Մեծ խաղն ու փոքր վարպետները
Tue, 20 Oct 2026 18:15:38 +0400

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիզելային գործարքը հաշված ժամերի ընթացքում խառնեց բոլորի խաղաքարտերը: Եթե մինչ այդ դեռ հույս կար, որ ԱՄՆ-ն կշարունակի մնալ Ուկրաինայի հարցով ձեւավորված հակառուսական կոալիցիայում, ապա գործարքի կայացումից հետո Ռուսաստանին ծնկի բերելու բոլոր հույսերը, այդ թվում եւ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից մեծ շահույթներ ապահովելու ԵՄ նկրտումները, հօդս ցնդեցին: Դե իսկ Զելենսկուն պատմության աղբանոց նետելու մասին Թրամփի հայտարարությունը փարատեց եվրոպացի լիդերների բոլոր կասկածներն իրենց վարած քաղաքական կուրսի սնանկության վերաբերյալ: Այս ֆոնին առավել քան ծիծաղելի է լսել, թե ինչպես է Զելենսկին կշտամբանքով Եվրոպայից եւս 75 միլիարդ պահանջում՝ Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար: Սպառնում է Բրյուսելին՝ եթե այդ փողը չտաք, ստիպված կլինեք ընդունել 20 միլիոն ուկրաինացի փախստականների: Զելենսկին, սակայն, եվրոպացիների ուշադրության կենտրոնում չէ այլեւս: Եվրոպան, որ արդեն մի քանի հարյուր միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային, դրա դիմաց ստացել է բողոքի ցույցեր եւ ավերածություններ իր քաղաքներում՝ Փարիզից մինչեւ Հռոմ եւ Տիրանա:
Չտեսնել այս ցույցերի եւ ռուս-ամերիկյան գործարքի միջեւ կապը՝ հավասարազոր է հավկուրության: Եվ պատահակա՞ն են, արդյոք, եվրոպական առանձին լիդերների՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները, որ այլեւս չեն կարող սպառազինություն ու փող տրամադրել Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար: Սա նշանակում է նաեւ, որ եվրոպացիների վրա առանձնապես տպավորություն չի գործում Զելենսկու մեկ այլ հայտարարություն, թե այդ 75 միլիարդն անհրաժեշտ է՝ կասեցնելու դեպի Եվրոպա Ռուսաստանի առաջխաղացումը: Կրակների մեջ հայտնված եվրոպական մայրաքաղաքները սկսել են լրջանալ, ինչը, իհարկե, լավ է Եվրասիա մայրցամաքում խաղաղություն հաստատելու համար: Կուզենայի այստեղ հիշատակել Թրամփի եւս մեկ հայտարարություն, որով նա Ֆրանսիայի (ենթադրում եմ՝ նաեւ ԵՄ մյուս երկրների) իշխանություններին կոչ է անում զգուշանալ ներգաղթյալներից եւ ծայրահեղականներից, ոչ թե ուսանողների ու դպրոցականների ելույթներից: Թրամփը գիտի, թե ինչ է ասում, Մակրոնն էլ հասկացավ, թե ինչ ասաց Թրամփը: Վաշինգտոնի այս դիտարկումը պետք է ընդունել որպես հետագա քայլերի ճանապարհային քարտեզ, որպեսզի ուսանողական ցույցերը չվերաճեն ահաբեկչական պատերազմի, որը կարող է կործանարար լինել եվրոպական ցանկացած երկրի համար: Եվ դժվար է գուշակել, թե էլի ինչեր կանեն սեփական իշխանությունների կողմից նաեւ հանուն Ուկրաինայի հարստահարված եվրոպացի հարկատուները, եթե կարճ ժամկետում չհասնեն իրենց ձախողված լիդերներին ասպարեզից հեռացնելու նպատակին: Միով բանիվ՝ դեպքերի զարգացումը հուշում է, որ Եվրոպան հայտնվել է ԱՄՆ քաղաքական հեգեմոնությունն ընդունելու եւ Թրամփի չափավոր ռուսամետության հետ հաշտվելու հրամայականի առջեւ: Օգտվել հակառուսական պատժամիջոցների թուլացումից, վերականգնել սեփական տնտեսությունը՝ ունենալով ԱՄՆ պաշտպանությունը ահաբեկչության դեմ պայքարում, կարծում եմ՝ հենց այս տարբերակը կընտրի հավաքական Եվրոպան:
Իսկ ի՞նչ տեղի կունենա Ուկրաինայի հետ: Ի՞նչ անի վարկաբեկված իշխանություններով, արտագաղթից դատարկված, խարխլված, գրեթե ոչնչացված տնտեսությամբ եւ ահռելի տարածքներ կորցրած մի երկիր, որի անգամ սուվերենությունն է դրված հարցականի տակ: Հավանաբար, նոր կյանքը պետք է սկսել պատերազմի հրձիգ քաղաքական ուժերի իշխանափոխությամբ եւ օտարերկրյա էմիսարների կատարյալ մեկուսացմամբ: Ուկրաինացիների շահը սա է պահանջում: Թրամփը եւ Պուտինն էլ պետք է գիտակցեն, որ Ուկրաինային առաջին հերթին սեփական ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է պետք: Հակառակ պարագայում ոչ մի խաղաղություն էլ չի հաստատվի այդ տարածաշրջանում: Արհեստական ձեւով Զելենսկուն մեկ այլ Զելենսկիով փոխարինելը նույնն է, թե որոշակի փոփոխություն մտցնես հակամարտության տրամաբանության մեջ: Խնդիրը, մինչդեռ, հակամարտության դադարեցումն է եւ բոլոր հարեւանների հետ Ուկրաինայի համաչափ ինտեգրումը: Ուկրաինայի աշխարհագրական դիրքն անգամ դա է հուշում: Եթե Եվրոպայի արեւելյան սահմաններն ավարտվում են Ուրալյան լեռներով, ապա չի կարող Եվրոպայի սրտում գտնվող Ուկրաինան մնալ գզվռտոցի եւ հակամարտության օջախ: Այրել Ուկրաինան՝ նույնն է, թե այրես տանդ կենտրոնական սենյակներից մեկն ու փորձես հաճույք ստանալ: Ուկրաինան չի կարելի կիսել: Դա բոլոր ուկրաինացիների հայրենիքն է՝ լինեն ռուս, ուկրաինացի, հայ, թուրք, լեհ, սերբ, թե այլ ազգության ներկայացուցիչներ: Արեւմտյան եւ Արեւելյան Ուկրաինա չի կարող լինել, իսկ պատերազմի ընթացքում ձեւավորված ստատուս քվոյի ճակատագիրը պետք է որոշվի ժողովրդի քվեն ստացած նոր իշխանության՝ հակամարտության բոլոր կողմերի հետ խելացի եւ պրագմատիկ բանակցությունների արդյունքում: Մենք սրա օրինակը տեսնում ենք Վրաստանում՝ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ընթացքով:
Եվ վերջում գանք մեր ոչխարներին: Ի՞նչ ունենք 44-օրյա պատերազմից հետո: Մեր նշանակությամբ Ուկրաինայի հետ համեմատվել, բնականաբար, չենք կարող, բայց այնպես էլ չէ, որ 44-օրյա պատերազմը պակաս վատ հետեւանքներ է թողել մեր երկրի ու ժողովրդի վրա, քան մեկ տասնամյակից ավելի ձգվող ռուս-ուկրաինականը: Մենք, ինչ է, մեր անկախությունն ու պետականությունը կորցնելու վտանգի առջեւ չե՞նք այսօր: Թե՞ կարծում ենք, որ ԵՄ-ն, չնայած Ուկրաինայում կրած քաղաքական եւ բարոյական պարտությանը, կշարունակի միլիարդներ շռայլել Հայաստանին՝ այն ադրբեջանական նկրտումներից ապահովագրելու համար: Անձամբ ես ուրախ կլինեմ, որ ԵՄ-ն փող չճարի նաեւ Հայաստանի համար, այլապես հակառուսականության մեջ բավականին առաջացած Նիկոլ Փաշինյանը նույնպես կարող է հայտնվել Զելենսկու վիճակում՝ որպես մի անպետք դրածո, որ այլեւս խանգարում է գերտերությունների աշխարհաքաղաքական բանակցություններին: Եվ, իսկապես, անչափ ծիծաղելի է հնչում 2 (մի քանի) աթոռի վրա նստելու՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին պնդումը, երբ ԵՄ-ն, որպես գործոն, այլեւս նախկինը չէ, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ինչու ոչ՝ նաեւ Չինաստանը, Հնդկաստանը եւ անգամ Իրանը, գնում են համագործակցության ճանապարհով: Նշվածներից ո՞ւմ աթոռի վրա նստի Ադրբեջանի առաջ կապիտուլացված Փաշինյանը, որ մյուսները չնեղվեն: Ում աթոռի վրա նստում է, նրա շահերն է սպասարկում: Դա քաղաքականություն չէ, պատեհապաշտություն է, որ չի խրախուսվում գերտերությունների կողմից: Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է Հայաստանում Նիկոլը մնա իշխանության, որ մի բան էլ խանգարի կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը: Թրամփ, Պուտին եւ այլք, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է ասում Փաշինյանը, երբ խոսում է հայկական Արծվաշենն աջուձախ տեղաշարժելու եւ Ադրբեջանին տալու մասին: Իսկ նրա հակաեկեղեցական պայքարի մասի՞ն ինչ կասեք… Փաշինյանը ձեր գործընկերն է, պարոնայք Թրամփ եւ Պուտին, եւ դուք էլ որոշակի պատասխանատվություն ունեք այս հարցերում: Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, արդյոք, Հայաստանում նույնպես ընտրություններ անցկացնելու եւ Փաշինյանի անհասկանալի ռեժիմն աղբանոց ուղարկելու: Ինչո՞վ ենք ուկրաինացիներից պակաս, որ մեզ ստիպում եք հաշտվել ձեր դրածոյի հետ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր