Տեղներս ծա՞ռ են դնում
Tue, 13 Oct 2026 11:29:39 +0400

Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման դեմ առարկություններ ունեն նաև տնտեսվարողները։ Նրանցից մեկը պնդում է, որ տարածքում գործող կրպակներն ապօրինի կառույցներ չեն, քանի որ ունեն կադաստրի վկայականներ։
Տնտեսվարողի խոսքով՝ իրենց միտումնավոր բավարար ժամանակ չեն տրամադրել դատարան դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու համար։ Նա նշել է, որ ապամոնտաժման մասին ծանուցումն ստացել են կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, իսկ հաջորդ օրը՝ երեկոյան, արդեն փորձել են սկսել քանդման աշխատանքները՝ նախքան դատարանից համապատասխան փաստաթղթեր ստանալու հնարավորությունը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները ցանկանում են կրպակները ներկայացնել որպես ապօրինի կառույցներ, մինչդեռ, իր պնդմամբ, դրանք ունեն անհրաժեշտ կադաստրային փաստաթղթեր։
Տնտեսվարողը նաև դժգոհել է, որ իրենցից պահանջել են ազատել տարածքը՝ նշելով, թե կրպակների տեղում ծառեր են տնկելու։ Նրա խոսքով՝ նույնիսկ բավարար ժամանակ չեն տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան դուրս բերել իրենց գույքը։
«Ասում են՝ հելեք ստեղից, ծառ ենք դնում ձեր տեղը»,-ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր