Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ դատախազներ,Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,Շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի աշխատանքի գնահատման, պետական համակարգում դատախազի դերի արժևորման և հանրային կյանքում դատախազի կերպարի ընդգծման առիթ է:Աշխատանք, դեր ու կերպար, որոնք անբասիր պահելու համար ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր, առանց պաթոսի, առանց գնահատականի հաղթահարում է արտաքին և ներքին մարտահրավերներ, ու դժվար է ասել, թե դրանցից որն է ավելի բարդ: Ես վստահ եմ, սակայն, որ պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու ինքնատիրապետման արվեստն այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարհին ձեր զենքն ու վահանն են:Դատախազի նկատմամբ հանրային ակնկալիքը բարձր նշաձող ունի, դատախազին արգելված է այն, ինչն այլոց համար իրավունքների ու ազատությունների շարքին է դասվում, դատախազը կամավոր ընտրում է ինքնասահմանափակումների այդ ճանապարհը՝ հանրային բարիքին ծառայելու նպատակադրմամբ:Ուրախ եմ, որ հանրային ակնկալիքի բարձր նշաձողն ուղեկցվում է տարեցտարի Դատախազության նկատմամբ հանրային վստահության թվային ցուցանիշների աճով: Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:Հանրային վստահության այս ցուցիչն է դատախազի աշխատանքի արդյունավետության գնահատականը:Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է իր ուղին՝ որպես բարեվարք, պրոֆեսիոնալ և կայուն ինստիտուտ՝ հավատարիմ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և արդարության վերականգնման իր առաքելությանը։Այս տարի Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, մասնագիտական հաջողություններ և անսասան կամք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր