Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Thu, 29 Oct 2026 21:45:48 +0400

Կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ քայլ է կատարել՝ ԱԺ նախագահի պաշտոնում Ալենին Ռուբինյան Ռուբենով փոխարինելով: Որովհետև, ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, վերջինս ինքնահաստատվում է ոչ թե մարդու վրա թքելով, այլ դպրոցի տնօրենի վարքագծով: Իսկ անհրաժեշտության դեպքում, ինչը հաճախակի է ծագում, մանիպուլյացիային դիմելով: Կարծում եմ, որ այդ առումով մանիպուլյացիայի վարպետ Նիկոլը լավագույն հետնորդի է գտել: Ինքն, իհարկե, կցանկանար, որ դա իր զավակը լիներ, բայց վերջինս չարդարացրեց հոր հույսերը: Ինչ արած, այդպես էլ է պատահում կյանքում:
Նախորդ պարբերությունը գրվել է մեկ-երկու օր առաջ, հետո կանգ եմ առել: Չէ, պատճառն այն չէր, որ մտածել եմ, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի ինքը չէր այդ օրվա հակահերոսը ու սպասում էի նման իրադարձության: Կարծում եմ, որ այսօրվա ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը հենց այդ իրադարձությունն էր: Եվ որ ԱԺ նախագահի բազկաթոռը զբաղեցնողը հենց իրադարձության հիմնական հակահերոսն էր, քանի որ չխոչընդոտեց այն՝ դիտելով ու մեկ-մեկ, ենթադրաբար, համախոհներին ոգևորելով: Ու այդ դեպքում էական չէ, թե ՔՊ-ականներից ով ինչ արեց. առաջին երկուսը (Ն. Գրիգորյան և Տ. Չախոյանը) սադրեցին, մյուսը երկուսը (Վ. Ալեքսանյան և Ա. Հովհաննիսյան) աչքի ընկան առարկաներ նետելու առումով՝ մեկն աթոռ, մյուսը՝ շիշ: Չնայած շիշ շպրտելը կարելի էր և չհիշատակել, քանի որ այն արդեն սովորական բան է դարձել մեր ԱԺ-ում:
Վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյանն էլ, դատապարտելով բռնությունը, աջակցեց իր երդվյալ կողմնակիցներին: Բայց եթե որևէ մեկը ընդհանրապես դեմ է բռնությանը, ապա չէր կարող աջակցել դրա մի կողմին: Հատկապես որ բռնությունը սկսվեց ՔՊ-ականների սադրանքից: Ինչ մնում է, իր ասած, ընդդիմադիրների՝ լկտիանալու իրավունք չունենալուն, ապա ես հիշեցի նրա ընդդիմադիր ելույթները խորհրդարանում: Բայց չզարմացա, որ այն օրերին լկտիանալու մաստեր-կլաս ցուցաբերած Փաշինյանը, վարչապետ կարգվելով, խոսում է դրա դեմ: Մարդ քիչ է մնում կրկին հիշի Զևսի և եզան վերաբերյալ հին հունական ասացվածքը, սակայն ողջ խնդիրն այն է, որ ինքը հեռու է Զևս լինելուց այնքան, որքան խոզը տուռնիկից:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ծեծկռտուք հրահրելու մեջ մեղադրեց իշխանությանը՝ որպես դրա պատճառ ներկայացնելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ նախորդ օրվա որոշումը: Կարծում եմ, որ պատճառն, աւյնուամենայնիվ, դա չէր: Քանի որ Նիկոլը գիտակից հանրության ուշադրությունը TRIPP-ի թեմայից շեղել չի կարող, իսկ մնացածները դրա կարիքը չունեն: Այն շատ ավելի ընդհանուր է՝ պայմանավորված մի քանի գործոններով: Նախ այն, որ Նիկոլն ընդդիմությանը փորձում է ցույց տալ նրա տեղը, որպեսզի այն չկնկօրինակի Փաշինյանի ընդդիմադիր վարքագիծը: Ինչը հենց արտահայտվեց լկտիանալու վեաբերյալ մտքով: Երկրորդ, ինքը չի կարող թույլատրել, որպեսզի խորհրդարանը նորմալ գործի, քանի որ իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամը նրանից նման բան չի պահանջել: Երրորդ, հասարակության տարբաժանելն ու միմյանց նկատմամբ ատելություն սերմանելը չի դադարել լինել իշխանության ներքին քաղաքականության էությունը: Չորրորդ, իրեն քվե տված՝ կիսագրագետ բիոզանգվածի ցանկությունը խորհրդարանում հենց նման տեսարաններ դիտելն է:
Ի դեպ, բացարձակ ցանկություն չունեմ սխալ հանելու ընդդիմադիր պատգամավորին, ուղղակի թշնամու դեմ հաջող պայքար մղելու համար պետք է ճիշտ հասկանալ նրա գործողությունների հիմքում ընկած դրդապատճառները: Իսկ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գործող իշխանությունը վաղուց դարձել է հայոց պետականության գլխավոր թշնամին: Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր հպարտանալ պարտությամբ՝ պարտությունը որպես հաղթանակ դիտարկելով: Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր Արցախը ներկայացնել որպես թոկ հայոց պետականության վզին: Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր բանավոր և գաղտնի պայմանավորվել թշնամու հետ հայաստանյան տարածքները հանձնելու առումով: Եվ միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր միջանցք հանձնել թշնամուն՝ այն փաթեթավորելով ամերիկյան անվանումով: Իսկ ամերիկյան կողմը նույնիսկ չցանկացավ այդ պայմանագրում լինել որպես երրորդ կողմ՝ հանդես գալով վկայի դերում: Եվ միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր քվե մուրալ բնակչությունից՝ նրան սարսափի մեջ պահելով մուտալուտ պատերազմի հեռանկարով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր