«Հրապարակ»․ Աքորիի դպրոցի տնօրենից են բողոքում
Wed, 21 Oct 2026 10:25:31 +0400

Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի դեմ բունտ է հասունանում։ Մեզ դիմել են քաղաքացիներ՝ պատմելով, որ տնօրեն Կիմիկ Պետրոսյանն օգտագործում է իր ընկերական կապերը՝ պաշտոնը պահելու համար։
«Կրթության տեսչական մարմինը նախորդ տարի խայտառակ խախտումներ է հայտնաբերել, սակայն տնօրենը շարունակում է մնալ պաշտոնին այն պատճառով, որ մարզի վարչության պետը եւ մարզպետի՝ կրթության գծով խորհրդականն իր ընկերներն են, նախկին տնօրեններ են։ Այդ պաշտոնյաներն են՝ Երիցյան Արմինեն եւ Ադամյան Հասմիկը։ Իր հեռացման հարցն օրակարգում է եղել, ինքը մարզպետից ստացել է խիստ նկատողություն, հետո պետք է տային երկրորդ նկատողությունը, դիտավորյալ չեն տվել։ Ինքն իր աշխատակցին նկատողություն է տվել, աշխատակիցը բողոքարկել է եւ դատը հաղթել է, իր աշխատակցի մասով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ այնտեղ էլի պարտվել է։ Դպրոցում 30 րոպեանոց դասեր են արել, բայց տեսչական մարմինն այն ներկայացրել է, որ երբեմն են եղել նման դասապրոցեսներ։ Դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է ահավոր, որ ուսուցչին ինչ ժամ ուզում է` տալիս է, տարբեր դասարանների տարբեր ձեւ է վերաբերվում»,- ասում են գյուղի բնակիչները, որոնց զավակները հաճախում են այս դպրոցը։
Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը պաշտոնին չի մնում ինչ-որ կապերի շնորհիվ, եւ Երիցյան Արմինեն ու Ադամյան Հասմիկն իր ընկերները չեն։ Դիտարկմանը, թե մեզ ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ վերոնշյալ անձանց եւ տնօրենի համատեղ լուսանկարներ ունեն իրենց ձեռքի տակ, Պետրոսյանն արձագանքեց․ «Մեր տարածաշրջանում կարող է 90 տոկոսի հետ լուսանկար ունենամ, բայց դա չի նշանակում, որ մենք ընկերներ ենք, շատ կներեք, հիմա աշխատանքային հարաբերություններ են, եւ հնարավոր է լինեն հանդիպումներ եւ միջոցառումներ, որոնց շրջանակում, թեկուզ սեպտեմբերի 1-ին նոր ընդունվող երեխայի հետ ես նկարվում, ծնողը ցանկություն ունենա, նկարվեմ՝ որպես հուշ»։
Անդրադառնալով մարզպետի կողմից «խիստ նկատողություն» ստանալուն՝ տնօրենը նշեց, որ խիստ նկատողություն ստանալը դեռ չի նշանակում, որ արժանի էր դրան․ «Ցանկացած խախտում շատ հնարավոր է մյուս կողմի համար համարվի օրինաչափ, սակայն բացթողումն այն արարքը չէ, որ բացթողնման համար այդ անձնավորությունն արժանանա խիստ նկատողության։ Սա վիճելի հարց է։ Ես վերացրել եմ տեսչական մարմինների արձանագրած խախտումները»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր