Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները. Զելենսկի
Thu, 15 Oct 2026 15:00:27 +0400

Ուկրաինան վերսկսում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Նման հարձակումների արգելքը չեղարկվել է հետախուզական տվյալների հետ կապված խնդիրների և զանգվածային գնդակոծությունների ժամանակ Starlink-ի աշխատանքի խափանումների ֆոնին։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Financial Times-ին տված հարցազրույցին։
«Նավթավերամշակման գործարաններին հարվածելու արգելքը հանվել է։ Բավական է», — հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան երեք օր շարունակ հարվածներ չի հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ Վաշինգթոնի ցանկությունը կատարելու համար։ Այդ ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սպանել է ավելի քան 100 խաղաղ բնակչի։
Չնայած դադարին՝ ուկրաինացի զինվորականները զրկվել են բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից։ Երկրի ողջ տարածքում Starlink-ի աշխատանքը դանդաղել է, ինչը բարդացրել է գործողությունները ռազմաճակատում և Ռուսաստանի ռազմական օբյեկտների ուղղությամբ միջին հեռավորության հարվածների իրականացումը։
Զելենսկու խոսքով՝ ամերիկացի գործընկերներն ուղղակիորեն նախազգուշացրել են ուկրաինացի զինվորականներին, որ եթե էներգետիկ օբյեկտներին հարվածները չդադարեցվեն, հետախուզական տվյալների փոխանակումը կարգելափակվի։ Հետագայում Կիևին ներկայացրել են, թե դա տեխնիկական խափանման հետևանք է եղել։
«Դա տեխնիկական խնդիր չէր, դա միտումնավոր արված քայլ էր», — ասել է նախագահը՝ մեկնաբանելով Starlink-ի աշխատանքի խափանումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր