Հայուհին հայտնի է դարձել իր առաջին գրքի հրատարակությունից առաջ
Sat, 19 Sep 2026 21:00:32 +0400

Պերլա Քոթանջյանը լիբանանահայ բանաստեղծուհի է, որը միջազգային գրական ասպարեզում հասցրել է դառնալ նկատելի՝ նախքան իր առաջին գրքի լույսընծայումը։ Հայազգի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուն ընթերցողի սեղանին կհայտնվի օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին։ Սակայն նա արդեն բավականին ասելիք եւ անցած ուղի ունի, որը կներկայացնենք ձեզ։
Նա տպագրվել է հայտնի անգլալեզու գրական հանդեսներում, մասնակցել է միջազգային մրցույթների, ուսանել Արեւելյան Անգլիայի համալսարանում, աշխատել որպես լրագրող, խմբագիր Լիբանանի խոշորագույն պարբերականներից մեկում։ Նրա բանաստեղծություններից մեկը 2021 թվականին ուղարկվել է Լուսին՝ Lunar Codex ծրագրի շրջանակներում։ Նա նաեւ արժանացել է Սարոյանի անվան մրցանակի՝ Երեւանի գրքի այս տարվա միջազգային փառատոնի ընթացքում։ Պերլայի համար գրականությունն ընտանեկան ավանդույթի մաս է եղել։
«Պապս պոետ էր եւ գրում էր հայերենով։ Հորեղբայրս գրում է անգլերենով։ Հայրս լիբանանահայ մեր համայնքում հայտնի դրամատուրգ է եւ կինոօպերատոր։ Կարելի է ասել, որ գրելու ձիրքն իմ ժառանգական իրավունքն է եղել»,- 2023 թվականին տված հարցազրույցներից մեկում ասել է Քոթանջյանը։ Առաջին բանաստեղծությունները գրվել են դեռ դպրոցական տարիներին։ 2006 թվականին, հիշում է Քոթանջյանը, ամառային պարապմունքների ժամանակ, երբ դեռ դպրոցական է եղել, հանձնարարել են նկարել ծաղկաման, իսկ ինքը դրա փոխարեն ծաղկամանին նվիրված բանաստեղծություն է գրել։ Բանաստեղծությունը տպագրվել է դպրոցական հանդեսում։ Դրանից հետո շարունակել է գրել դպրոցական թերթի համար։ Համալսարանում էլ մասնագիտացել է անգլիական գրականության եւ անգլերենի լեզվաբանության մեջ։ Երկար ժամանակ աշխատել է լրագրության ոլորտում։ Եղել է լրագրող Annahar թերթում, գրական բաժնի խմբագիրը։ Դասավանդել է անգլիական գրականություն եւ լրագրություն՝ International College Beirut-ում։ Աստիճանաբար նրա գործերը սկսել են տպագրվել գրական հանդեսներում։
21 թվականին Հայկական գրական միջազգային ալյանսը Քոթանջյանին ներառել է երիտասարդ հեղինակների ուսուցման իր կազմի մեջ։ Շրջադարձային է եղել նրա «Ցեղասպանության դուստրը» բանաստեղծությունը, որն ուղարկել է The Armenian Weekly-ի գրական բաժին։ Դա նրա առաջին գործն էր, որ դուրս էր եկել դպրոցական կամ համալսարանական գրական միջավայրից։ Ընթերցողների արձագանքը համոզել է նրան, որ գրականությունը կարող է դառնալ իր կյանքի ինքնուրույն բաղադրիչը։ Շուտով նրա բանաստեղծությունները սկսում են հայտնվել The Rumpus, Electric Literature, Wasafiri, Magma, AMBIT, Black Warrior Review եւ այլ միջազգային հանդեսներում, մասնակցել մրցույթների, արժանանալ մրցանակների։ Պերլա Քոթանջյանը գրում է անգլերենով, սակայն նրա տեքստերում մշտապես առկա են հիշողությունները հայկականի, ընտանիքի, լիբանանյան փորձառության մասին։ Նա գրում է, մեծ հաշվով, այն մարդու մասին, որը մի քանի մշակութային միջավայրում է ապրում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր