Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը
Sat, 19 Sep 2026 14:15:17 +0400

Սեպտեմբերի 15-ին Կենտրոնական Բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը 6.5%-ից մինչև 6.75%՝ 0.25 տոկոսային կետով։
Քաղաքականության տոկոսադրույքը այն հիմնական տոկոսն է, որով ԿԲ-ն փորձում է դանդաղեցնել գնաճը: Բարձրացնելով այն, ԿԲ-ն բանկերի համար փողը թանկացնում է եւ վարկերի տոկոսները բարձրանում են, մարդիկ ավելի քիչ վարկ են վերցնում, ինչի հետեւանքով տնտեսության մեջ փողի պահանջարկը նվազում է եւ գնաճը դանդաղում է:
Արդյո՞ք սա մեծ փոփոխություն է եւ ինչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսների վրա, առհասարակ, սա ի՞նչ է նշանակում: Ըստ տնտեսագետ, ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի, կարևորը ոչ թե թիվն է, թե որքան է բարձրացել քաղաքականության տոկոսադրույքը, այլ միտումը: «Մինչև հիմա ԿԲ-ն, եթե ավելի երկար ժամանակահատվածում նայենք, ահագին իջեցրել էր տոկոսադրույքը: Վերջին շրջանում սառած սպասում էին, նայելով գնաճին եւ դրսի սպառնալիքներին: Վերջին ամիսներին Հայաստանում գնաճը սկսեց բարձրանալ, այսինքն, դրսից գնաճային ճնշումներ կան», – ասում է նա: Եթե անցյալ տարին մենք փակում էինք մոտավորապես 3 տոկոսի շրջանակում, թույլատրելի ±1 տոկոսային կետ տատանումով, ապա այս տարվա օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 4.4%։ Պարզ ասած՝ ԿԲ-ն տեսնում է, որ գները նախատեսվածից ավելի արագ են աճում և ուզում է զսպե՞լ:
«Այո, սպառնալիք է դառնում գնաճը, պայմանավորված արտաքին գործոններով: Սա ավելի շատ դիմակայելու միջոց է, որպեսզի հետագայում գնաճը չավելանա, փողի գինը բարձրացնում են, որ փողի պահանջարկը մի քիչ զսպեն, բայց այստեղ՝ կրկնում եմ, կարևորը միտումն է: 6,5-ի համեմատ 0,25-ը չնչին մաս է, բայց սա ավելի շատ ազդակ է փող վերցնողներին՝ նայեք, փողը թանկանում է», – նշեց Բագրատ Ասատրյանը: Բայց շատ չեն բարձրանա, չէ՞, վարկերի տոկոսները: «Մեր շուկան մի քիչ սպեցիֆիկ է, այնպես չի, որ արագ արձագանքում է: Այստեղ ԿԲ մասնակցությունը շուկայում շատ մեծ չի, օրինակ, ամերիկյան մոդելի համեմատ, որտեղ պահուստային համակարգ է գործում, եւ պահուստները դուրս հանելով բանկը անմիջապես ազդում է շուկայի վրա: Այսինքն, մեծ տեղաշարժ սա չի կարող առաջացնել, պետք է հետեւենք, թե դրսից ինչ ճնշումներ կլինեն՝ նավթի, հումքի ու էներգակիրների համաշխարհային գների աճ եւ այլն: Ի դեպ, այս շաբաթ ԱՄՆ-ն եւս բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը, իսկ Ռուսաստանը դադարեցրել է նախորդ ամիսների նվազեցման փուլը»:
Այսպիսով, ԿԲ-ի այս քայլը թեև կտրուկ թանկացումներ չի առաջացնի, բայց հստակ ահազանգ է, որ էժան փողերի ժամանակաշրջանն առժամանակ ավարտված է։ Հետեւելով իրադարձություններին, կտեսնենք նաեւ, թե որքան կդիմանա հայաստանյան շուկան ու շարքային քաղաքացին երկկողմանի հարվածին: Մի կողմից գնաճն է, թանկացող վարկերը, մյուս կողմից հայրենի կառավարությունը` իր անսահման ախորժակով: Հարց է ծագում՝ եթե ԿԲ-ն գնաճը զսպելու համար ստիպված է թանկացնել փողը, ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը ճիշտ նույն պահին միլիարդներ է շռայլում սեփական աշխատավարձերի կրկնապատկման վրա։ Մինչ ֆինանսական համակարգը փորձում է դիմակայել արտաքին ճնշումներին, ներքին ճնշումը՝ պաշտոնյաների «գրգռված ախորժակի» տեսքով, շարունակում է դատարկել պետական բյուջեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր