Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները

Sat, 03 Oct 2026 20:45:29 +0400


Շաքի գյուղում օրերս տեղի ունեցածը հազարից մեկ պատահող փորձանք չէ, այլ՝ սպասվող ապագայի նախերգանքն է։

Արդեն մի քանի օր է՝ հասարակությանը ցնցած այդ դեպքի վերաբերյալ պետական մարմինները պատշաճ և հստակ պատասխան չեն տվել։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ Ադրբեջանից Հայաստան ներխուժած զինված անձի մասին հանրությունը տեղեկանա միայն այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել է մտնել բնակավայր և վնասել մարդկանց, իսկ դրանից հետո միայն պարզվի, որ հատուկ մարմիններն այդ ներխուժման մասին ավելի վաղ են իմացել:
Նորմալ պետությունում համապատասխան մարմինները նման իրավիճակում պետք է գործեին անհապաղ։ Առաջին քայլերից մեկը պետք է լիներ տեղի բնակիչներին զգոնության կոչ անելը, նրանց պատշաճ տեղեկացնելը և անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը։ Բայց դա չի արվել։ Փոխարենը՝ մարդը կարող է խաղաղության մասին բղավել, իսկ այսօր գնալ և մասնակցել դեղին ավտոբուսի շահագործման միջոցառման։

Սակայն այս պատմության ամենավտանգավոր կողմն այն է, որ հասարակության մոտ միանգամայն բնական հարց է առաջանում՝ իսկ վաղը ի՞նչ է լինելու, եթե ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ զինված մարդ անցնի սահմանը և հայտնվի հայկական որևէ գյուղում։ Արդյո՞ք պետական մարմինների արձագանքն այդ դեպքում նույնպես նույնը կլինի։
Եթե պետությունը ժամանակին չի տեղեկացնում իր քաղաքացիներին, չի ներկայացնում կատարվածի ամբողջական պատկերը և չի ձեռնարկում նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ քայլերը, ապա քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ այդ դեպքում ո՞ւմ անվտանգությունն է պետությունն իրականում ապահովում։
Պետության անկախությունն ու անվտանգությունը հայտարարություններով չեն ապահովվում։ Անվտանգությունը նախևառաջ այն է, որ սահմանամերձ գյուղում ապրող մարդը վստահ լինի՝ իր պետությունը տեսնում է իրեն, լսում է իրեն և անհրաժեշտ պահին պաշտպանելու է իրեն։

Իսկ երբ իշխանության պատկերացմամբ անվտանգությունը սահմանափակվում է պաշտոնյաների թիկնապահներով, ոստիկաններով և իշխանական շքախմբով, ապա դա արդեն հասարակության համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։

Շաքիի դեպքը պետք է ոչ թե լռեցվի կամ մոռացվի, այլ դառնա լուրջ հարցերին պատասխանելու պահանջի առիթ։ Ո՞վ գիտեր ներխուժման մասին, ե՞րբ է իմացել, ինչո՞ւ ժամանակին չի տեղեկացվել բնակչությունը, և ի՞նչ է արվելու, որպեսզի նման իրավիճակը չկրկնվի։

Որովհետև անվտանգության մասին խոսելը մի բան է, իսկ քաղաքացու անվտանգությունն իրականում ապահովելը՝ բոլորովին այլ բան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք

Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք Sat, 03 Oct 2026 15:45:02 +0400 Շաքիի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով