Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի

Mon, 31 Aug 2026 17:15:39 +0400


Հերթական ասուլիսին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի նորություն հայտնեց, ինչը թվաց խիստ կասկածելի: Ասաց, թե կաթողիկոսը, բնականաբար, նրա աշխարհիկ անունը տալով, խմբեր է ուղարկում մարզեր, որպեսզի տեսնի հնարավոր հակաիշխանական շարժում ձևավորելու հավանականությունը: Ասեմ, որ դավադրապաշտական ու կեղծ այդ տեղեկատվությունը միտված էր, նախ, անուղեղ մարդկային զանգվածների «ուղեղները» հերթական անգամ լվանալուն: Երկրորդ, ինչն ավելի կարևոր է եկեղեցու դեմ պայքարի համատեքստում, Վեհափառ Հայրապետի անձի դեմ արշավի կազմակերպման առումով նախապատրաստական աշխատանք կատարելուն: Որովհետև խմբեր ուղարկելը բացարձակ անիմաստ ձեռնարկում կլիներ՝ հաշվի առնելով բազմաթիվ գյուղերում ու բնակավայրերում հոգևորականների առկայությունը: Եվ մի բան էլ ավելի՝ եթե նման մտադրություն լիներ, ապա այդ քայլը կարվեր այնպես, որ նույնիսկ Նիկոլի նման մեկը գլխի չընկներ:

Նույն օրն ավելի ուշ Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց այդ տեղեկատվության մեկնաբանությունը: Նախ, պարզվեց, որ ոչ թե ինչ-որ տեղեր ինչ-որ խմբեր են այցելել՝ ինչպես կարելի էր հասկանալ Նիկոլի խոսքից, այլ ընդամենը թեմերից մեկի առաջնորդն այցելել է սեփական թեմի համայնքներից մեկը: Բայց եթե այդ այցը լիներ ասենք թե հարևանությամբ գտնվող Պարույր Սևակի գյուղը, ապա դա ջղաձգության նոպա չէր առաջացնի մեր հակահերոսի մոտ: Բայց քանի որ այցի նպատակակետը Տիգրանաշենն էր, ապա այդ հանգամանքը բավարար էր, որպեսզի կարմիր լաթի դեր կատարեր վարչապետի աթոռից կառչած անձի համար:

Քանի որ Սրբազանից ավելի լավ չենք կարող ներկայացնել այցի հիմնավորումը՝ խոսքը տանք նրան: Եվ բառացի մեջբերենք «Հովվական-ճանաչողական այցը՝ հեղափոխություն» վերնագրով նրա ֆեյսբուքյան գրառման սկիզբնական մասը. «ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ։ Այս հարցին պետք է տրվի ոչ թե քաղաքական, այլ իրավական պատասխան։ Եթե նման արգելք սահմանող որևէ օրենք չկա, ապա ինչո՞ւ է մեր օրինական այցը ներկայացվում որպես քաղաքական գործողություն կամ առավել ևս՝ «նոր հեղափոխություն» կազմակերպելու փորձ»։ Մեծ հաճույքով կներկայացնեի ողջ գրառումը, բայց այն արդեն առկա է այստեղ.

Ինչևէ, վերադառնալով այցի առումով Փաշինյանի ռեակցիային՝ նկատեմ, որ դա վախեցած մարդու պահվածք էր: Մի քանի տարի առաջ հենց նույն անձը հայտարարում էր, որ ոչ մի իրավական հիմք չկա Տիգրանաշենը անկլավ բնորոշելու: Հետո, ենթադրաբար, իրավական հիմքը հայտնաբերվում է քարտեզների տեսքով:Ու ի՞նչ է մնում նրան անելու՝ եթե ոչ թշնամուն զիջելու նաև Տիգրանաշենը: Զիջելու ճիշտ այնպես, ինչպես «Հյուսիս-Հարավ» միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը և մնացած հայաստանյան տարածքները:

Չնայած, ուրիշ ինչ կարող էր անել 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն կրած՝ «չշշկռվելիք գերագույն հրամանատարը»: Ով հանուն իր պաշտոնի պահպանման՝ թշնամու առջևում վերածվեց պարտության խորհրդանիշ անձի: Ու բնական է, որ Սրբազանի այցը դեպի Տիգրանաշեն պետք է ընկալեր ոչ որպես «հովվական-ճանաչողական այց», այլ դավադրության նախապատրաստական այց: Ու մինչև հիմա քի՞չ էր անադեկվատ, այդ այցն ավելի համոզեց նրան, որ եկեղեցին փորձում է հեղափոխություն կատարել ու ձեռքից խլել իշխանությունը: Չնայած նույն ասուլիսին ու նաև մինչ այդ բազմաթիվ անգամ հայտարարում էր, որ եթե ժողովուրդը համաձայն չէ իր արածների ու ասածների հետ, իրավունք ունի հեղափոխություն անելու: Մնում է, որ ժողովուրդը լսի նրան ու իսկապես հեղափոխություն կատարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ Tue, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով