«Դառը փորձ ունեմ»․ Մանուկյանը կասկածներ հայտնեց հարցերի սահմանափակման շուրջ
Wed, 09 Sep 2026 11:58:45 +0400

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեց՝ արդյոք նիստերի ընթացքում պատգամավորների հարցերի քանակը սահմանափակվա՞ծ է։
Մանուկյանը նշեց, որ նման հարց է բարձրացնում նախկինում ունեցած փորձի պատճառով։ Նրա խոսքով՝ Երևանի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորներին թույլատրվել է սահմանափակ թվով հարցեր տալ, թեև քննարկումները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 5-ը։
Պատգամավորը շեշտեց, որ բյուջեի քննարկումները ձևական կամ մասնավոր հարցեր չեն, քանի որ խոսքը հանրային միջոցների տնօրինման մասին է։ Որպես օրինակ՝ նա հիշատակեց Երևանի բյուջեի ծախսերը՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորություն ունենալ հարցեր ուղղելու անգամ այնպիսի ծախսերի վերաբերյալ, որոնք առաջին հայացքից անհասկանալի կամ անհամաչափ են թվում։
Թունյանը պատասխանեց, որ հանձնաժողովը առաջնորդվում է ողջամտության սկզբունքով։ Նրա խոսքով՝ եթե հարցերը շատ են, դրանց քանակի վերաբերյալ նախապես սահմանված կոշտ սահմանափակում չկա։ Եթե Ազգային ժողովի նիստը կամ այլ պարտադիր գործընթաց չի խանգարում, պատգամավորներին հնարավորություն կտրվի հարցերը ներկայացնել ողջամիտ սահմաններում։
Մանուկյանը, սակայն, կրկին ընդգծեց, որ իր մտահոգությունը պայմանավորված է նախկին փորձով։ Նա պնդեց, որ Երևանի բյուջեի քննարկման ժամանակ հարցերից խուսափելու պատճառը, իր գնահատմամբ, կապված էր այն հանգամանքի հետ, որ քննարկվող ծախսերի հետևում ֆինանսական խնդիրներ կային։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր