«Վարդուհին շշմելու արտիստ էր»․ նրա 50-ամյակին նվիրված համերգը՝ շուտով
Tue, 08 Sep 2026 19:26:39 +0400

Հոկտեմբերի 7-ին երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան։ Նրա հիշատակին նվիրված «Բարձրաձայն կարոտ» խորագրով բացառիկ համերգ է տեղի ունենալու «Ադանա Կոմպլեքսում»։ Այս տարի լրանում է նաև երգչուհու մահվան 20-րդ տարելիցը:
Կան արտիստներ, որոնք չեն մոռացվում` շարունակում են ապրել հանդիսատեսի հիշողության մեջ, մարդիկ երգում են նրանց երգերը, նայում կտավները, կարդում բանաստեղծությունները եւ նրանք հավերժանում են։ Վարդուհի Վարդանյանը երկար չապրեց` նա ավտովթարի զոհ դարձավ 30 տարեկանում` մեծ ցավ պատճառելով իր արվեստագետ ընկերներին եւ իր արվեստի երկրպագուներին: Մենք զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստուհ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, ով մասնակցելու է հոբելյանական համերգին եւ կատարելու է Վարդուհի Վարդանյանի երգերից։
«Վարդուհին շշմելու երգչուհի էր։ Այնքան դժվար է, քանի տարի է անցել, բայց չեմ հաշտվում իր բացակայության հետ։ Նա ոչ միայն պինդ երգչուհի էր, շատ հուզական, այլև ինձ համար կարևոր է մարդկային գործոնը։ Շշմելու մարդ էր։ Եվ այդ մարդկային գործոնը, կարծես, կրկնապատկում է իր կորստի ամբողջ ցավը։ Մենք ոչ միայն լավ արվեստագետ ենք կորցրել, այլև փայլուն մարդ՝ շատ բարի, շատ հումորով, բոլորովին ոչ ինտրիգային, ինչը տիպիկ է շոու բիզնեսի մեջ»։
Ընտանիքն է երգացանկը որոշել եւ Շուշան Պետրոսյանը համերգի ընթացքում կկատարի «Կարոտ» երգը։ Նա Վարդուհի Վարդանյանի երգացանկից նա առանձնացրեց նաև «Կղզի» երգը, որի բառերը հենց ինքն է գրել Վարդուհու համար։ «Կղզի»-ից բացի Շուշան Պետրոսյանը նշեց նաև «Արի, իմ սեր, մնա ինձ հետ» երգը և նույնիսկ մեզ համար կատարեց դրանից մի փոքրիկ հատվածը։
Իսկ այդ օրն ի՞նչ զգացողություններով եք բեմ բարձրանալու. «Ախ, ախ… Սա արդեն երրորդ համերգն է իր թեմայով, որ պետք է երգեմ։ Ոչինչ չի փոխվել, մենակ կարոտն է շատացել։ Դու մեզ հետ ես քո երգերով, մարդկանց սրտերում, բայց ես ունեմ մի առավելություն․ ինձ համար դու իմ սրտում ես քո մարդկային տեսակով։ Մարդ Թութուշը դա շշմելու երևույթ էր։ Մենք այնպիսի հումորներ, այնպիսի պատմություններ ունենք իրար հետ, որ ոչնչի հետ չեմ փոխի, հաստատ։ Հանդիսատեսը Թութուշի երգերով կարոտը պետք է առնի, ավաղ ոչ իր կատարմամբ»։
Համերգին ելույթ կունենան նաև Ալլա Լևոնյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Զարուհի Բաբայանը և ուրիշներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր