Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Հերի՛ք է ժողովրդին խաբեք, թե՝ «բանակում լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել»

«Հրապարակ». Հերի՛ք է ժողովրդին խաբեք, թե՝ «բանակում լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել»

Thu, 15 Oct 2026 12:45:47 +0400


Խաղաղ պայմաններում բանակում կրկին զինվոր է մահացել: Պաշտպանության նախարարությունը միայն ցավակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, սակայն դեպքերը կրկնվում են, ինչը նշանակում է, որ ՊՆ-ն գործուն քայլեր չի ձեռնարկում՝ իրավիճակը փոխելու, նման դեպքերի կրկնությունը կանխելու համար: Մինչդեռ շարունակ խոսում են «բարեփոխված» բանակի մասին։ Ո՞րն է ՊՆ-ի բացթողումը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պաշտպանական գերատեսությունը: Այս հարցին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Պետության գոյության, ինքնիշխանության եւ ազգային անվտանգության անկյունաքարը եղել եւ մնում է մարտունակ, կարգապահ եւ բարոյապես ամուր բանակը։ Զինված ուժերում արձանագրվող յուրաքանչյուր ողբերգական պատահար, առավել եւս՝ խաղաղ պայմաններում ժամկետային զինծառայողի մահը, սոսկ առանձին վերցրած ցավալի միջադեպ չէ, ուղղակի հարված է պետականության հիմքերին, հասարակության բարոյահոգեբանական միասնությանն ու պաշտպանունակությանը։ Այսօր հասարակությունը պահանջում է ոչ թե իրավիճակային հայտարարություններ կամ ձեւական քննություններ, այլ խորքային, պատասխանատու եւ համակարգային վերանայումներ։

1. Ղեկավարել ճգնաժամը եւ բարձրաստիճան պաշտոնյաների անհատական պատասխանատվություն ապահովել:
Զինվորական կարգապահությունը եւ զորամասերում տիրող մթնոլորտը ձեւավորվում են վերեւից։ Բանակում տիրող իրավիճակի, ներքին կարգուկանոնի խաթարման, անվտանգության կանոնների խախտման եւ դրանց հետեւանքով արձանագրվող ողբերգությունների համար ուղղակի եւ ամբողջական պատասխանատվություն են կրում զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած պաշտպանության նախարարից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետից, մինչեւ զորամիավորման եւ զորամասի հրամանատարները։

Վերահսկողական համակարգի թերացումներ
– Ստորին օղակներում տեղի ունեցող արատավոր երեւույթները չեն կարող դիտարկվել որպես «մեկուսացված պատահարներ»։ Դրանք վերին հրամանատարական կազմի կողմից իրականացվող վերահսկողության, անվտանգային արձանագրությունների եւ օպերատիվ արձագանքման համակարգային ձախողման հետեւանք են։
– Պատասխանատվության ինստիտուտի վերականգնում
Անպատժելիության կամ պաշտոնեական անտարբերության մթնոլորտի բացառումը պետք է սկսվի հենց բարձրագույն հրամանատարական կազմից։ Ցանկացած թերացում, որը հանգեցնում է մարդկային կյանքի կորստի, պետք է ունենա հստակ իրավական, քաղաքական եւ վարչական հետեւանքներ՝ առանց բացառությունների։

2. Հոգեւոր-բարոյական հենքի վերականգնում

Գնդերեցների ինստիտուտի անհրաժեշտությունը: Զինված ուժերի մարտունակությունը պայմանավորված է ոչ միայն ժամանակակից սպառազինությամբ կամ տեխնիկական հագեցվածությամբ, այլեւ զինվորի ու սպայի բարոյահոգեբանական ամրությամբ եւ արժեհամակարգով։ Պատմականորեն եւ ժամանակակից առաջադեմ բանակների փորձով ապացուցված է, որ հոգեւոր-մշակութային դաստիարակությունը հանդիսանում է ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման կարեւորագույն գործիք։ Այս համատեքստում օրակարգային են դառնում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության (գնդերեցների) ինստիտուտի ամբողջական վերականգնումն ու զարգացումը։ Հոգեւոր-բարոյական աջակցություն եւ կանխարգելում։ Գնդերեցները զորամասերում ապահովում են զինծառայողների հոգեւոր խաղաղությունը, օգնում են հաղթահարել ծառայողական սթրեսներն ու միջանձնային կոնֆլիկտները՝ հանդիսանալով վստահելի կամուրջ զինվորի եւ հրամանատարության միջեւ։ Արժեքային համակարգի ամրապնդում՝ հայրենասիրական, բարոյական եւ եղբայրական արժեքների սերմանումն արմատախիլ է անում արատավոր «բարքերը» եւ բռնության դրսեւորումները զորանոցային կյանքում։

3. Համակարգային բարեփոխումների ռազմավարական ուղղությունները
Բանակում վատ երեւույթները կանխարգելելու եւ զինված ուժերում առողջ մթնոլորտ ձեւավորելու համար անհրաժեշտ է իրականացնել հետեւողական եւ անհապաղ քայլեր։ Իրավական եւ կարգապահական վերահսկողություն՝ ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության ներդրում, անկախ քննչական վերահսկողության ապահովում եւ անպատժելիության մթնոլորտի լիակատար վերացում։ Կառավարչական մոտեցումների վերանայում՝ հրամանատարական կազմի գնահատման չափանիշների փոփոխություն, որտեղ առանցքային ցուցանիշ կդառնա անձնակազմի անվտանգության ապահովումն ու սպայական անհատական պատասխանատվության բարձրացումը։ Տեխնիկական վերահսկողության արդիականացում՝ զորամասերում եւ անվտանգության տեսադիտարկման ժամանակակից համակարգերի ներդրում, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով կանխարգելել ծառայողական ու կենցաղային հնարավոր միջադեպերը։

4. Քաղաքացիական վերահսկողություն եւ հանրային վստահություն։
Բանակի փակ համակարգ լինելը չպետք է նշանակի վերահսկողության բացակայություն։ Պաշտպանական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ են թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Ողբերգական դեպքերի քննության ընթացքի վերաբերյալ հասարակությանը պատշաճ եւ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում. այլեւս անհնար է եւ անթույլատրելի աչք փակել իրականության վրա: Հերիք է ժողովրդին խաբեք, թե բա՝ «բանակում լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել»։ Տարիներ շարունակ հանրությանը մատուցվում է փառահեղ PR-արշավներով համեմված սուտը, թե իբր զինված ուժերում ընթանում են «խորքային ու արմատական բարեփոխումներ», «կանոնադրական հարաբերություններն ամրապնդվում են», իսկ վերահսկողությունը՝ խստացվում։ Սակայն իրականությունը դարձյալ դաժան է․ զորամասերում տիրող թողտվությունը, անկազմակերպվածությունն ու ոչ պաշտոնական բարքերը շարունակում են մարդկային կյանքեր խլել: Եթե ձեր «բարեփոխումների» արդյունքը խաղաղ պայմաններում զինվորների անվերջանալի մահերն են, ապա դրանք ոչ թե բարեփոխումներ են, այլ համակարգված ձախողում։ Մինչեւ ո՞ւր է հասնելու այս անպատժելիությունը, եւ էլի քանի՞ զինվորի կյանք պետք է խլվի, որպեսզի սթափվեք: Պաշտոնական անտարբերությունն ու «քննություն է ընթանում» ստանդարտ, ձեւական արդարացումներն այլեւս չեն աշխատում։ Դրանք սպառել են հանրային վստահության վերջին ռեսուրսը: Ամեն անգամ նման ողբերգություններից հետո պատասխանատվությունը ստորին օղակների վրա բարդելու կամ «անցյալի մնացուկներին» ու «արտաքին գործոններին» մեղադրելու փորձերն այլեւս ծիծաղելի են ու հակաբարոյական։ Ուրիշ տեղերում մեղավորներ մի փնտրեք։ Բանակում տիրող այս անկառավարելի իրավիճակի, անպատժելիության մթնոլորտի եւ կատարված բոլոր ողբերգությունների համար թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են՝ ամենաբարձր մակարդակով։ Երկրի քաղաքական ղեկավարությունը, որն իր ձեռքում է կենտրոնացրել պետական ողջ իշխանությունն ու լծակները, կրում է ուղղակի, անմիջական եւ ամբողջական պատասխանատվություն յուրաքանչյուր զինվորի կյանքի ու անվտանգության համար։ Եթե տարիներ շարունակ չեք կարողանում կարգուկանոն հաստատել բանակում, ապա դա ձեր քաղաքական ու կառավարչական անկարողության ուղղակի ապացույցն է։ Առավել անընդունելի ու վտանգավոր է տիրող անպատժելիության մթնոլորտը․ այսքան ողբերգական դեպքերից, անդառնալի կորուստներից ու համակարգային ձախողումներից հետո այդպես էլ ոչ մի բարձրաստիճան զինվորական ո՛չ ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ո՛չ էլ ենթարկվեց իրական պատասխանատվության։ Վերջիվերջո, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400 Բարձրագույն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով