Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Արմեդը» խայտառակ վատ վիճակում է` պետք է նոր համակարգ ներդնել

«Հրապարակ»․ «Արմեդը» խայտառակ վատ վիճակում է` պետք է նոր համակարգ ներդնել

Thu, 22 Oct 2026 11:15:30 +0400


«Հրապարակի» զրուցակիցը թերապեւտ, սրտաբան Լամարա Մանուկյանն է:

– Վարչապետը հանդիմանել էր նրանց, ովքեր դժգոհում են, որ անվճար բժշկական ծառայություններից օգտվելու համար ստիպված են մեկ ամիս սպասել հերթում: Մենք էլ ենք պարբերաբար դժգոհություններ ստանում քաղաքացիներից, որ միայն անունն է մնացել անվճար, իսկ առողջապահության համընդհանուր ապահովագրությունն իրականում չի գործում, համավճարներ են կիրառում, պետպատվերի շրջանակներում չեն կարողանում պատշաճ բժշկական ծառայություններ ստանալ: Անգամ 65+ տարիքի մի քաղաքացի էր մեզ դիմել, որն ավտովթարի ժամանակ կոտրել էր ոտքը, սակայն անգամ անվճար հետազոտություն չէին կատարել, ասել էին` գումար չկա:

– Եթե 65+ տարեկան է եղել, ապա նրան պետք է անպայման անվճար սպասարկեին: Ապահովագրության շրջանակներում բոլոր հետազոտությունները, ընդհուպ կոնքազդրային հոդի վիրահատությունը, որտեղ դրվում է իմպլանտ, ԱՀԱ-ի, այսինքն` պետպատվերի շրջանակներում են: Այլ հարց է, եթե պացիենտը հավելյալ հետազոտություններ էլ է ցանկանում: Օրինակ` ունի այլ օրգան-համակարգերի խնդիր, պետք է դրանք եւս հետազոտենք, որպեսզի կարողանանք վիրահատել, կամ, ենթադրենք անհրաժեշտ է այլ տեսակի իմպլանտ եւ այլն: Դա այլ հարց է: Սակայն մինիմալ հետազոտությունները պետք է արվեն անվճար:

– Ո՞ր ծառայություններն են այժմ գործում անվճար:

– Հետազոտական ծառայությունները: Ենթադրենք, անձին շտապօգնության միջոցով տարան բուժհաստատություն, պետք է պարտադիր ռենտգեն անեն, հետազոտեն, եւ անպայման հարկավոր է բժշկի խորհրդատվություն: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է 65+ պացիենտին անվճար չհետազոտել: Կարծում եմ, որ մեր բնակչությունը մի փոքր իրավիճակը ուռճացնում է:

– Իսկ մինչեւ 65 տարեկաններին ո՞ր ծառայություններն են մատուցվում անվճար:

– Օրինակ, եթե քաղաքացին, որը 65 տարեկանից փոքր է, իր բնակարանում ընկել է, ինչի արդյունքում խնդիրներ են առաջացել, ապա բոլոր ծառայությունները վճարովի են: Եթե մարդն ուղղակի ցանկանում է հետազոտվել, եւ 65+ տարեկան է, դիմում է պոլիկլինիկա, ասում է, օրինակ՝ ունեմ զարկերակային ճնշում կամ երիկամային խնդիր, նաեւ՝ շաքարային դիաբետ: Տվյալ անձին հարկավոր է երեք մասնագետ` էնդոկրինոլոգ, սրտաբան եւ երիկամաբան: Եթե պոլիկլինիկան ունի տվյալ մասնագետները, ապա անպայման պետք է կատարել զննում, եթե ոչ, ապա պետք է ուղեգիր տրամադրել այլ բժշկական հաստատություն:

– Իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ մեկ ամիս սպասեն:

– Որովհետեւ դիմողները շատ են, ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ, բժիշկները չեն հասցնում: Պետք է ընտանեկան բժիշկների քանակը շատացնել, որպեսզի բժիշկների ծանրաբեռնվածությունը մի փոքր գոնե պակասեցվի: Բժիշկների վրա ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է:

– «Արմեդ» համակարգից դժգոհություները չեն դադարում: Ինչո՞ւ է համակարգն այդքան վատ աշխատում:

– «Արմեդը» խայտառակ վատ վիճակում է: Հենց այսօր ինձ ընտանեկան բժիշկ էր պատմում, որ համակարգում դեղը գրված է, իսկ դոզաները` ոչ: Այսինքն` մարդն այդ դեպքում ո՞նց դեղ դուրս գրի: Այդ համակարգը խայտառակ վիճակում է, այն ոչ թե պետք է վերազինել կամ վերանայել, այլ պետք է լրիվ այլ համակարգ գրվի: Կան տարբեր տեղեկատվական համակարգեր պատրաստող ծառայություններ, պետք է նոր, արագ համակարգ ստեղծել: Այդ վատ աշխատանքի պատճառով բժիշկն ահռելի ժամանակ է վատնում: Առանց այդ էլ խորհրդատվությունը 15-20 րոպե է: Բժիշկներն անգամ չեն հասցնում հիվանդի երեսին նայել, բուժառուները դժգոհում են, որ բժիշկները չեն զրուցում իրենց հետ, քանի որ համակարգը դանդաղ է աշխատում, իսկ մասնագետը դրանով է ստիպված զբաղվում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի Thu, 22 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով