Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Wed, 21 Oct 2026 17:15:19 +0400


2018-ին օխլոկրատիկ ընդվզումով ՀՀ վարչապետի պաշտոնը զավթելուց ի վեր Փաշինյանի ամենաբնական համեմատությունը կարող է լինել թումանյանական Գիքորի հետ։ Նրան Գիքոր կոչելն արդարացված է՝ որպես իր անձեռնհաս, թուլամիտ ու անտերունչ պաշտոնավարման բնութագիր (մի սրամիտ մակդիր էլ են կիրառում՝ աշխարհաքաղաքական գիքոր)։ Այդուհանդերձ իրավիճակը, որում հայտնվել է Փաշինյանը, ըստ իս, ավելի հիշեցնում է Պիեռ Ռիշարի հերոսին` «Ձախողակները» կատակերգությունում։ Հարցն այն չէ, որ Փաշինյանը նույնքան ոչ ադեկվատ է, զավեշտալի, տապալումներից աչք չբացող, որքան Ռիշարի մարմնավորած համեստ հաշվապահ Ֆրանսուա Պերրենը «Ձախողակներում»։ Հարցն այն է որ Փաշինյանը ճիշտ Պերրենի իրավիճակում է հայտնվել․ տեսնում է, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային դերակատարներ իրեն աջակցում են, սակայն չգիտի` ինչու։ Պարբերաբար անում է կռահումներ, դրանց ուղղությամբ առաջանալով այնքան, մինչեւ փուչիկը պայթի։

«Ժողովրդավարության բաստիոնի» փուչիկը

2018-ից Փաշինյանն իրեն համոզել է, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն է» (արտահայտության հեղինակ՝ Արարատ Միրզոյան), ինքը` դրա արարիչը, ժողովրդավարության առաջամարտիկ միջազգային չափումներով, հետեւաբար՝ Երկիր մոլորակը (ժողովրդավարական Արեւմուտքը որ՝ հաստատ) պարտական է իրեն եւ պետք է աջակցի։ Սակայն 2020-ի պատերազմը բացահայտեց, որ Փաշինյանը միջազգային չափումներով գրոշի արժեք չունի, ոչ էլ անգամ՝ նվազագույն հեղինակություն։ Որքան պետք է միջազգային ասպարեզում կապեր ու հեղինակություն չունենաս, որ 2020-ի հունիսից սկսած, քո զինվորականները տեղյակ լինեն, նախազգուշացնեն, թե կարող է ռազմական բախում լինել Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի աջակցությամբ, ու ոչինչ չանես այդ բախումը կանխելու կամ գոնե հետեւանքները մեղմելու համար։ Որքան անկարող լինես, որ 2020-ի հուլիսին արդեն ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը հրապարակավ չհերքի, թե Հարավային Կովկասում առաջիկայում կարող են լինել ռազմական գործողություններ, Թուրքիայի այս կամ այն կերպ ներգրավվածություն, եւ դարձյալ ոչինչ չանես՝ նման սցենար կանխելու համար։ Ի վերջո, անվերջ թվով անձանց պարզ դառնա, որ ԱՄՆ-Իրան սրվող հարաբերությունների խորքին հնարավոր է բլից-կրիգ պատերազմ, որի արդյունքում Իրանին սահմանակից Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջանները դուրս գան հայկական վերահսկողությունից, Ադրբեջանի վերահսկողություն էլ իրականում չհաստատվի, այլ փոխարենը այդտեղ տեղակայվեն Իսրայելի ռազմահետախուզական կարողություններ (ինչն էլ վերջնահաշվում տեղի ունեցավ), ու այդքանից հետո էլ ոչինչ չանես՝ պատերազմ կանխելու կամ հետեւանքները մեղմելու համար։
Գիտակցություն եւ բարոյականություն ունեցող ցանկացած անձ այդքան տապալումներից հետո հասարակության տեսադաշտից կկորչեր։ Փաշինյանը պնդաճակատությամբ մնաց` մասամբ որովհետեւ իր մրցակիցն ու այլընտրանքն էլ ընդունելի չէր։ Սակայն 44-օրյա պատերազմով ավարտվեցին իրեն ժողովրդավարության մեսիա երեւակայող Փաշինյանի միրաժները։ Ներքին քաղաքականությունում «ժողովրդավարության բաստիոնին» եկան փոխարինելու մուրճի մանդատը, գոռգոռոցն ու սպառնալիքները։ Արտաքին ասպարեզում՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, որը ստորաբար չդադարեցվեց նույնիսկ այն բանից հետո, երբ արցախահայությունը տեղահանվեց իր 3000-ամյա հայրենիքից։ Սակայն արցախահայության տեղահանությունից հետո պարզ էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն էլ Փաշինյանի համար փրկօղակ չեն` իր աթոռը չեն պահի։ 2024-ի գարնանն արդեն Փաշինյանը մտածեց, թե իր դիրքերը կարող է ամրացնել Եվրամիության անդամակցության ուղղությամբ գործընթաց սկսելով։ Բրյուսելը, բնականաբար, գործընթացը բերեց կարգավորված, կանխատեսելի, բանակցային հուն․ սկսվեցին New Partnership Agenda-ի բանակցությունները։ Շուտով, սակայն, պարզ դարձավ, որ բանակցությունները ձգվում են, չեն կարող ծառայել քարոզչության համար։ Իսկ Բագրատ սրբազանն առանց քաղաքական օրակարգի, լոկ Փաշինյանին հեռացնելու կարգախոսով նույնքան ցուցարար հավաքեց Հանրապետության հրապարակում, որքան Փաշինյանը՝ 2018-ին։

Էջմիածնի դեմ արշավի բումերանգը

Հաջորդիվ Փաշինյանը մտածեց՝ գուցե Հայաստանյայց առաքելական եկեղեցու` աշխարհասփյուռ հայությանը միավորող եւ իրավունքները կենդանի պահող կառույցին պատերազմ հայտարարելով Թուրքիային ծառայություններ մատուցի եւ Անկարայի աջակցությունն ունենա միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարել՝ վերջնահաշվում նշանակում է 20-րդ դարասկզբին Ազգերի լիգայի կողմից ճանաչված եւ Սեւրի դաշնագրով ամրագրված արեւմտահայության իրավունքները խարխլել։ Այդ հայադավ ու հրեշավոր մտահղացման մեջ էլ Փաշինյանն օրինաչափորեն տապալվեց, քանի որ Սեւրի դաշնագրով ամրագրված հայության իրավունքները, որոնց իրագործումը մեկ դար առաջ ռուս-թուրքական տանդեմը վիժեցրեց, այսօր վերածվել են ոչ միայն հայության, այլեւ քրիստոնեության եւ քաղաքակիրթ մարդկության իրավունքների։ Փաշինյանը ճիշտ կվարվի, եթե ծանոթանա անցյալ տարեվերջին, Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով Լեւոն XIV Պապի հովվապետական այցին Թուրքիա, ավելի ճիշտ՝ Բյուզանդական կայսրության՝ ներկայիս Թուրքիայում գտնվող տարածքներ։ Դա Պապի առաջին արտերկրյա այցն էր Հռոմի Սրբազան Քահանայապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր եւ իր խորհրդով, Հունաց եւ Հայոց պատրիարքություններ այցելությամբ, արժեքների մանիֆեստացիայով 2025թ. թերեւս ամենածանրակշիռ միջազգային իրադարձությունը։ Դա Մերձավոր Արեւելքում գեներացվող իրադարձությունների նախերգանք էր։

Այսօր Հայոց եկեղեցու եւ իրավունքների դեմ գործել՝ նշանակում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հետաքրքրություններին դեմ գործել։ Սա բացատրում է, թե ինչու Վաշինգտոնից Փաշինյանին արհամարհեցին․ ՀՀ Անկախության օրվա 35-ամյա հոբելյանի առիթով Սպիտակ տնից շնորհավորեցին սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատրվակով էլ օրերով Նյու Յորքում թրեւ գալով, նա ԱՄՆ վարչակազմից գոնե մեկի հետ չհանդիպեց։ Նյու Յորքում հազիվ Էրդողանին հանդիպեց, որովհետեւ դա է իրեն արժանի մակարդակը։ Ի դեպ, Էրդողանը նույնպես, հակառակ նախապես թմբկահարելուն եւ ստախոսություններին, ԱՄՆ վարչակազմից որեւէ մեկի հետ հանդիպում չունեցավ, ընդամենը Իրանի հարցով մի խորհրդի նիստի մասնակցեց՝ Մերձավոր Արեւելքի այլ երկրների ղեկավարների թվում, որտեղ նիստը նախագահում էր Թրամփը, եւ չի բացառվում՝ հասցրեց մի քանի բառ փոխանակել նրա հետ։ Թե ԱՄՆ-ում Էրդողանին էլ հավասարապես մերժելը որքանով կմխիթարի Փաշինյանին, չգիտեմ, բայց հայոց եկեղեցու եւ իրավունքների դեմ խելագար քայլերը դեռ երկար են բումերանգի պես հարվածելու իրեն։

TRIPP-ը` առանց Փաշինյանի

Նույնկերպ Փաշինյանը սայթաքեց, երբ մտածեց, թե TRIPP-ից կարող է կառչել որպես փրկօղակի։ TRIPP-ը խոր մտածված քայլ է, սակայն կապ չունի Փաշինյանի մոլորությունների հետ։ TRIPP-ն իրականում այն մասին չէ, որ Հայաստանով անցնող ճանապարհներ կառուցվեն, առավել եւս՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապեն։ Կապրենք եւ կտեսնենք, որ TRIPP-ի շրջանակում, հակառակ բոլոր հայտարարություններին, ոչ մի ճանապարհ էլ չի կառուցվի, Ադրբեջանը երբեք Հայաստանի տարածքով (ինչ-որ պահից՝ գուցե Իրանի տարածքով նույնպես) Նախիջեւանի հետ կապ չի հաստատի։ TRIPP-ն այլ տեղաշարժի՝ հարյուրամյա ուշացումով ԱՄՆ վերադարձի եւ Հայաստանում հաստատվելու մասին է՝ ի գիտություն ամենքի, շրջակա բոլոր մայրաքաղաքների։ Իսկ ԱՄՆ հաջորդ քայլերը Հայաստանում հաստատվելու ճանապարհին կարող են լինել Գյումրիի ռուսական ռազմաբազայի փոխարինումն ամերիկյանով եւ Հայաստանից դեպի Միջերկրական ծով (պատմական Կիլիկիա) տրանսպորտային միջանցք բացելը, քան TRIPP-ի կառուցումը։ Ներկա պահին էականն այն է, որ, ի հիասթափություն Փաշինյանի, ԱՄՆ-ի համար ինքն այլեւս նշանակություն չունի։ Վերջին կարեւոր փաստաթուղթը Հայաստանի հետ Վաշինգտոնը ստորագրեց հունիսի 7-ի ընտրություններից առաջ (նախաստորագրվեց «Զվարթնոց» օդանավակայանում` պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կատարած կարճատեւ վայրէջքի ընթացքում, ստորագրվեց մեկ շաբաթ անց)։ Դա արվեց, որպեսզի Սամվել Կարապետյանի հաղթանակի դեպքում էլ իրողությունները հաստատված լինեն, եւ Հայաստանում նոր կազմավորվող իշխանությունն այդ էջից շարունակի։ Վերջնահաշվում՝ միակ աշխարհաքաղաքական դերակատարը, որի համար Փաշինյանը ներկայում նշանակություն ունի, ԵՄ-ն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիան ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի միջով է անցնում

Ֆրանսիան ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի միջով է անցնում Wed, 21 Oct 2026 14:15:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով