Կարո՞ղ է գան, մտնեն ընտանիք, ասեն՝ հայրը երեխային ոնց պիտի դաստիարակի
Thu, 24 Sep 2026 13:04:21 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները կապել է իշխանության կողմից վերահսկողության ընդլայնման և Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերի հետ։
«Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում նա նշել է, որ, իր գնահատմամբ, երկրում իշխանության կենտրոնացումն ավելի է խորանում։ Վարդանյանի խոսքով՝ դրա հերթական դրսևորումն է իշխող ուժի հրապարակած զեկույցը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ, որտեղ, ըստ պատգամավորի, ներկայացվում են Վեհափառի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորող դրույթներ։
Պատգամավորը իշխանության գործողությունների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է մի շարք օրինակների միջոցով։ Նա հարցադրում է արել՝ արդյոք իշխանությունը կարող է բիզնեսի սեփականատիրոջը թելադրել, թե ով պետք է զբաղեցնի նրա մարքեթինգի ղեկավարի պաշտոնը, կամ կուսակցության ներկայացուցիչներին պարտադրել, թե ում ընտրեն կուսակցության ղեկավար։
Վարդանյանի խոսքով՝ եթե պետական իշխանությունը նման որոշումներ չի կարող պարտադրել մասնավոր կամ քաղաքական կառույցներին, ապա նույն տրամաբանությունը, իր կարծիքով, պետք է կիրառվի նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ իշխանության կողմից նման միջամտությունների շարունակության դեպքում դրանք կարող են տարածվել հասարակական կյանքի այլ ոլորտների վրա՝ անգամ հասնելով ընտանիքի ներքին հարաբերություններին։
Վարդանյանը Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը բնութագրել է որպես մեկ ուժի գերիշխանությամբ գործող ռեժիմ և իշխանությանը մեղադրել բռնատիրական գործիքների կիրառման մեջ։
«Եթե իշխանությունն այս ամենն անում է հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր