Հայտնաբերել են 2-հազարամյա բնակավայր
Thu, 03 Sep 2026 22:00:30 +0400

Չեխիայում հնագետները պատահաբար հայտնաբերել են հին կելտական բնակավայրի ավերակներ, որոնք թվագրվում են ՄԹԱ 2-րդ դարով։ Բնակավայրի մնացորդները հայտնաբերվել են D35 ավտոմայրուղու տարածքում նոր ենթակառուցվածքների կառուցման համար իրականացվող հողային ուսումնասիրությունների ժամանակ։ Ավերակները Գրադեց-Կրալովե քաղաքի շրջանում են։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ արտեֆակտներ, այդ թվում՝ ոսկյա եւ արծաթյա դրամներ։ Այս մասին հայտնել է Արեւելյան Բոհեմիայի շրջանի թանգարանը։ Հնագետները հողի շերտի տակից հանել են բրոնզե եւ երկաթե զարդեր, ապակե հուլունքներ, գոտիների մնացորդներ, դրամահատման կնիքներ։
Ենթադրաբար, բնակավայրը եղել է խոշոր առեւտրային կենտրոն։ Իր բնույթով եւ ծավալով, ըստ գիտնականների, այն եզակի է ողջ Բոհեմիայի պատմական երկրամասում։ Գտածոները նաեւ հիմք են տալիս ենթադրելու, որ բնակավայրը լայն առեւտրային կապեր է ունեցել այլ հեռավոր քաղաքների հետ։ Տարածքում եղել են սաթ` յանտար, տեղի վարպետների կողմից արտադրված կերամիկա։ Մասնագետները կարծում են, որ հայտնաբերված քաղաքը գտնվել է հին Յանտարի ճանապարհին, որը պատմական հին առեւտրային ուղի է եւ կապում է Բալթիկ ծովը միջերկրականի ավազանի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր