Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը

Mon, 19 Oct 2026 18:15:37 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման անփառունակ վախճանին նվիրված նախորդ հոդվածում արձանագրել էի փողոցային բողոքների հիմնական պատճառը: Այն է՝ ինչպես է Ֆրանսիայի ապագան տեսնում այդ երկրի հասարակությունը: Տեսնում է լիբերալ արժեքների և այդ թվում իսլամացմա՞ն, թե՞ դրանից զերծ նախկին օրերի տեսքով: Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար: Քանի որ հարց է առաջանում, թե որ ուղղությամբ է մեզ տանելու Նիկոլի եվրոպամետ իշխանությունը: Հաշվի առնելով թե՛ նրա բարեկամությունը Ֆրանսիայի նախագահի հետ: Եվ թե՛ ընդհանրապես հայության խիստ դրական վերաբերմունքը երբեմնի հզոր այդ պետության նկատմամբ:

Մեկ-երկու տվյալ Ֆրանսիայի 2026 թվականի պետական բյուջեի մասին. ընդհանուր ծախսերը կազմում են մոտավորապես 843 միլիարդ եվրո։ Եկամուտները 700-710 միլիարդ եվրոյի շրջանակում են, պակասուրդը, բնականաբար, մոտ 135-140 միլիարդ եվրո է կամ ՀՆԱ-ի 5.0%-ը: Չնայած ՀՆԱ-ի ծավալի առումով Ֆրանսիան 1.5 անգամ զիջում է Գերմանիային, սակայն 1.6 անգամ գերազանցում է նրան պետբյուջեի չափով: Ինչը վկայում է նրա՝ ավելի սոցիալական պետություն լինելու մասին: Այդ երևույթի մեկ այլ վկայությունն այն է, որ Ֆրանսիայի պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի մոտ 57-58%-ը, մինչդեռ գերմանականը տատանվում է 48-49%-ի սահմաններում։ Բայց ավելի փոքր տնտեսությամբ (ՀՆԱ-ով) ավելի մեծ բյուջե ապահովելու համար Ֆրանսիան կիրառում է աշխարհի ամենաբարձր հարկային բեռերից մեկը։

Ֆրանսիական բյուջեի հսկայական մասն ուղղվում է ուղղակիորեն սոցիալական ոլորտին: Դա անվճար կամ սուբսիդավորվող ծառայությունների ոլորտն է՝ առողջապահություն, կրթություն, հանրային տրանսպորտ։ Դա գործազրկության բարձր նպաստներ, բազմազավակ ընտանիքների աջակցություն և բնակարանային սուբսիդիաներ տրամադրելն է: Եվ վերջապես դա աշխարհում ամենաբարձրերից մեկը հանդիսացող կենսաթոշակներ հատկացնելն է: Եվ այդպիսի երկրում վերջին 10 տարում անընդհատ փողոցային բողոքի ակցիաներ են ընթանում: Առաջինը 2018-2019 թթ.-ի «դեղին բաճկոնների» բողոքն էր, երկրորդը՝ թոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու դեմ բողոքը 2023-ին, և վերջապես մեր օրերի՝ միջնակարգ կրթության ոլորտում ուսումնական գործընթացի առումով բողոքը:

Ու սոցիալական պետության մեջ կատարվող բողոքների ու ջարդարարության համատեքստում խիստ ուսանելի է արմատական ձախերի՝ «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոն վարքագիծը: Կենսաթոշակային բարեփոխումների և պետբյուջեի խնայողության դեմ բողոքի ակցիաների ընթացքում վերջինս որդեգրել էր ընդդեմ իշխանության ծայրահեղ հարձակողական և ակտիվ մարտավարություն: Նույնը կատարվում է այս օրերին՝ փողոցային լայվերով աջակցելով ջարդարարներին: Մինչդեռ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» փորձում է իրեն ներկայացնել որպես օրենքի և կարգուկանոնի կողմնակից՝ քննադատելով փողոցային անկարգությունները: Իսկ երկուսի արանքում գտնվում է Մակրոնի կենտրոնամետ, այսպես կոչված, «նեոլիբերալ» իշխանությունը:
2027 թվականի հերթական նախագահական ընտրություններին պատրաստվում են թե՛ առաջինը և թե՛ երկրորդը: Ժան-Լյուկ Մելանշոնն, ի դեպ, արդեն պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը: Կան նաև այլ թեկնածուներ, սակայն այդ երկուսը սոցհարցումներում զբաղեցնում են առաջին երկու հորիզոնականները: Բայց մի փոքր ճշտումով՝ դրանցում առաջինը Մարին Լը Պենն է: Ով գտնվում է դատական քաշքշուկների մեջ, ինչը տիպիկ նիկոլական բնույթի է՝ «նեոլիբերալ» տարբերակով: Այն է՝ սկզբում արգելված էր, և միայն վերջերս է թույլատրվել մասնակցել ընտրություններին: Երբ 2018-ին Մակրոնը նախագահ ընտրվեց՝ մարդկանց թվում էր, թե վերջինս իր կենտրոնամետ կուսակցությամբ կարող է հավասարակշռել թե՛ ձախ և թե՛ աջ ծայրահեղականներին: Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, դա նրան չհաջողվեց: Նույնիսկ նրա հիմնադրած կուսակցության անվանափոխությունն էր կարծես դա վկայում: 2016-2017 թթ.-ին այն սկզբնավորվել է որպես «Առա՛ջ» անվանում հանրային շարժում: 2017-2022-ին կրում էր «Հանրապետությունն առաջադիմում է» (արդեն որպես կուսակցություն) անվանումը: Իսկ 2022-ից առ այսօր պաշտոնապես կոչվում է «Վերածնունդ» կուսակցություն: Ինչպես երևում է, 2026-2027-ից հետո այն երևի կկրի «Ավարտ» (կամ «Վերջ») անվանումը՝ եթե, բնականաբար, շարունակի գոյություն ունենալ որպես այդպիսին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Պահանջում է Մակրոնի հրաժարականը Mon, 19 Oct 2026 18:00:35 +0400 Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով