Ռուսաստանից եկել ու էլի առյուծ է կտրել․․․
Thu, 03 Sep 2026 16:15:38 +0400

Նիկոլ Փաշինյանի ձեռագրին արդեն ծանոթ պիտի լինեք։ Ռուսաստանում այլ մարդ է, Հայաստանում՝ բոլորովին այլ մարդ։ Ալիևի, Էրդողանի հետ խոսելիս՝ այլ մարդ է, մեզ հետ խոսելիս՝ բոլորովին այլ մարդ։ Բացատրելու կարիք էլ չկա, թե որտեղ իրեն ինչ կարգավիճակով է պահում։ Միայն հիշեցնեմ, որ Ռուսաստանից գալուց Հայաստանում առյուծ է կտրում ու լրագրողների հարցերը մի շնչով ուտում։
Ռուսաստանից շնչակտուր եկել՝ լրագրողների գլուխն է հավաքել, որ ասի՝ առաջ ուրիշ է եղել։ Բոլոր ղեկավարները խոնարհվել են Մոսկվային, հաճոյացել, բայց ես, քանի որ ինքնիշխան եմ, Ռուսաստանին դրել եմ երկընտրանքի առաջ։ Ու լրատվամիջոցներից էլ անուղղակի պահանջում է, որ գրեն, թե ինչպես է ինքը Ռուսաստանին դրել երկընտրանքի առաջ։
«Բա ինչի՞ վերնագիր չկա, թե՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանին»։ Գիտե՞ք՝ ինչի չկա։ Որովհետև մեր մտածողությունը շարունակում է մնալ ԽՍՀՄ կենտկոմի տրամաբանության մեջ․ վայ, Մոսկվայից զանգեցին, կոնյակ ճարեք վռազ, ով որտեղ ծանոթ ունի, Գագոյին ասենք՝ գնա, արագ հարցերը լուծի։
Պետք է լրջանանք։ ՀՀ-ին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել։ Ի՞նչ է նշանակում հանրաքվե պարտադրել։ Ես հո Խորհրդային Հայաստանի կենտկոմի քարտուղարը չե՞մ, որ կանչեն»։
Շատ լավ։ Բայց մի փոքրիկ հարց կա։ Բա էդքանը Պուտինին ասեիր։
Հայաստանում առյուծ ես կտրում։ Ռուսաստանում ինչո՞ւ այդ առյուծը չէր երևում։
Ինչո՞ւ Մոսկվայում ինքնիշխանության մասին այսքան բարձր ձայնով չի խոսվում, իսկ Երևան վերադառնալուց հետո ձայնը միանգամից մի քանի տոն բարձրանում է։
Որովհետև Հայաստանում առյուծ լինելն անվտանգ զբաղմունք է, ուժայիններով իրեն ցանկապատել է։ Այստեղ կարող է ինչքան ասես մեծ-մեծ խոսել, հետո գնալ Ռուսաստան ու ասել․ «Պուտին ջան, ինչ արել՝ քեզ համար եմ արել»։
Լրջանալ է պետք, այո, ճիշտ եք ասում։ Բայց, ինչպես երևում է, առաջին հերթին ձեզ է լրջանալ պետք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր