Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Սկզբում` ընդդիմությանը, հետո` հասարակությանը

Սկզբում` ընդդիմությանը, հետո` հասարակությանը

Wed, 04 Nov 2026 18:15:16 +0400


Շատերը չեն ցանկանում ընդունել կամ չեն գիտակցում, թե ինչու է Ադրբեջանը պահանջում Հայաստանի սահմանադրության փոփոխություն՝ դա համարելով ընդամենը քմահաճույք, հերթական նախապայման՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար: Յուրաքանչյուր հաղթող երկիր իր հաղթանակն ամրագրում է պարտված երկրի սահմանադրությունը փոխելու պահանջով, հաղթող երկրի պահանջով պարտված երկրի հիմնական օրենքի փոփոխությունը հաղթանակի վերջնական ամրագրում է, պարտվածի հպատակեցման արձանագրում: Այդպես են վարվել բազմաթիվ հաղթանակած երկրներ` երկրորդ համաշխարհայինում պարտված Գերմանիային եւ Ճապոնիային հաղթողները պարտադրեցին ընդունել օրենքներ եւ հրաժարվել միջուկային զենք, մեծաքանակ բանակ ունենալուց, սահմանափակեցին սպառազինությունը, արգելվեց ազգայնականության, նացիզմի եւ ֆաշիզմի քարոզչությունը: Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է փոխել սահմանադրությունը` այնտեղից հեռացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակը, ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու, վերացնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումները:

Ադրբեջանը տեսնում է, որ անգամ Արցախը հայաթափելուց եւ Հայաստանի տարածքի որոշ մասը զավթելուց հետո հայ հասարակությունը դիմադրում է, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը չի կարծում, որ Հայաստանը պարտվել է Ադրբեջանին, կամ եթե անգամ ընդունում է պարտության փաստը, կարծում է, որ դա ոչ թե Հայաստանի պարտությունն էր, այլ գործող ռեժիմինը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակազմը Հայաստանը տարան նախապես պլանավորված պարտության: Փաշինյանը՝ ինքը, եւս խոստովանում է, որ իրեն այդ պարտությունը ոգեշնչում է, ինքն Արցախը հռչակել է Հայաստանի վզին կապած պարան` թոկ, որով իբր ուզում էին խեղդել Հայաստանին, եւ հանձնելով Արցախն Ադրբեջանին՝ ինքն ազատել է Հայաստանը այդ խեղդող պարանից:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւս պարզ ցույց տվեցին, որ Հայաստանը չի ցանկանում հպատակվել Ադրբեջանին: Այդ ընտրություններում Փաշինյանը եւ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» պարտության եւ ադրբեջանական հպատակության ընդունման խորհրդանիշներն էին, նրանք քարոզում էին եւ այժմ էլ շարունակում են քարոզել ադրբեջանական հպատակեցումն ընդունելու թեզը: Խաղաղությանը տեր կանգնելու կարգախոսը ոչ այլ ինչ էր, քան ադրբեջանական պահանջներն ընդունելու, ադրբեջանական հպատակությունը ճանաչելու միջոցով խաղաղության գնալու խոստում: Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով անգամ ՔՊ-ն չստացավ բացարձակ մեծամասնություն, թեեւ բոլորի համար պարզ էր, որ ՔՊ-ի իրական վարկանիշը վարչական ռեսուրսով եւ իրական ընտրողներով 35 տոկոսը չի գերազանցում: Մնացած 15 տոկոսը կեղծիք էր՝ կրկնաքվեարկությունների եւ այլ ընտրական զեղծարարությունների միջոցով: Բայց նույնիսկ պաշտոնական արդյունքներով, ընդդիմությունը` ոչ թե ՔՊ-ն, ստացել էր 50 տոկոսից ավելի քվե: Ստացվում է, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը դեմ է ադրբեջանական հպատակության ճանաչմանը: Դրա համար քվեարկությունից մեկ օր հետո Ալիեւը Հայաստան ուղարկեց Հիքմեթ Հաջիեւին, որը Փաշինյանից բացատրություն էր պահանջում, թե ինչպես կարող էր նման արդյունք արձանագրվել, ինչպես հասկանալ Հայաստանի եւ հայ հասարակության նման հանդգնությունը: Փաշինյանը խոստացել է ուղղել սխալը, եւ ուղղելու միակ ձեւը սահմանադրական հանրաքվե անցկացնելն է, եւ եթե հայ հասարակությունը քվեարկի այդ փոփոխությունների օգտին, կստացվի, որ հասարակությունը եւս ընդունում է ադրբեջանական հպատակեցումը: Ամեն ինչ պարզից էլ պարզ է:

Բայց մինչեւ հասարակությանը հպատակեցնելը, Փաշինյանին պետք է հպատակեցնել ընդդիմությանը: Փաշինյանի բոլոր սպառնալիքները` սկզբում՝ համոզելու, հետո արդեն պարտադրելու ընդդիմությանը՝ կողմ քվեարկելու սահմանադրության ադրբեջանական տարբերակին, ընդդիմությանը հնազանդեցնելու, ադրբեջանական հպատակությունն ընդունելու փորձեր են: Եվ այստեղ մի քանի պատգամավոր գողանալը կամ մի քանի պատգամավորի կաշառելը չի աշխատում, որովհետեւ դա ընդդիմության հպատակեցում չէ: Հպատակեցումը պետք է լինի համընդհանուր` առանց բացառության կամ առնվազն չնչին բացառություններով: Նույնիսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելու առաջարկ-շանտաժն է ադրբեջանական պահանջ, որովհետեւ եթե գործող ընդդիմությանը հնարավոր չլինի հպատակեցնել, ապա պետք է ձեւավորվի նոր, արդեն իսկ հպատակեցված ընդդիմություն, որն ի սկզբանե կհայտարարի, որ ընդունում է ադրբեջանական պահանջները, կողմ է հպատակությանը` ադրբեջանական սահմանադրությանը:

Այդպիսիք, անշուշտ, կան, եւ դրա առաջամարտիկն Արամ Սարգսյանն է, որն իր եղբոր հիշատակի պղծումը կապիտալացնում է գրեթե մեկ տասնամյակ, իրեն կուլակաթափ չեն անում, ապօրինի գույքի վերադարձի շրջանակներում չեն ունեզրկում` միայն այն բանի համար, որ նա զբաղվի Վազգեն Սարգսյանի հիշատակի եւ ժառանգության պղծմամբ: Յուրաքանչյուրը վաճառում է այն, ինչ ունի. մեկը՝ իր խելքը, մյուսը` հմտությունները, ֆիզիկական աշխատանքը, երրորդը` պատիվն ու արժանապատվությունը, նա էլ` իր եղբոր հիշատակը, ինչը նույնպես ադրբեջանահպատակեցման գաղափարախոսության շրջանակներում է: Հպատակված երկիրը կամ հասարակությունը չի կարող հերոս ունենալ, դա նույնն է, որ ժամանակակից Գերմանիայում Հիտլերը հերոսացվի:

Սահմանադրությունն անպետք ու ոչինչ չասող թղթի կտոր չէ, Սահմանադրության ընդունումը երկիրը եւ քաղաքացիներին հպատակեցնելու միջոց է, ՔՊ-ն եւ ՔՊ ընտրողներն արդեն ընդունել են այդ հպատակությունը, հիմա պայքարը գնում է ընդդիմությանը եւ նրան աջակցած հասարակությանը հպատակեցում պարտադրելու համար: Փաշինյանն անընդհատ նոր փորձեր է անում ու տապալվում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով Wed, 04 Nov 2026 12:39:48 +0400 Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով