Թե ինչպես հայ մաթեմատիկոսը հասավ ՆԱՍԱ եւ միջազգային համբավ ձեռք բերեց
Wed, 23 Sep 2026 21:00:26 +0400

Նաիրա Հովակիմյանը հայազգի այն գիտնականներից է, որը բավականին լայն ճանաչում ունի միջազգային գիտական ասպարեզում։ Նա ավտոնոմ տեխնոլոգիաների, ադապտիվ համակարգերի եւ կառավարման տեսության մասնագետ է, մեխանիկական գիտությունների եւ ինժեներիայի պրոֆեսոր, ՆԱՍԱ-ի աջակցությամբ աշխատող «ԱՎԻԱՏԵ» կենտրոնի տնօրեն։
Նրա անցած ուղին հետաքրքիր է ոչ միայն զուտ անհատ գիտնականի կառուցած փայլուն կարիերայի առումով՝ միջազգային գիտական աշխարհում, այլ նաեւ օրինակ է, թե ինչպես է հիմնարար մաթեմատիկան աստիճանաբար վերածվում տեխնոլոգիայի, որը կարող է կառավարել օդանավերը, անօդաչու սարքերը եւ այլ ավտոնոմ համակարգեր։ Նարիա Հովակիմյանը ծնվել է Երեւանում՝ 1966 թվականին։ 1988-ին ավարտել է Երեւանի պետհամալսարանը՝ կիրառական մաթեմատիկայի եւ տեսական մեխանիկայի բաժինը։ 1992 թվականին ՌԴ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ֆիզմաթ․ գիտությունների գծով։ Զբաղվել է օպտիմալ կառավարման եւ դիֆերենցված խաղերի խնդիրներով։ Այնուհետեւ աշխատել է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների տարբեր գիտական կենտրոններում՝ Շտուտգարտի համալսարանում, ֆրանսիական INRIA-ում, ամերիկյան Georgia Institute of Technology-ում, Virginia Tech համալսարանում, իսկ 2008 թվականից՝ University of Illinois Urbana-Champaign-ում։
Հովակիմյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը, հատկապես՝ ադապտիվ կառավարման համակարգերի առումով, այսօր շատ ակտուալ է դարձել։ Ինչու։ Պատասխանը շատ պարզ է։ Կառավարման ավանդական համակարգերում ինժեները ստեղծում է օբյեկտի մաթեմատիկական մոդելը նախապես։ Սակայն իրական կյանքում օբյեկտը երբեք ըստ մոդելի չի աշխատում։ Ավելի պարզ օրինակով ասենք՝ օդանավը թռչում է անընդհատ փոփոխվող մթնոլորտային պայմաններում, ԱԹՍ-ն միշտ իր վրա կրում է քամու ուժգնությունը։ Ադապտիվ կառավարման համակարգերը պետք է կարողանան հաշվի առնել հնարավոր բոլոր անորոշությունները եւ հարմարվել այդ անորոշությունների պատճառով առաջացած փոփոխություններին։ Հենց այստեղ առաջանում է հիմնարար մաթեմատիկայի համար կարեւորագույն խնդիր՝ ինչպես անել, որ համակարգն արագ հարմարվի եւ միաժամանակ պահպանի կայունությունը եւ «վարքագծային կանխատեսելիությունը»։
Հովակիմյանը Չեն Ցաոյի հետ մշակել է L1 Adaptive Control տեսական ինժեներական լուծումը՝ ըստ էության, խնդրին տալով այնպիսի լուծում, որը կարելի է համարել ամենաարդյունավետը։ Այդ ուղղությամբ հետազոտությունը հրապարակել է 2008 թվականին՝ IEEE Transactions on Automatic Control-ում։
Հովակիմյանը նաեւ երկու գրքի լիարժեք հեղինակ է, ավելի քան 500 գրախոսված հրապարակումներ ունի կամ համահեղինակ է, 13 պատենտի սեփականատեր է, արժանացել է մի շարք հեղինակավոր գիտական մրցանակների եւ պարգեւների, այդ թվում՝ AIAA-ի՝ մեխանիկայի եւ թռիչքի կառավարման ոլորտում մրցանակ (2011 թ.), Կին ինժեներների ընկերության մրցանակ (2015 թ.), IEEE CSS-ի տեխնիկական գերազանցության մրցանակ (2017 թ.) եւ AIAA Pendray մրցանակ՝ ավիատիեզերական գրականության բնագավառում (2019 թ.)։ 2014 թվականին նա արժանացել է Հումբոլդտի մրցանակին՝ գիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Նաիրա Հովակիմյանն առաջատար մասնագիտական մի շարք կազմակերպությունների անդամ է, այդ թվում ՝ IEEE-ի, AIAA-ի, ASME-ի եւ IFAC-ի։ Նա նաեւ IntelinAir եւ Kestrel Robotics ընկերությունների համահիմնադիրն է։ Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում տվյալների վերլուծության եւ ռոբոտաշինության ոլորտներում։ Նրա գիտական եւ մանկավարժական գործունեությունը գնահատվել է նաեւ Իլինոյսի համալսարանի կողմից՝ մենթորության եւ նորարարության ոլորտներում ստացած մի շարք մրցանակներով։ Մենք իրապես կարող ենք հպարտանալ այսպիսի հայուհու հաջողություններով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր