Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ
Thu, 10 Sep 2026 21:45:24 +0400

Երեկ Նոր Նորք վարչական շրջանը նշում էր իր հիմնադրման օրը։ Այդ առիթով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքին հարակից տարածքում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արամ MP3-ը։ Միջոցառմանը ներկա է եղել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, քանի որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը նրա կուսակիցն է։ Միջոցառման մասնակիցների թվում էին նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Մեր տեղեկություններով, Նոր Նորքի վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող մի շարք մանկապարտեզների տնօրեններ իրենց աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցել միջոցառմանը։ Ավելին՝ մանկապարտեզներ, որպեսզի ցույց տան, որ վարչական շրջանից իջեցված հրահանգը կատարվել է, միջոցառումից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել մանկապարտեզների պաշտոնական էջերում։
Ուշագրավ է նաև այն, որ մանկապարտեզների աշխատակիցների խմբերը միջոցառմանը ներկայացել են կազմակերպված ձևով՝ որոշ կոլեկտիվներ կրել են միանման հագուստ, իսկ մյուսներն՝ իրենց մանկապարտեզը ներկայացնող կամ դրա անվանումը հիշատակող կրծքանշաններ։ Տպավորություն է ստեղծվում, թե վերադարձել ենք խորհրդային ժամանակաշրջան, երբ նման միջոցառումները, շքերթները պարտադիր էին եւ մասսովկան ապահովվում էր ցանկացած գնով` պետական բյուջեից աշխատավարձ ստացողների մասնակցությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր