Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել
Fri, 02 Oct 2026 14:38:39 +0400

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել չշտապել Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ և նախապես գնահատել նման քայլի հնարավոր հետևանքները։
Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ նման կարևոր որոշումների դեպքում անհրաժեշտ է խուսափել շտապողականությունից։
Նրա խոսքով՝ երկար տարիների քաղաքական փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների հետ հարաբերություններում որևէ երկիր չպետք է ակնկալի, որ իրեն անպայման պատրաստ են ընդունել։ Բելառուսի նախագահը Հայաստանի դեպքում ևս ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի՝ դրա իրատեսական հեռանկարներն ու պայմանները մանրամասն ուսումնասիրելուց հետո։
Լուկաշենկոն միաժամանակ նշել է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի այն տնտեսական հնարավորություններից, որոնք ներկայում ստանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Նա մասնավորապես շեշտել է ԵԱՏՄ երկրների միասնական շուկայի նշանակությունը Հայաստանի համար՝ ընդգծելով, որ գործող տնտեսական կապերից հրաժարվելու որոշումը չպետք է ընդունվի առանց դրա հետևանքները գնահատելու։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է պահպանել այն ուղղությունները, որոնք ներկայում ապահովում են տնտեսական օգուտներ, և միայն դրանից հետո դիտարկել արտաքին տնտեսական ու քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր