Արագ արձագանքման կետ՝ վարչապետին կից
Wed, 21 Oct 2026 18:15:08 +0400

Գերագույն գլխավոր ընտրակեղծարարն իր ֆեյսբուքյան տնամերձում մի տեքստ էր հրապարակել այն մասին, թե ինքը հրապարակավ կպատժի իշխանության այն ներկայացուցչին, որը հանդգնել է սպառնալ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ավագանու ընդդիմադիր թեկնածուներին, բռնաճնշումներ թույլ տվել: Գերագույն գլխավոր ընտրակեղծարարը հավելել է նաեւ, որ դրա համար ավագանու ընդդիմադիր թեկնածուն պետք է նամակ գրի իրեն եւ հիմնավորի իր նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը:
Չասեմ՝ հուզվեցի, բայց կարգին ծիծաղեցի Փաշինյան Նիկոլի այս «ժանդարմական» գրառման վրա: Այդ երբվանի՞ց է վարչապետ Նիկոլը զբաղվում ավագանու ընտրություններում տեղի ունեցող անարդարություններով, շտկում դրանք, սպառնում պատժել իր թիմի անդամներին, եթե նրանք վախի մթնոլորտ տարածեն չորս կողմը: Ինձ համար սա հաճելի նորություն էր, թեեւ, ինչպես ասացի՝ ծիծաղելի: Փաստորեն ես՝ ՏԻՄ ավագանու ընդդիմադիր թեկնածուս, նամակ պիտի գրեմ Նիկոլին, թե մեծարգո վարչապետ, այսինչ խոշորացված համայնքում իմ նկատմամբ կան ճնշումներ, սպառնում են բարեկամիս ազատել աշխատանքից, եթե չհանեմ թեկնածությունս: Այս ամենը հիմնավորելը դժվար չէ, փաստեր՝ ինչքան ուզեք, բայց արդյո՞ք Փաշինյանը կընդունի դրանք ու կպատժի իր ռայոնական ՔՊ-շնիկին, որոնց նախապես հանձնարարել է ամեն գնով ապահովել ՔՊ թեկնածուի հաղթանակը: Ճանաչելով Նիկոլին՝ ես մի լավ ծիծաղեցի նրա այս գրառման վրա:
Պարոն Փաշինյան, եկ՝ մի բան էլ ես առաջարկեմ: Հավաքիր քո բոլոր ՔՊ-ական ընտրակեղծարար դեբոշիրներին եւ հրապարակավ կարգադրիր՝ ՏԻՄ ընտրությունները չկեղծել ոչ մի պարագայում․ ով կընտրվի՝ կընտրվի… Այլապես սպասել, որ ավագանու ընդդիմադիր թեկնածուն քեզ՝ գերագույն գլխավոր ընտրակեղծարարիդ, դիմի իր նկատմամբ բռնաճնշումների հարցով, մեղմ ասած, քաղաքական կապիկություն կլինի: Ե՛վ քո կողմից, պարոն Փաշինյան, ե՛ւ դիմողի: Քո կողմից՝ որովհետեւ ինքդ ես կարգադրել ամեն գնով հաղթել ՏԻՄ ընտրություններում, եւ դիմողի՝ որովհետեւ նա էլ համոզված է, որ «շունը շան թաթ երբեք չի կծում»:
Առաջարկում եմ, սակայն, մի պահ վերանանք մեր իրականությունից եւ մտածենք, որ ՔՊ ռայոնների ընտրա-դեբոշիրները գործում են Նիկոլ Փաշինյանի կամքից ու ցուցումներից անկախ: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանն էլ սպառնում է պատժել նրանց հրապարակայնորեն: Բայց հարց է առաջանում՝ ՔՊ-ի ռայոնական դեբոշիրներն ումի՞ց են սովորել ընտրությունների ցանկալի ելքը բռնաճնշումներով ապահովելու գործը: Արտաշատում, Ծաղկաձորում, Հրազդանում, Մարտունիում, քիչ անց՝ նաեւ այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչու են այդ ընտրությունները տեղի ունենում ԱԺ ընտրություններին հատուկ մթնոլորտում եւ նույն լարվածությամբ: Ի վերջո, դրանք քաղաքական ընտրություններ չեն, եւ դրանցով տվյալ համայնքի ղեկավար է ընտրվելու, որ շարունակելու է զբաղվել համայնքի հոգսերով: Ինչո՞ւ են ՔՊ-ական նախարարները, պատգամավորներն ու մարզպետներն այսպես լծվել ՏԻՄ ընտրապայքարում ՔՊ-ի հաղթանակի գործին: Իրենք պետական լծակներն օգտագործում են, ճնշում, վախեցնում, հետապնդում ընդդիմադիրներին, հետո էլ ՖԲ-ում գրում, թե մեզ նամակ գրեք, մենք կպատժենք: Դե գնա, Սուրեն Պապիկյանին պատժիր, որ սահմանները թողել, մտել է Ստեփանավանի գյուղերը՝ ՔՊ-ի հաղթանակն ապահովելու համար: Պարզ է, չէ՞, թե ինչպես պետք է ապահովի այդ հաղթանակը… Մնում է՝ կարողանա: Բա մարզպետները… Բոլորին ասված է՝ գլուխներդ կթռչեն, եթե ընդդիմությունը հաղթի: Դե, սրանք էլ մարդ են, հո առանց գլուխ չե՞ն մնալու:
Փաշինյանի գրառումից ծնվող հարցերը սրանով չեն ավարտվում: Ընդդիմադիրների վրա, օրինակ, ի՞նչ ազդեցություն ունեն Վարդան Ղուկասյանի, Մամիկոն Ասլանյանի, Վոլոդյա Գրիգորյանի եւ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին հաղթած մյուս գործիչների ճակատագրերը: Պարոն Փաշինյան, ի՞նչ եք առաջարկում. մենք՝ ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածուներս, ո՞ւմ նամակ գրենք այս դեպքերի կապակցությամբ: Եվ կամ՝ խոշորագույն 3 ընդդիմադիր ուժերի ղեկավարներն այսօր անազատության մեջ են զուտ այն պատճառով, որ հաղթեցին ԱԺ ընտրություններում՝ ՔՊ-ից խլելով սահմանադրական մեծամասնությունը: Անհեթեթ քրեական գործերը, որ ամեն առիթով մեջտեղ եք բերում, պարոն Փաշինյան, թվում է՝ վերջ չունեն, եւ այդ պրոցեսը դեռ երկար կշարունակվի, քանի դեռ ինքդ չես համոզվել քո իշխանության անհեթեթ լինելու մեջ: Ուստի ինձ համար անորոշ վիճակ է… Եթե իմ երկրում ընդդիմության առաջնորդներն են այսպես հետապնդվում, ապա ես ո՞վ եմ՝ ավագանու թեկնածու հալովս, որ մի հատ էլ նամակ գրեմ վարչապետին, թե օգնիր, քո մարզպետն ու նախարարն ինձ սպառնում են:
ՀԳ. Էլեկտրոնային փոստարկղդ լայն բացիր, պարոն Փաշինյան, էսա նամակների ու դիմումների հոսք է սկսվելու… Մի հատ էլ կարճ համար տայիր, որ ընդդիմադիրներն արագ կապվեին հետդ ու մի լավ բողոքեին ՔՊ-ի մարզային դեբոշներից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր