Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Sat, 24 Oct 2026 14:15:52 +0400


Ռուսաստանին քլնգելը Ազատ Արշակյանի հիմնական հոբբին է։ Գազի գնի շուրջ խոսակցությունները նոր լիցք են հաղորդել այդ զբաղմունքին։ Թեման գտել է, հիմա էլ ռուսական գազի հնարավոր թանկացման դեմ է հոխորտում։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանին սպառնում էր․ «Գազի գինը բարձրացնեն՝ խողովակի գույքահարկը 20%-ով ավելի կթանկացնենք»։ Հայաստանում գույքահարկի շեշտակի աճը, փաստորեն, նրան այնքան է ոգևորել, որ որոշել է այդ փորձը Ռուսաստանի վրա էլ տարածել։

Բայց վերջին հայտարարությունը գլուխգործոց է․ «15 րոպե ժամանակ կտանք ՌԴ-ին՝ հավաքիր խողովակներդ»։
Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանը գազը թանկացնում է, իսկ Հայաստանը նրան ընդամենը 15 րոպե է տալիս՝ հավաքվելու ու հեռանալու։ Ո՛չ երկար բանակցություններ, ո՛չ ավելորդ խոսակցություններ։ Տասնհինգ րոպե՝ ու վերջ։ Այսպես են աշխարհաքաղաքական հարցեր լուծում, երբ հաշվարկների ու պատասխանատվության փոխարեն հոխորտանքն է։ Ես հասկանում եմ, որ 15 րոպե ժամանակ տալը ուղղակի հռետորաբություն է, բայց մի՞թե նման հարցերը դատարկ հռետորաբանությամբ են լուծում։

Արշակյանի պատկերացմամբ՝ եթե Ռուսաստանը կտրուկ բարձրացնի գազի գինը, հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմն իր միջոցներով ապամոնտաժի ենթակառուցվածքներն ու դուրս բերի դրանք երկրից։
Սա ինքնիշխանության մասին հերթական պաթետիկ հայտարարությունն է՝ փաշինյանական ոճով։ Միայն թե ինքնիշխանությունը բարձրագոչ խոսքերով չի չափվում։ Այն նաև սեփական երկրի կենսական շահերը պաշտպանելու, հնարավոր հետևանքները հաշվարկելու և դրանց համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։
Հայաստանի գազամատակարարման համակարգը հնարավոր չէ մեկ հայտարարությամբ փոխել, առավել ևս՝ 15 րոպեում։ Գազային ենթակառուցվածքների սեփականության, կառավարման և շահագործման հարցերը կարգավորվում են պայմանագրերով ու իրավական պարտավորություններով։ Դրանք անտեսելով՝ վերջնագիր ներկայացնելն ու միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներ հավաքել պահանջելը իրատեսական ծրագիր չէ։
Իսկ եթե ռուսական կողմը, այնուամենայնիվ, հեռանա՞։ Հայաստանի գազամատակարարումը լուրջ խափանումների վտանգի առաջ կհայտնվի։ Կվտանգվեն ջերմաէլեկտրակայանների աշխատանքը, արդյունաբերությունը, գազալցակայանների գործունեությունն ու ջեռուցումը։ Հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև մարդկանց առօրյա կյանքի ու տնտեսության համար։

Իսկ Իրանից գազ ստանալու այլընտրանքը միայն հայտարարելով չի ստեղծվում։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնիկական հնարավորություններ, պայմանավորվածություններ ու հստակ հաշվարկներ։ Այս ամենը 15 րոպեի ընթացքում լուծվող հարցեր չեն։

Արշակյանի հակառուսական դիրքորոշումը նոր չէ։ Խորհրդային տարիներին նա հակախորհրդային գործունեության համար դատապարտվել է և շուրջ տասը տարի անցկացրել բանտերում ու քաղաքական կալանավայրերում։ 1987 թվականին ազատ է արձակվել Գորբաչովի վերակառուցման ժամանակաշրջանում։ Նրա անցյալը կարող է բացատրել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արմատները, բայց ինքնին չի արդարացնում այսօր հնչող ցանկացած հայտարարություն։

Մարդն իրավունք ունի քննադատելու Ռուսաստանին և պահանջելու Հայաստանի էներգետիկ անկախություն։ Բայց այդ անկախության ճանապարհը պետք է ցույց տալ հաշվարկներով ու իրատեսական ծրագրերով, ոչ թե սեփական հակառուսական տրամադրությունները մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթելով։

Եվ ահա այստեղ է խնդիրը։ Արշակյանը Ռուսաստանին 15 րոպե է տալիս, բայց չի ասում՝ այդ 15 րոպեից հետո ի՞նչ է լինելու։ Եթե գազամատակարարումը խափանվի, եթե թանկանան էներգակիրները, եթե տուժեն արտադրությունն ու բնակչությունը, այդ ամենի հետևանքները կրելու է ոչ թե Ռուսաստանին վերջնագիր ներկայացնողը, այլ շարքային քաղաքացին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին Fri, 23 Oct 2026 18:45:05 +0400 ԱԺ արտաքին հարաբերությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով