Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Wed, 14 Oct 2026 14:45:29 +0400


Որ այս իշխանությունը մեր թևերը կտրել ու կռնատ է դարձրել, դրա մասին խոսք չկա։ Այնքան է կռնատ դարձրել, որ հենց ինքն էլ հեգնում է՝ եթե ինձ չեք ուզում, դուրս եկեք ու կռվեք ինձ հետ, հեղափոխություն արեք։

Կռնատ աղջկա նման նայում ենք Արցախին, Հայաստանի տարածքներից կտրած մեր թևերին ու լռում՝ ի՞նչ կարող ենք անել։ Չորս կողմից հակառակորդի կողմից շրջափակման մեջ ենք, իշխանությունն էլ ինչ քեֆը տալիս՝ անում է։ Թև չունենք, որ բռնենք։
Այս դժվարին պահին օգնության է գալիս Մեծն Թումանյանը։ «Կռնատ աղջիկը» հեքիաթում գլխավոր հերոսուհու կռները բացվում և հրաշքով վերականգնվում են այն պահին, երբ նրա ոսկեգանգուր երեխան ընկնում է ջրհորը, և մի խորհրդավոր ծերունի պատվիրում է նրան մեկնել իր կռները՝ երեխային փրկելու համար։ Մայրական սերն ու անձնազոհությունը ստիպում են նրան մոռանալ իր հաշմանդամության մասին, և այդ պահին Աստծո կամքով նրա ձեռքերը հետ են գալիս։

Այնքան գեղեցիկ է այդ հատվածը, որ ուզում եմ մեջբերել․

«Կռանում է թե չէ, երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի․
-Մի՛ վախենար, աղջիկ ջան, կռացի՛ր, երեխեդ հանի՛։
Ետ է նայում, տեսնում՝ սիպտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է․
-Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։
-Հա՛նի, հա՛նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի․․․
Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում, թե շնորհակալություն անի, տեսնում է՝ ծերունի չկա, աներևութացել է»։

Գիտե՞ք՝ Փաշինյանն ինչու է Շաքիի դեպքը փորձում այլ կերպ ներկայացնել։ Այո՛, խաղաղություն է խաղում, բայց դրա տակ ավելի խոր վախ կա։ Ինքը մեզ կռնատ էր պատկերացրել՝ թևերից զրկված, անզոր, սեփական երկրի կորստի առաջ անզորությունից ձեռքերը ծալած։ Այնքան էր հավատացել մեր կռնատությանը, որ արդեն մեզ էր առաջարկում իր դեմ հեղափոխություն անել՝ ոնց որ ձեռքեր չունեցողին հրավիրեր բռունցքներով կռվելու։

Բայց հայ մոր թևերը բացվեցին, երբ երեխաները վտանգի մեջ հայտնվեցին։ Եվ հիմա ամենասարսափելին նրա համար այն է, որ մենք հանկարծ հիշեցինք՝ թևեր ունենք։ Կարող ենք մեկնել, կարող ենք բռնել, կարող ենք պաշտպանել։ Կարող ենք նաև այն, ինչ նա անհնար էր համարում։

Իսկ երբ կռնատին վերադարձնում են ձեռքերը, նա այլևս նույն կռնատը չէ։ Սա՛ է, որ Փաշինյանին հանգիստ չի տալիս։ Որովհետև թևերը վերագտած ժողովուրդը կարող է ոչ միայն իր երեխաներին փրկել, այլև վերջապես հասկանալ՝ ով է իրեն կռնատ դարձրել, ով է կտրել իր թևերը և ով է այդ ընթացքում համոզել, թե առանց իրեն ոչինչ չի կարող անել։ Եթե մեր իրականության մեջ էլ հայ մոր թևերը բացվել են, ուրեմն հարցն արդեն այն չէ, թե ինչ կարող ենք անել։ Հարցն այն է՝ ի՞նչ ենք անելու մեր վերագտած թևերով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին

«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին Wed, 14 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով