Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Գործող իշխանության կողմից խոսքի մակարդակում ինքնիշխանություն պահպանելն արդեն մեծ ձեռքբերում է

Գործող իշխանության կողմից խոսքի մակարդակում ինքնիշխանություն պահպանելն արդեն մեծ ձեռքբերում է

Wed, 21 Oct 2026 22:15:44 +0400


ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ ԱԳՄԱ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը աշխարհացունց հայտարարություն է արել: Վերջինս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության ներկայիս բովանդակությունում ադրբեջանական կողմին մտահոգության տեղիք տվող դրույթներ չկան։ Չէ, դա աշխարհացունց չէ նորության առումով, քանի որ այդպիսի որոշում էր կայացվել ՀՀ ՍԴ-ի կողմից դեռևս 2024 թ.-ի սեպտեմբերի վերջին: Սակայն Բաքվում չընդունեցին ՍԴ-ի իրավական հիմնավորումը, ըստ որի Անկախության հռչակագիրն ունի միայն խորհրդանշական դեր և չի պարունակում ուղղակի տարածքային պահանջներ: Եվ պնդեցին, որ այդ որոշումը չի փարատում իրենց մտահոգությունները։

Վերը նշված քննարկմանը Միրզոյան Արարատը (կամ Արոն) իր հերթին պնդել է, որ հայկական կողմը համաձայն չէ այդ գնահատականին: Եվ տղամարդավարի եզրափակել է, որ կողմերից յուրաքանչյուրը շարունակում է հավատարիմ մնալ սեփական դիրքորոշմանը՝ չընդունելով մյուսի մոտեցումները։ Ինքնիշխանության ինչպիսի՜ դրսևորում՝ կբացականչեր կողքից դիտողը: Միայն թե հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է ամբողջովին փոխվում գործող Սահմանադրությունը: Եվ ինչո՞ւ է նոր սահմանադրության միջից հանվում նախաբանը, որում ամրագրված է Անկախության հռչակագիրը: Չէ՞ որ դա պետության ծննդյան վկայակականն է, իսկ իր վերադասը գերադասում է գործ ունենալ հենց փաստաթղթերի հետ: Ինչպես, օրինակ, Հայաստանի «կադաստրի թուղթը» ձեռք բերելու դեպքում էր:

Դրան, ենթադրաբար, Արոենք (Արոենք, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք հենց իրենց հետ) կարող են պատասխան տալ, թե «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է ամրագրվի նոր սահմանադրության մեջ: Որպեսզի դրանով փաստաթղթային ծնունդ տրվի 4-րդ հանրապետությանը: Բայց, նախ, որքան տեղյակ եմ, ՀՀ ՍԴ-ն չունի որոշում, որ Անկախության հռչակագիրը կարող է հակասության մեջ մտնել այդ գաղափարախոսության հետ: Եվ երկրորդ, «ձևավորվելիք» կամ արդեն «ձևավորված» 4-րդ հանրապետությունը պետք է լինի 3-րդ հանրապետության իրավահաջորդը: Համենայն դեպս, հակառակ պնդում ես չեմ լսել: Եվ այդ երկու դրույթները հաշվի առնելով՝ «իրական Հայաստանի» սահմանադրության մեջ պետք է տեղ գտներ Հռչակագիրը: Համենայն դեպս, այդպես է պահանջում թե՛ տրամաբանությունը և թե՛ ինստիտուցիոնալիզացման գործընթացը, որի ամենամեծ հետևորդը, որքան տեղյակ եմ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է:

Սակայն, ինչպես հայտնի էր վաղուց, Հռչակագիրը չի ներառվելու «իրական Հայաստանի» սահմանադրության տեքստում: Բայց եթե այն, ըստ ՀՀ ՍԴ-ի որոշման, մտահոգության տեղիք տվող դրույթներ չի պարունակում, և միաժամանակ հակասություն չունի վերը նշված պետական գաղափարախոսության հետ, ապա ինչո՞ւ այն չի ներառվում նոր տեքստում: Թե՞ Արոենց տղամարդկությունը բավարարում է զուտ խոսքի մակարդակում համաձայնություն չհայտնելու մեջ: Իսկ իրականության մեջ շարժվելու այն ուղղությամբ, որ պահանջում է ադրբեջանական կողմը: Չնայած եթե խիստ մոտեցում չցուցաբերենք, ապա գործող իշխանության կողմից հենց թեկուզ խոսքի մակարդակում ինքնիշխանություն պահպանելն արդեն մեծ ձեռքբերում է:

Հաշվի առնենք, որ գործող իշխանությունը ձևավորվել է ստի ու կեղծիքի միջավայրում (վկա Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը): Էլ չասած 2018-ի գարնանային իրադարձություններին «դուխով» Նիկոլի բազմաթիվ խոստումների, ասենք, ՀՀ քաղաքացու՝ տուգանքի մատերիալ չլինելու մասին: Եվ նրա վարչապետական գործունեության գլխավոր «ձեռքբերման»՝ Արցախի ու մարդկային կորուստների, Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանության համարյա թե զրոյացման մասին: Եվ մեր ազգային արժանապատվության զրոյացման մասին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Wed, 21 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով