Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»
Thu, 15 Oct 2026 23:56:49 +0400

Նախորդ օրվա հայտարարությունից արդեն հասկանալի էր, որ նոր զիջումների փուլ ենք մտնում: Բայց քանի որ Փաշինյանը չէր հստակեցրել , թե ինչ նկատի ունի` ասելով, որ անկլավներ-էքսկլավներ չեն լինելու` դրանք փոխանակվելու են, մի փոքր հույս կար, որ չարյաց փոքրագույնի վրա են կանգնել: Այն է` Տիգրանաշենն ու Տավուշի այդ մի քանի կտորը կփոխանակեն Արծվաշենի հետ, քանի որ տարածքով համարժեք են և մենք նվազագույն կորուստներով կազատվենք այս մի ցավից: Տիգրաբաշենը կմնա մեզ, Արծվաշենը` նրանց: Բայց այսօր նոր հայտարարություն արեց և պարզվեց, որ չարյաց մեծագույնի վրա են կանգ առել…
Եթե նկատեցիք` էլի հստակ չի ասում, որ մոլորեցնի, ապակողմնորոշի մարդկանց, հույսի տեղ թողնի, չհասկանան, թե ինչ է իրականում կատարվում: Նաև շեշտում է` սա վերջնական չի, քննարկվում է, կարող է այս տարբերակը ընտրենք, կարող է հանրաքվե անենք, և այլն…
Անգամ նոր տերմին է հորինել` Արծվաշենը «կտեղաշարժենք»… «գյուղը տեղաշարժվում է` մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով` բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:
Հիմա հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»: Արծվաշենը, բնականաբար ոչ մի տեղ չի շարժվելու, բայց որպեսզի այն այլևս չլինի անկլավ, այսինքն` շրջապատված չլինի ադրբեջանական հողով` կպած լինի Հայաստանին, գյուղը Հայաստանից բաժանող հողերն Ադրբեջանը տալու է Հայաստանին: Բայց նույնը տեղի է ունենալու նաև Տիգրանաշենի պարագայում, այստեղ էլ Հայաստանն է Ադրբեջանին հողեր զիջելու, որ Տիգրանաշենը դադարի անկլավ լինելուց` կպնի Ադրբեջանին:
Թվում է` համարժեք փոխզիջում է, բայց իրականում սա ամենավատ տարբերակն է: Արծվաշենն ինքը տարածքի մեծությամբ համարժեք է Տիգրանաշենին ու Տավուշի այդ Բարխուդարլու – բան կտորին…Նախ հայտնի չէ, թե հարակից հողերով ինչքան կկազմի այդ անկլավ կոչվածները և ինչպես կչափեն փոխանակվող տարածքները: Վսռահ եղեք, որ սրանց պարագայում հաշվարկներն ու փոխանակումը` չափերի առումով, ի վնաս Հայաստանի է արվելու: Որբի գլուխ է, չէ՞. ով ոնց ուզի, խուզի…
Եվ ամենակարևորը` Արծվաշենը մենք ի՞նչ ենք անելու, ո՞վ է այնտեղ ապրելու, ի՞նչ ռազմավարական կամ թեկուզ գյուղատնտեսական արժեք ունի այդ հատվածը: Իսկ Տիգրանաշենի ու հարակից հողերի արժեքն ու նշանակությունն ակնհայտ է: Ու դա է պատճառը, որ հողերի փոխանակման գաղափարի հեղինակը փրփրում է, երբ լրագրողները հիշեցնում են Հայաստանով անցնող` հյուսիսը հարավի հետ կապող միջպետական ճանապարհի և Տիգրանաշենի ստրատեգիական դիրքի մասին: Դա ոնց որ կախվածի տանը պարանից խոսես…
Այս մարդը մեր պետությունն այնպես է տնօրինում, ինչպես կտնօրինի մեկ սենյականոց բնակարանի միայնակ սեփականատերը, որը 90 տարեկան և ոչ մի ժառանգ չունի` ծախեմ, ուտեմ-խմեմ, կյանքիս վերջին օրերը վայելեմ տրամաբանության մեջ…բայց չէ որ մեր «բնակարանը» բազում տերեր ունի ու ժառանգներ…
Տեր կանգնեք ձեր սեփականությանը, այ ժողովուրդ….
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր