Ադրբեջանում անում են նույնը, ինչ Հայաստանում
Tue, 20 Oct 2026 18:45:00 +0400

Շատերը հրճվում են Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի առիթով, մյուսները հեռուն գնացող հետեւություններ եւ կանխատեսումներ են անում, մենք ընդամենը կփորձենք համեմատություն անել: Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, շատ նման է Հայաստանում տեղի ունեցողին. դրանք ձեւով տարբեր են, բայց բովանդակությամբ եւ հետապնդվող նպատակներով՝ նույնական: 2025 թ․ մայիսից Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ համակարգված արշավ սկսեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, եւ այդ արշավն արդեն տարիուկես շարունակվում է: Դրա նպատակը ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխությունն է կամ, այսպես կոչված, Եկեղեցու բարենորոգումը, այլ հավատացյալների մոտ ազգային եկեղեցու արժեզրկումն է, մարդկանց արժեքային համակարգի ոչնչացումը, որպեսզի մարդկանց գլուխներում առաջանա խառնաշփոթ, մարդիկ չհասկանան, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, սկսեն կասկածել, որ այն, ինչին հավատացել են նախկինում, կեղծ է եւ շինծու, իսկ նոր արժեքներ եւ նոր ճշմարտություններ չկան: Նույն նպատակին է ուղղված նաեւ Ադրբեջանում տեղի ունեցողը, հասարակությունը բաժանել երկու հակամարտող մասի, ազգային եւ ավանդական արժեքներ կրողներին հանել հանուն իշխանության եւ փողի ամեն ինչ ուրանալու եւ մոռանալու պատրաստների դեմ:
Ադրբեջանում սեպտեմբերի 21-ից արգելվեց դպրոցականներին եւ ուսուցիչներին դպրոց հաճախել գլխաշորով. մինչ այդ նրանք ընտրության հնարավորություն ունեին: Ինչո՞ւ Ալիեւը որոշեց արգելել գլխաշորի կրումը, ինչո՞վ էր այն խոչընդոտում իր իշխանությանը, կամ իշխանությանը ի՞նչ՝ ուսուցիչը կամ դպրոցականը դասարան կտնի գլխաշորով, թե առանց դրա: Կարող է թվալ, թե Ալիեւը կառուցում է աշխարհիկ պետություն եւ համարում է, որ կրոնականությունը վտանգում է իր իշխանությունը, եւ փորձելով արգելել գլխաշորի կրումը, պայքարում է կրոնականության կամ կրոնամոլության դեմ՝ դրանով ամրապնդելով իր իշխանության հիմքերը: Բայց գլխաշորի կրումը կրոնամոլության հետ որեւէ կապ չունի, այն ավելի շուտ կապ ունի ավանդույթի հետ, իսլամադավները համարում են, որ հենց Աստված է հորդորել կնոջը գլխաշոր կրել, եւ իրենք հետեւում են այդ հորդորին:
Ադրբեջանում չկա այնպիսի մեկը, որն իր հեղինակությամբ կամ, եթե կուզեք՝ եկեղեցիական հիերարխիայում զբաղեցրած պաշտոնով հավասարվի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որ հնարավոր լիներ նրան մեղադրել կին եւ երեխա ունենալու մեջ: Բայց իսլամում հոգեւորականները կուսակրոնության ուխտ չեն տալիս, իսլամադավանների սրբազան Մուհամեդ մարգարեն մեկ տասնյակից ավելի կին ուներ, որոշ պատմաբաններ նշում են անգամ 21 եւ 23 կնոջ մասին: Ռեժիսոր-սցենարիստներն Ադրբեջանում մարդկանց բաժանելու, թշնամանք հրահրելու եւ իրար դեմ հանելու նոր լուծում են առաջարկել`արգելել գլխաշորի կրումը դպրոցներում: Թշնամանքը հասել է այն աստիճանի, որ դպրոցի մուտքի մոտ գլխաշոր կրողներին ջրում են, որ թրջվեն եւ չկարողանան թաց շորով դպրոց մտնել: Մյուս կողմն էլ մեքենաներ է այրում, փակում դպրոցի մուտքերը, որ եթե մեզ չի կարելի, մյուսների մուտքն էլ պետք է արգելված լինի: Ոստիկանությունն ու մյուս պատժիչ մարմինները հնազանդորեն կատարում են իշխանության հրահանգները՝ կալանավորելով մարդկանց, իրենց հարց չտալով, թե իրենց ինչ գործն է միջամտել մարդկանց հագուկապի հարցերին: Իրենց փող են տալիս հրահանգ կատարելու համար, իրենք էլ կատարում են:
Թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի հետեւում կանգնած են նույն ուժերը`լիբերալ գլոբալիստները, եւ նրանք սրբորեն կատարում են վերադասի հրահանգները՝ դրա մեջ տեսնելով իրենց բռնապետական ռեժիմների պաշտպանության գլխավոր երաշխիքը: Պատահական չէ, որ նրանք իրար հետ այդքան համերաշխ են եւ անթաքույց աջակցում են միմյանց:
Աշխարհում արհեստական ինտելեկտի եւ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ավելի ու ավելի է կարեւորվում մարդկանց անհատականության ոչնչացումը, նրանց ազգային եւ կրոնական արժեքային համակարգի վերացումը: Այդ ուժերին պետք է որեւէ արժեքային կողմնորոշիչ չունեցող մարդկանց զանգված, որը ոչնչով չի տարբերվում ռոբոտից: Ասում են՝ կաթողիկոսը պիղծ է, գլխով են անում, ասում են՝ գլխաշոր մի կրեք, խելոք ենթարկվում են, ոչ թե մարդկային հասարակություն, այլ ոչխարի նախիր: Սրանց պետք է բացարձակ հնազանդություն եւ կամքի իսպառ բացակայություն, իսկ նման բան հնարավոր է միայն մարդային ինքնության վերացման միջոցով: Մի բան, որը փորձում են իրականացնել ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանցիների հետ: Վրաստանում իշխանությունն անհամեմատ ավելի ժողովրդավար է, անհամեմատ ավելի քիչ կոռուպցիա կա, քան Հայաստանում կամ Ադրբեջանում, բայց Վրաստանի իշխանությունն է ամենաշատը ենթարկվում քննադատության, որովհետեւ չի ենթարկվում արտաքին կառավարիչների հրահանգավորմանը:
Այնպես որ, մյուս անգամ, երբ կլսեք, որ Ադրբեջանում հերթական հարձակումն է տեղի ունեցել այդ երկրի քաղաքացիների ազգային կամ կրոնական զգացմունքների վրա, երբ կիմանաք, որ ոստիկանությունը մարդկանց կալանավորում է միայն նրա համար, որ մարդն ուզում է հավատարիմ մնալ եւ հետեւել իր կրոնական կամ ազգային ավանդույթին, պետք չէ դրանից ուրախանալ, առավել եւս՝ հրճվել: Նույն խցում հայտնված բանտարկյալները պետք է իրար նկատմամբ կարեկցանք ու համերաշխություն դրսեւորեն, ոչ թե թշնամանք, ինչը ձեռնտու է բացառապես բերդի ադմինիստրացիային եւ դրա վերադասին: Ալիեւի ու Փաշինյանի միջեւ տարբերությունն այն է, որ մեկն իրավունք ունի իր իշխանությունը պահելու համար հակահայկականություն քարոզել, մյուսը՝ հակառուսականություն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր