Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում
Fri, 16 Oct 2026 11:56:23 +0400

Երեկ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ ներկայացրած հայցով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքել իր հասցեին հնչած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։ Ընդհանուր առմամբ, հայցվորը պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Հայցը վերաբերում է հունիսի 9-ին Hraparak.am-ում հրապարակված հոդվածում Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած գնահատականներին, որոնք, ըստ Փաշինյանի, վիրավորանք և զրպարտություն են պարունակում։
Նախկին պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ Փաշինյանի ստախոսությունն ու ժողովրդավարության կեղծիքն իրենց համար նորություն չեն։
Ուշագրավ է, որ դատական նիստի ընթացքում դատավոր Վարսենիկ Մելքումյանը Փաշինյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Ավագյանից հետաքրքրվեց, թե որքանով է իրավաչափ 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը։
Փաստաբանը պատասխանեց , որ պահանջվող գումարի չափը որոշելիս հաշվի են առնվել Hraparak.am-ի լսարանի ընդգրկվածությունը, հանրային ճանաչելիությունը և այն հանգամանքը, որ հրապարակումը կարող էր էական վնաս հասցնել իր պաշտպանյալի հեղինակությանը։ Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքներն են հաշվի առնվել փոխհատուցման չափը հիմնավորելիս։
Ուշագրավ է նաև, որ շուրջ երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում հայցվորի պաշտպան Դավիթ Ավագյանը բավական երկար, Հրաչյա Աճառյանի բացատրական բառերի բառարանի օգնությամբ անդրադարձավ «տականք» բառի իմաստին՝ փորձելով հիմնավորել, թե ինչու է այն վիրավորական եղել Նիկոլ Փաշինյանի համար։ Թերևս հենց այս բառն է դարձել հայցի առանցքային կետերից մեկը․ այն հնչել է Hraparak.am-ում հրապարակված հոդվածում, և Փաշինյանը դրա համար պահանջում է ներողություն։
Դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումները ներկայացրեց նաև պատասխանող կողմի ներկայացուցիչը։ Սոֆյա Հովսեփյանի փաստաբան Ռաֆայել Իշխանյանը, մասնավորապես, ակնարկեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հանրային ելույթների ընթացքում հաճախ է տարբեր անձանց հասցեին հնչեցնում նմանատիպ, երբեմն՝ ավելի կոշտ բնորոշումներ, սակայն նման արտահայտությունների համար նրա դեմ դատական հայց չի ներկայացվում։
Հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 5-ին․ նախատեսվում է անցնել ապացույցների ուսումնասիրության փուլին։
Նշենք նաև, որ դատական գործով որպես երրորդ կողմ ներգրավված է «Հրապարակ» օրաթերթը, քանի որ վիճարկվող հայտարարությունները հրապարակվել են հենց Hraparak.am կայքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր