Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․

Fri, 16 Oct 2026 14:15:56 +0400


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում առաջինը Ռուսաստանի կենացն է խմել։ Եվ լավ է արել, բարեկամ երկիր է։ ՌԴ-ի կենացը խմելուց հետո որ Պուտինի կենացն էլ տերև առ տերև խմեր, վատ չէր լինի։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բոլոր մակարդակներում եղբայրական են, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի։

Ուշադրությո՛ւն դարձրեք՝ բոլոր մակարդակներում։ Հետաքրքիր բաժակաճառ է։ Նույնիսկ ռուսամետ քաղաքական գործիչներն այսքան անվերապահ ձևակերպումից կխուսափեին։

Մնում է զարմանալ՝ եթե հարաբերություններն այդքան կառուցողական ու եղբայրական են, ինչո՞ւ իշխանության քաղաքական խոսքում այդքան հաճախ է առաջ մղվում Ռուսաստանի հետ առճակատման տրամաբանությունը։ Ինչո՞ւ են հանրությանը տրամադրում Ռուսաստանի դեմ, իսկ ռուսամետ քաղաքական գործիչներին՝ հետապնդում։ Բարեկամական սիրո՞վ են անում, թե՞ մի այլ տեսակի սեր էլ կա։

Իշխանությունը, իհարկե, կարող է հակադարձել, թե Ռուսաստանի քաղաքականության քննադատությունը ռուսատյացություն չէ։ Ընդունենք, հավատացինք։ Այդ դեպքում ինչո՞ւ է հանրային խոսքում Ռուսաստանը հաճախ ներկայացվում որպես Հայաստանի դժբախտությունների գլխավոր պատասխանատու։ Ինչո՞ւ են քաղաքական տարաձայնությունները վերածվում թշնամանքի մթնոլորտի։
Ստացվում է՝ պաշտոնական մակարդակում եղբայրական ձեռքսեղմում է, հանրային դաշտում՝ բռունցքներով բարև։ Միրզոյանն ասում է՝ խնդիրները լուծելի են, բայց քաղաքական աղմուկի մեջ երբեմն այնպիսի տպավորություն է, թե իրենց կողմից խնդիրը լուծելը չէ, այլ մի թշնամի գտնելը, որի վրա կարելի է բարդել բոլոր չլուծված հարցերը։

Մի խոսքով՝ եթե եղբայրությունը եղբայրություն է, թող լինի։ Եթե խնդիրներ կան, թող քննարկվեն։ Բայց հանրությանը մի՛ ստիպեք մի ձեռքով եղբայրական կենաց բարձրացնել, մյուսով՝ թշնամու խրտվիլակ պատրաստել։ Քաղաքականության մեջ եղբայրը եղբայր է, թշնամին՝ թշնամի։ Երկուսին միաժամանակ նույն աթոռին նստեցնելը այս իշխանության քաղաքական խոհանոցի յուրահատուկ բաղադրատոմսն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ»

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ» Thu, 15 Oct 2026 19:30:05 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով