Գրիգոր Բաբալով․ պալատական հայազգի լուսանկարիչը
Thu, 08 Oct 2026 21:00:43 +0400

Հին լուսանկարները կարող են մի ողջ պատմություն պատմել ոչ միայն լուսանկարում պատկերված մարդու, տվյալ ժամանակաշրջանի կամ իրադարձության մասին, այլ նաեւ՝ լուսանկարչի, լուսանկարչատան։ Չէ՞ որ հին լուսանկարներում պարտադիր նշվում էր լուսանկարչատունը կամ լուսանկարիչը, պատկերվում արվեստանոցի սիմվոլը։ Հայ իրականության մեջ հետաքրքիր պատմություններից է լուսանկարիչ Գրիգոր Բաբալովի եւ նրա հիմնադրած «Լույս» լուսանկարչատան պատմությունը։
Բաբալովը Բուխարայի էմիրի պալատական լուսանկարիչն է եղել, պարգեւներ է ստացել ռուսական Նիկոլայ 2-րդ ցարի եւ ժամանակի Պարսից շահի կողմից։ «Լույսը» 19-20-րդ դդ․ սահմանագծին Թիֆլիսում եղած ամենահայտնի լուսանկարչատներից էր։ Գլխամասային գրասենյակը՝ ինչպես ընդունված է հիմա ասել, գործել է Թիֆլիսում, սակայն ունեցել է մասնաճյուղեր, որոնցից մեկը՝ Շուշիում։ Բաբալովը պրոֆեսիոնալ լուսանկարչական ծառայություններ է մատուցել թերեւս ունեւորներին եւ մտավորականությանը, իհարկե։ Այստեղ լուսանկարվել են ժամանակի հայկական եւ վրացական մշակութային միջավայրի երեւելիները։ Նաեւ՝ զինվորականներ, ուսանողներ, ամբողջ ընտանիքներ։ Պահպանված լուսանկարները ցույց են տալիս, որ Բաբալովի լուսանկարչատունը եղել է ժամանակի հեղինակավոր հաստատություններից մեկը։ Հայտնի է օրինակ, որ Բաբալովը մի քանի անգամ լուսանկարել է Կոմիտաս վարդապետին։ Պահպանվել են նրա 1893, 1896, 1908 եւ 1909 թվականների լուսանկարները։ Բաբալովը ոչ միայն լուսանկարել է, այլեւ ստեղծել է մի ամբողջ կոմպոզիցիա, հոգեբանական դիմանկար, եթե այդպես կարելի է ասել։ Լուսանկարում նա ամենափոքր մանրուքների եւ դետալների միջոցով բացահայտել է մարդու էությունը, անհատականությունը, առանձնահատկությունները։ Բաբալովի լուսանկարչական խցիկն անմահացրել է ժամանակի հայտնի դեմքերից Միտրոֆան Լագիձեին, հայտնի թիֆլիսահայ հրուշակագործ Գավրիիլ Գյոզալյանին։ Բաբալովի մոտ լուսանկարվել են նաեւ վրաց անվանի գործիչներ, ինչպիսին Իլյա Ճավճավաձեն է։
Հետաքրքիր են որեւէ իրադարձություն պատկերողներն ու, իհարկե՝ ընտանեկան խմբային լուսանկարները։ 1893 թվականին լուսանկարիչը ձեռնամուխ է լինում մի յուրօրինակ նախագծի՝ ստեղծում է իր դստեր՝ Արուսի ալբոմը։ Ալբոմում երեւում է, թե ինչպես է քայլ առ քայլ մեծանում Արուսը՝ մանկությունից մինչեւ պատանեկություն։ Արուս Բաբալովան, ի դեպ, հետագայում դառնում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի կինը։ Այսօր Բաբալովի լուսանկարները ցրված են աշխարհով մեկ՝ Երեւանից մինչեւ Թբիլիսի եւ Բրուքլինի թանգարան։ Բաբալովը, ըստ էության, մշակել է դիմանկարվելու յուրահատուկ մաներա, մշակույթ եւ ձեռագիր, երբ մեկ լուսանկարը կարող է բավական լինել՝ մի ողջ պատմություն «ընթերցելու» համար, եւ երբ լուսանկարը հարուստ «տողատակեր» ունի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր