Այն ոստիկանն է, որն ասում է՝ «Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում»
Wed, 21 Oct 2026 15:45:01 +0400

Հասկացանք, որ ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանն ունի մարդ պատժելու բոլոր հնարավորությունները։ Ու տեսնում ենք նաև, թե ում է պատժում։ Դրանք հիմնականում իր քաղաքական հայացքները չկիսողները կամ, այսպես ասած, այլախոհներն են։ Մարդիկ հազարավոր օրինակներ կարող են բերել։ Ստացվում է, որ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն ինքը ստանձնում է միայն պատժողի դերը։ Ութ տարվա ընթացքում մարդիկ տեսել են, թե ում է պատժում, ինչպես է պատժում, ինչպես է ստորացնում։ Տեսել են ու նրա պատժելու ձևերից իրենց մարդ չեն զգացել։ Մարդկային նսեմացման ու ստորացման ամենանողկալի կադրերին ենք ականատես եղել։
Ու հիմա ասում է՝ եթե ձեզ ծեծեն, ճնշեն, ինձ կասեք։
Ակամայից մի անեկդոտ եմ հիշում։ Ոստիկանի դերում ինքն է։
Փողոցում մի մարդու դաժան ծեծում են։ Ընկերը վազում է փողոցի անկյունում կանգնած ոստիկանի մոտ ու ասում.
— Պարո՛ն ոստիկան, շո՛ւտ արեք, օգնե՛ք, ընկերոջս էնտեղ սպանում-ծեծում են։
Ոստիկանը հանգիստ, դանդաղ քայլերով մոտենում է, մի քանի վայրկյան հետևում ծեծկռտուքին, հետո շրջվում ու ասում.
— Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում։
Հիմա Փաշինյանն է։ Երբ օգնության կանչեք, ու ծեծվողը, ճնշվողը լինի ընդդիմադիր, իսկ սովորաբար միշտ այդպես է լինում, ասելու է՝ լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք ինձ օգնության կանչել։
Ու այստեղ հենց այդ պարադոքսն է առաջանում։ Եթե ծեծողն իր իշխանության ներկայացուցիչն է, իսկ ծեծվողը՝ իր քաղաքական հակառակորդը, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Փաշինյանին բողոքելը։ Չէ՞ որ հենց իր իշխանության օրոք են մարդկանց ճնշում։
Սա նույնն է, թե գայլին ոչխարների հոտի պահակ նշանակես, հետո ոչխարներին ասես՝ հանգիստ արածեք, վտանգ լինի՝ ինձ կասեք։ Իսկ եթե գայլը հենց պահակն է, ո՞ւմ ասեն։ Սա Փաշինյանի սիրած այլաբանությամբ եմ բացատրում։
Ահա սա է խնդիրը։ Փաշինյանը մարդկանց առաջարկում է իրեն դիմել՝ որպես պաշտպանություն, բայց իր քաղաքական վարքով ցույց է տվել, որ պաշտպանելու և պատժելու հարցում բոլորին նույն աչքով չի նայում։
Իշխանությունը միայն պատժելու իրավունք ունենալը չէ։ Իշխանությունը նաև պարտավորություն է՝ պաշտպանելու նրանց, ում հետ համաձայն չես։ Հակառակ դեպքում դու ոչ թե պետության ղեկավար ես, այլ մի կողմի պատժիչ, որը մյուս կողմին խորհուրդ է տալիս՝ ծեծվելու դեպքում դիմել իրեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր