել այն պատմական ու հոգեբանական հանգրվանի համար, ուր հասել ենք մենք՝ Հայ առաքելական եկեղեցու զավակներս։

Հայտնի չէ, թե դեռ ինչ կարող է լինել։ Դեռ չգիտենք, թե ինչ ընթացք կարող են ստանալ նրանց աշխարհիկ անունները հոլովող դատական գործերը։ Իրավական կանխատեսելիությունը մեր օրերում իսպառ կորած է, օրենքի թելադրանքը հեռու է պարտադիր համարվելուց, այնպես որ՝ կարելի է սպասել ամեն բանի։ Դա ճիշտ է։ Բայց այս պահի դրությամբ նաեւ կարելի է դասեր քաղել այս տեսարանից եւ հասկանալ, որ որեւէ մեկին շտապելով «դավաճան» կամ «տեռորիստ» որակելը ոչ միայն անմեղության կանխավարկածն է ոտահարում, այլ նաեւ պարզապես մարդկայնորեն բարոյական չէ։ Վաղը, գուցե, եւ ամենայն հավանականությամբ՝ հաստատ, ստիպված եք լինելու ամաչել դրա համար, ներողություն խնդրել ու զղջալ։ Չէ՞ որ նախադեպերն արդեն քիչ չեն։

Եվ հույս չունենաք, թե ամեն անգամ ես պետք է ներողություն խնդրեմ ձեր բոլորի փոխարեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայոց պատմության մեջ չի եղել նման ղեկավար, որ այս աստիճան ատի այլախոհությունը

«Հրապարակ». Հայոց պատմության մեջ չի եղել նման ղեկավար, որ այս աստիճան ատի այլախոհությունը Fri, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով