Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Լեգիտիմության ամբողջական բացակայություն

Լեգիտիմության ամբողջական բացակայություն

Wed, 07 Oct 2026 22:15:14 +0400


ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր ազգադավ գործողությունները հիմնավորում է իշխանության լեգիտիմությամբ: Իհարկե, աննորմալ երևույթ է՝ երբ Հայաստանի ղեկավարը հակահայկական գործունեություն է ծավալում: Եվ, բացի դրանից, դա փորձում է հիմնավորել լեգիտիմությամբ: Եվ առավել աննորմալ է, որ այդ գործողությունները չեն խոչընդոտվում երկրի իրավապահ համակարգի և ուժայինների կողմից: Քանի որ դրանց բոլորի ղեկավարները, փոխաբերաբար ասած, գտնվում են վերջինիս գրպանում: Եվ ընդհանրապես աննորմալ է, որ այդ ամենը չեն նկատում ժողովրդավարական Արևմուտքում: Հատկապես Եվրամիությունում, որ դարձել է վերը նշված անձի հովանավորը: Եվ ում քավորությամբ առնվազն երկուհազարամյա հայկական Արցախը հանձնվեց թշնամուն:

Այնինչ, 2026 հունիսի 7-ի ԱԺ ընտրությունները բացահայտեցին, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ: Դա, թեև կիսատ-պռատ, խոստովանեց նաև ԵՄ համապատասխան կառույցը՝ ընտրությունների վերաբերյալ իր զեկույցում: Խոստովանել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ-ից դուրս թողնելու հանցագործ գործողությունը: Ինչը նշանակում է, որ ժողովրդից քվե ստանալու առումով լեգիտիմությունը զրոյական է: Այն գոյություն չունի, և իշխանափոխությունից հետո այսօրվա ողջ վերնախավը դատարանի առաջ պատասխան է տալու այդ հանցագործությունը կատարելու կամ դրան աջակցելու հարցում:

Լեգիտիմության բացակայության երկրորդ ուղղությունը խաղաղության խնդիրն է: Որպեսզի հիմնավորի իշխանության լեգիտիմությունը՝ վերը նշված անձն անընդհատ հայտարարում է, թե 2021-ի հունիսի 20-ին ժողովրդի դատին ներկայացված կառավարության ծրագրում խոսվում էր առաջին հերթին խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին: Ու ինքը կյանքի է կոչել այն՝ այլևս բարեկամ Ադրբեջանի նախագահի հետ համաձայնագիր նախաստորագրելով: Նախ, նախաստորագրումը դեռևս չի վկայում կյանքի կոչելու մասին: Չնայած ամեն Աստծո օր ինքը հայտարարում է, թե խաղաղությունը հաստատված է: Իրականում դա կեղծիք է՝ ճիշտ այնպիսի, ինչպիսին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապի ելույթն էր 2018-ի ապրիլի 23-ի հանրահավաքում:
Երկրորդ, նման համաձայնագիր ստորագրելուց հետո կողմերը սովորաբար իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը փորձում են համապատասխանեցնել դրա դրույթներին: Հայկական կողմը կամ ավելի ճիշտ՝ վերը նշված անձը, որպես պետության ղեկավար, դա անում է ավելի մեծ չափով, քան անհրաժեշտ է: Չբավարարվելով իր արածով՝ ժողովրդին կոչ է անում, որպեսզի վերջինս ևս տեր կանգնի խաղաղությանը: Ինչը հատկապես դրսևորվեց այս տարվա ԱԺ ընտրության քարոզչության օրերին: Իսկ ինչպե՞ս է Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու խաղաղությանը: Պատասխանեմ՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը: Ծագում է երկրորդ հարցը, թե ինչպես է Հայաստանի վարչապետը տեր կանգնում խաղաղությանը: Պատասխանը միանշանակ է՝ պարտվողականության դիրքերից: Ուրեմն նույն դիրքերից էլ խաղաղությանը պետք է տեր կանգնի ժողովուրդը: Ինչն, օրինակ, նշանակում է, որ Շաքիից երեք երեխաների մայր Անի Ավետիսյանը չպետք է զինաթափեր թշմանու ավտոմատավոր զինվորին: Թե ինչպիսին կլինեին դրա հետևանքները՝ դժվար չէ պատկերացնելը:

Երրորդ, իսկ ինչպիսի՞ն է խաղաղության նկատմամբ վերաբերմունքը թշնամու պաշտոնական խոսույթում: Այն երկկողմանի է. մի կողմից խոսվում է, որ կողմ են խաղաղությանը և իրենց երկրի տարածքով Հայաստանի ուղղությամբ երկաթուղային բեռնափոխադրումները դրա ապացույցն են: Միաժամանակ, թշնամական երկրի ղեկավարն անընդհատ պահանջներ ու նույնիսկ սպառնալիքներ է ուղղում Հայաստանին: Ինչն ագրեսիվ քաղաքականության դրսևորում է և մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող դիտարկվել որպես խաղաղության ձգտում: Ինչը նշանակում է, որ մյուս կողմը՝ Ադրբեջանը, կեղծ խաղաղասիրական խոսքերի ու գործողությունների շղարշի ներքո իրականում թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ: Իսկ Հայաստանի ողջ ղեկավարությունը վախից ծպտուն չի հանում: Եվ սահման խախտած ու ՀՀ քաղաքացու վրա կրակած, ինչը հենց թշնամական գործողությունների շարք է, ադրբեջանցուն հենց այնպես հանձնելու է Ադրբեջանին: Մի բան էլ ավելի՝ մինչ այդ հարկատու հայաստանցիների միջոցներով նրան բժշկական անվճար ծառայություն մատուցելով:

Ասվածը նշանակում է, որ գործող իշխանությունը չունի լեգիտիմություն նաև արտաքին քաղաքականության առումով: Եվ դրա ղեկավարի այն պնդումը, թե Արցախը հանձնվել է, սակայն հաստատվել է խաղաղություն, ամբողջովին կեղծ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող անձը թշնամուն Արցախ հանձնելը փորձում է հիմնավորել անհեթեթ պնդումով: Այն է՝ Արցախն իբրև թե թոկ էր Հայաստանի վզին: Սակայն իրականում Արցախն անառիկ ամրոց էր Հայաստանի թիկունքին: Եվ դրա բացակայությունն այսօր զգում են Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: Զգում են այդ երևույթի ողջ ծանրությամբ: Այսինքն, առկա է գործող իշխանության լեգիտիմության ամբողջական բացակայություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք Wed, 07 Oct 2026 18:22:36 +0400 ԱԺ-ում կառավարության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով