Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին

«Հրապարակ». Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին

Thu, 13 Aug 2026 10:15:01 +0400


Արդեն հայտնի է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեւորականների գործը մակագրվել է նոր դատավորի: Գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը: 29-ամյա դատավորը նոր նիստի օրը դեռ չի նշանակել: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արմավիրի առաջին ատյանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց` հրաժարվելով քննել այս գործը:

Սերժ Ռուշանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին, մինչ այդ նա աշխատել է արդարադատության նախարարությունում, դրանից առաջ՝ 2017-2020 թվականներին, «Արդարադատություն եւ իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահն է եղել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սերժ Ռուշանյանը պապիկից ու տատիկից 2025թ. հունվարին Երեւանում բնակարան է նվեր ստացել, որը մեկ ամիս հետո նվիրել է հորը՝ Արտյոմ Ռուշանյանին։ Նա 2025-ին 4 մլն դրամով վաճառել է իր LAND ROVER մակնիշի ավտոմեքենան, որը եւս նվեր էր ստացել։ Նույն տարվա ընթացքում արդեն տիրապետել է 2025թ. արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի։ Նրա բանկային հաշվին եղել է 145 հազար 247 դրամ գումար, կանխիկ ունեցել է 13 մլն 500 հազար դրամ։ Ռուշանյանն ունի հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմում է 26,3 մլն դրամ։ Նա այլ վարկեր եւս ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 13,8 մլն դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 40 մլն 598 հազար դրամ, որից 5.5 մլն դրամը վարկ է վերցրել, 4 մլն-ն՝ մեքենայի վաճառքից, 2.3 մլն-ն գոյացել է եկամտահարկի վերադարձից, 13 մլն 240 հազար դրամը՝ աշխատավարձից, իսկ 8 մլն դրամն ու 20 հազար դոլարը հարսանիքին նվեր է ստացել։ Նրա հետ համատեղ բնակվող քույրը՝ Միլենա Ռուշանյանը, նոտար Էլեն Արամյանի օգնականն է, նրա հայրն ու տատն անհատ ձեռներեց են, իսկ մայրն աշխատում է տատիկի ԱՁ-ում՝ որպես մենեջեր։

Մայրը՝ Մարգարիտա Մելքոնյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ հողամաս, որը գնել է 2014-ին, ավտոտնակ՝ գնված 2022-ին, եւ առանձնատուն՝ գնված 2024-ին։ Ունեցել է կանխիկ 3 մլն դրամ։ Իսկ սկեսուրը 107 հազար 640 դրամ աշխատավարձ է տվել։ Իսկ ահա դատավորի քրոջ՝ Միլենա Ռուշանյանի նկատմամբ տատը՝ Ալվարդ Ալոյանը, առատաձեռն է գտնվել, նրան նվիրել է 3 մլն դրամ։ Վերջինս դատավորի օգնականի պաշտոնում ստացել է 954 հազար դրամ աշխատավարձ։ Հայրը՝ Արտյոմ Ռուշանյանը, հայտարարագրել է Երեւանում գտնվող առանձնատուն, որը գնել է 2025-ին, ունի Toyota եւ Nissan մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ձեռք է բերել 2017-ին եւ 2024-ին։ Ունեցել է 25 մլն դրամ կանխիկ գումար, իսկ մայրը՝ Ալվարդ Ալոյանը, նվիրել է 5 մլն դրամ։ Դատավորի պապը՝ Սերժիկ Ռուշանյանը, թոշակառու է, հայտարարագրել է 559 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է թոշակից, կանխիկ ունեցել է 12 մլն 900 հազար դրամ։ Իսկ տատը՝ Ալվարդ Ալոյանը, հայտարարագրել է 15 մլն դրամ կանխիկ գումար, եկամուտները կազմել են 31 մլն 112 հազար դրամ, որը գոյացել է ԱՁ-ից, եւ 18 հազար 751 դրամ էլ «ԿԱՐԱՏ ԹՐԵՅԴ»-ից քաղիրավական պայմանագրով ստացած եկամուտն է եղել։ Նա ունի նաեւ 50 մլն 843 հազար դրամ վարկ։

Պարզ է, որ բարձր աշխատավարձն է դատավորների աքիլեսյան գարշապարը, հանուն որի նրանք կատարում են վերեւից իրենց իջեցված հրահանգները: Մանավանդ՝ եթե դատավորը երիտասարդ է, առավել եւս՝ որ վարկեր ունի, որոնք պետք է փակի: Այնպես որ, արտաքուստ Ս. Ռուշանյանն «ամենաճիշտ» դատավորն է, որին գտել է իշխանությունը` պատրաստ հանուն պաշտոնի եւ շահի ամենաանհեթեթ գործերը քննելու եւ իշխանահաճո որոշումներ կայացնելու: Իսկ այն, որ Վեհափառի եւ եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործն աբսուրդի գագաթնակետն է, քննարկման ենթակա չէ: Հիշեցնենք, որ նրանց պատժում են այն բանի համար, որ թեմակալ առաջնորդներից մեկին` տիրադավ Գեւորգ Սարոյանին, թեմի առաջնորդի պաշտոնից ազատել են, ապա նրան վերականգնելու դատարանի որոշումը չեն կատարել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կարմիր անձնագիր» դեռ ոչ ոք չի ստացել

«Կարմիր անձնագիր» դեռ ոչ ոք չի ստացել Tue, 11 Aug 2026 17:15:33 +0400 ՀՀ քաղաքացիները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով