Հարի Քեյնը անկեղծացել է, խոսել կատարվածի մասին
Thu, 16 Jul 2026 12:08:22 +0400

Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը կիսվել է իր տպավորություններով աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո՝ ընդգծելով, որ թիմի համար սա չափազանց ծանր հարված էր։
Փորձառու հարձակվողի խոսքով՝ ցավալի է ոչ միայն ֆուտբոլիստների, այլև մարզչական շտաբի և երկրպագուների համար, քանի որ թիմը երկար ճանապարհ էր անցել մինչև կիսաեզրափակիչ հասնելը։ Նա նշել է, որ անգլիացիները հանդիպման մեծ հատվածում հաջող էին գործում, սակայն հաշվի մեջ առաջ անցնելուց հետո կենտրոնացան առավելությունը պահպանելու վրա, ինչը նման մակարդակի մրցաշարում բավարար չէ։
Քեյնը նաև ընդգծել է, որ ամբողջ թիմը մեծ նվիրումով և ինքնազոհությամբ է պայքարել՝ ներդնելով բոլոր հնարավոր ուժերը։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով եզրափակիչի ուղեգրից զրկվելը կրկնակի հիասթափեցնող է։
Անդրադառնալով հանդիպման ընթացքին՝ Անգլիայի ավագը նշել է, որ մինչև խփած գոլը թիմը հաջողությամբ կիրառում էր բարձր պրեսինգ, ստիպում էր մրցակցին սխալվել և վերահսկում էր խաղի ընթացքը։ Սակայն դրանից հետո նախաձեռնությունն անցավ Արգենտինային, և անգլիացիներն այլևս չկարողացան նույն ինտենսիվությամբ ճնշում գործադրել։
Քեյնի խոսքով՝ մրցակիցը սկսեց անընդհատ գրոհել, իսկ պաշտպանները մեծ նվիրումով փորձում էին կասեցնել վտանգավոր պահերը՝ արգելափակելով հարվածները։ Այնուամենայնիվ, այդ ջանքերը չբավարարեցին, և թիմը չկարողացավ պահել հաղթական հաշիվը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր