Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ադրբեջանական զինուժը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել է

«Հրապարակ»․ Ադրբեջանական զինուժը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել է

Fri, 16 Oct 2026 09:45:57 +0400


Անկլավ-էքսկլավների շուրջ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա՝ օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ սկսեց ներկայացնել անկլավ-էքսկլավների հետ կապված իրենց դիրքորոշումն ու անելիքները: «Խոսքը, այո, Քյարքիի (ադրբեջանական անկլավների), այսինքն՝ այդ միավորների ու Արծվաշենի (հայկական անկլավի) մասին է»,- նշեց նա եւ հայտարարեց, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- նշեց նա:

Այս խոսքից ոմանք հասկացել էին, թե Տիգրանաշենը փոխանակվելու է Արծվաշենի հետ, ինչը չարյաց փոքրագույնը կարող է համարվել: Սակայն երեկ նա փակագծերը բացեց եւ անկլավների «տեղաշարժման» տարբերակը նկարագրեց:

«Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց` սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղը՝ իր տարածքով, տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նույնն է լինելու նաեւ հակառակ կողմից։ Ասաց նաեւ. «Այդ սցենարները նորություն չեն, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու` ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, եւ այդպես շարունակ»: «Տեխնիկապես եւ իրավական առումով դա ինչ ձեւակերպում կստանա, նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե՞, թե՞ ոչ` իրավաբանական վերլուծության հարց է: Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք»,- ընդգծեց վարչապետը:

Անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում է: Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի մասին սկսեց կիրառել «Քյարքի» անվանումը՝ ասելով, թե այդկերպ հանում է «թեմայի նյարդը», որպեսզի այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիայի պատճառ չդառնա:

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարություններին, ասում է. «Փաշինյանի ֆանտազիաները շատ ճկուն են, եւ բարդ է նրա ֆանտազիաները հասկանալը, բայց, որքանով ես հասկացա, նա ենթադրում է, որ Ադրբեջանի հետ կարելի է գալ ընդհանուր հայտարարի առ այն, որ, ենթադրենք, Արծվաշեն գյուղն իր տարածքով կազմում է 4000 հեկտար, սա պայմանական թիվ է, սահմանազատման, սահմանագծման ընթացքում սահմանը կարող ենք այդ հատվածում ձեւակերպել այնպես, որ 4000 հեկտար տարածք մնա Հայաստանին: Այսինքն` նա պատկերացնում է, որ Արծվաշենը կարող է Հայաստանին կպցնել եւ սահմանն այդպես տանել: Երբ անկլավների խնդիրը հանգեցնում են տարածքների չափերով պայմանավորված փոխանակմանը, ապա մշտապես կանգնելու ենք պրոբլեմի առաջ: Դրա համար անկլավների խնդիրը չպետք է վերածվի տարածքների` համարժեք փոխանակման հարցի: Ինչու, որովհետեւ կա Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության 2017 թվականի դեկտեմբերին ընդունված մի փաստաթուղթ, այդ փաստաթղթի անունը պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում է, հրատապ հարցեր եւ լուծումներ է: Այդ փաստաթուղթը տարիներ առաջ ընդունվել է հատուկ մեկ նպատակով, որպեսզի դրա հիման վրա իրականացվի հետխորհրդային տարածքների միջեւ սահմանազատում եւ սահմանագծում: Այսինքն` կան շարադրված սկզբունքներ այդ փաստաթղթում, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման եւ սահմանագծման համար` վեճերի կարգավորման առիթով: Օրինակ` կա գրված մի շատ կարեւոր սկզբունքի մասին. մասնավորապես` չի կարելի սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել ուժի եւ սպառնալիքի ազդեցության տակ: Այժմ ադրբեջանական զինված ուժերը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել են: Ընդ որում` այդ պրոցեսը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո: Ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն ներկա են ռազմավարական նշանակություն ունեցող հայկական բարձունքներում, այլեւ սահմանային կառուցապատման լուրջ աշխատանքներ են իրականացնում, ամրապնդում են իրենց տարածքային կարողությունները: Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը հստակ նշում է, որ նման պայմաններում անթույլատրելի է սահմանազատման աշխատանքներ իրականացնելը, որովհետեւ այդ ամենի արդյունքում Հայաստանը կընդունի որոշումներ ստիպված` վախի ազդեցության տակ: Նման պայմաններում արված սահմանազատումը չի կարող օրինաչափ համարվել: Սա էլ դեռ քիչ է, ապագա սահմանը կդառնա նոր լարվածության կամ ռազմական գործողությունների աղբյուր: Ինչ մեկնաբանությամբ ուզում եք Արծվաշենը մոտեցրեք մեզ կամ Տիգրանաշենը տվեք իրենց, այդուհանդերձ, այդ մի քանի քառակուսի մետրն Ադրբեջանի համար, որն ունի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք, ի՞նչ կարեւոր նշանակություն ունի: Ուրեմն խնդիրն այլ է: Պատկերացնո՞ւմ եք Տիգրանաշենն այսօրվա աշխարհագրությամբ հանձնվի Ադրբեջանին, դեպի հարավ գնացող հատվածն անցնո՞ւմ է Տիգրանաշենով` այո, իսկ սա նշանակում է, որ մեր բոլոր տրանսպորտային հիմնական կոմունիկացիաները` Վայոց ձորի եւ Սյունիքի հետ կապող տարածքները, հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ի՞նչ է սա, եթե ոչ սպառնալիք»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի Fri, 16 Oct 2026 10:15:07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով