Թույլ չենք տա հայ ընտանիքը ներկայացնել որպես բռնության մոդել
Wed, 28 Oct 2026 12:00:46 +0400

Ազգային ժողովում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ ընտանեկան բռնության առանձին դեպքերը չեն կարող հիմք հանդիսանալ հայ ընտանիքը որպես բռնության մշակույթ կրող մոդել ներկայացնելու համար։
Պատգամավորի խոսքով՝ բռնությունը, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, տարբեր հասարակություններում հանդիպող դատապարտելի երևույթ է, սակայն դա չի նշանակում, որ հայ ընտանիքի մոդելն ինքնին հիմնված է բռնության վրա։ Գրիգորյանը շեշտեց, որ ընտանեկան բռնությունը համակարգային երևույթ չէ։
«Թույլ չենք տալու, որպեսզի մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել, թույլ չենք տալու, որ այդ առանձին դեպքերը ներկայացվեն որպես հայ ընտանիքի մոդել։ Այդպես չէ»,- ընդգծեց նա։
Միաժամանակ Աննա Գրիգորյանը կանանց կոչ արեց չլռել իրենց նկատմամբ իրականացվող բռնության մասին և չհանդուրժել այն։ Նրա խոսքով՝ խնդիրը գաղտնի պահելը կարող է հանգեցնել նրան, որ շրջապատը չիմանա տեղի ունեցողի մասին և անտարբեր մնա։
Պատգամավորը նաև ընդգծեց երեխաների պաշտպանության կարևորությունը՝ նշելով, որ նույնիսկ հանուն երեխաների ընտանիքում բռնությունը հանդուրժելու փոխարեն անհրաժեշտ է ապահովել նրանց անվտանգությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր